Հայաստանում կորոնավիրուսի թեստերի արտադրության մասին. «Մեր նպատակն է ամբողջ ներքին պահանջարկը բավարարել»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը

Պարոն Առաքելյանկառավարությունը 550000 դոլար է հատկացրել Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին՝ COVID-19-ի թեստեր արտադրելու համար։ Ինչո՞վ են յուրահատուկ լինելու հայկական արտադրության թեստերը: Ի՞նչն է այս փուլում կարեւորը:

-Մեր թեստերը ոչ մի բանով յուրահատուկ չեն, նույն թեստերն են, որոնք այս պահին հիվանդությունների կանխարգելման կենտրոնը իրականացնում է թեստավորումը: 

Քանի որ սա ախտորոշիչ խնդիր է, այն չի կարող այդպես տարբերվի այն թեստերից, որոնք տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից առաջարկվում են կորոնավիրուսի թեստավորման համար: 

Այդ պրոցեսում ամենակարևոր պրոդուկտը, որ պահանջվում է, մարդկային ներուժն է, որը մենք ունենք և կարող ենք այդ արտադրությունը կազմակերպել:

-Իսկ ի՞նչ արժե  մեկ թեստը:

-Այս հարցերին այս պահին չեմ ուզում պատասխանել, որովհետև դա դեռ ընթացքի մեջ է, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Իհարկե, փորձելու ենք ավելի մատչելի անել, քան այն, ինչ այս պահին ներկրվում է:

-Իսկ նոր թեստերը թքի՞ միջոցով են արվելու, թե արյան:

-Սա ռապիդ թեստ չի լինելու, սա հենց լաբորատոր թեստավորման համար է: 

– Որքան ժամանակ կպահանձվի թեստավորման արդյունքներն ստանալու համար և ինչ ծավալների արտադրություն կարող ենք ունենալ:

-Թեստավորման առումով խոսքը մի քանի ժամվա մասին է, իսկ ծավալների առումով կսկսենք մեր հնարավորություններով, հետո կտեսնենք, թե որքան է պահանջարկը: Մեր նպատակն է ամբողջ ներքին պահանջարկը բավարարել: 

-Իսկ հնարավոր համարո՞ւմ եք, որ անգամ դրսից պատվերներ լինեն թեստերի: 

-Դեռևս նման որևէ քննարկում չենք ունեցել, այս պահին օրակարգում ներքին պահանջարկն ապահովելու մասին է:

-Իսկ ե՞րբ է սկսվելու թողարկումը, երբ մենք կունենանք նոր թեստերը:

-Դա այս պահին չեմ կարող ասել: Հենց հիմա  այդ բոլոր հարցերը քննարկում ենք կառավարության հետ, և դեռ որոշակիություն չկա: 

– Այս օրերին ձեր ինստիտուտը շա՞տ զանգեր է ստանում, նոր նախաձեռնության մասով հետաքրքրությունը մե՞ծ է:

-Ուրիշների մասին բան չեմ կարող ասել, բայց կոնկրետ իմ հեռախոսը շատ ծանրաբեռնված է, իսկ ես այդ ընթացքում աշխատում էի և շատ զանգերի չեմ հասցրել պատասխանել, որի համար բոլորից  ներողություն եմ խնդրում: 

Մանե Հարությունյան

MediaLab.am