«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը
– Տիկի՛ն Հովհաննիսյան, վերջին օրերին պետական ապարատում տեղի ունեցած պաշտոնանկությունների ֆոնին հնչեցին տարբեր կարծիքներ, մասնավորապես, որ վարչապետը հնարավոր է տեղյակ չէ, թե որ ոլորտում ի՛նչ է կատարվում, որ նախարարները նրան սխալ են զեկուցել, ինչպես դա արվում էր ՀՀԿ-ի ժամանակ։ Համակարծի՞ք եք, որ իշխանության ղեկավարը, չեմ ուզում կենտրոնանանք կոնկրետ անձի վրա, ընդհանրապես, ամբողջությամբ չի տիրապետում տիրող իրավիճակին։
– Մշտապես այդ սցենարը եղել է, որ վերևում կանգնած մարդը տեղյակ չէ, իրեն սխալ են զեկուցում, մեղավորը նրա ենթականերն են, իրենք են տապալում օրակարգը, սա պատասխանատվությունից խուսափելու շատ ընդունված ու ճկուն ձև է։ Սա մշտապես է եղել իշխանությունների զինանոցում որպես պայքարի ու պատասխանատվությունն իրենց վրայից գցելու միջոց, սա նաև իրենց մաքրելու ու իրենց գործունեության բացերը քողարկելու միջոց է։
Սա արդարացված չէ ու երբեք էլ չի եղել, որովհետև կառավարության ղեկավարն այն անձն է, որն ինքնին պետք է տիրապետի ամբողջական տեղեկատվությանը, ու դա միայն կառավարության անդամները չէ, որ փոխանցում են, այդ տեղեկատվությունը հրապարակվում է տարբեր տեղերում, տարբեր լրատվական հոսքերում, և այդ ամենը տեղեկատվական այս դարաշրջանում երբեք քողարկված չի մնում։
Այդ սցենարը մենք մշտապես լսել ենք, նույնիսկ 2020-ի պատերազմի ժամանակ, որ վարչապետը չգիտեր բանակի իրական վիճակը, որ զինվորականները քաշեցին, այսինչը սխալ տեղեկություն տվեց: Բայց մենք գործ ունենք իշխանության այն ղեկավարի հետ, որը տարիներ շարունակ եղել է Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր, ունեցել է նաև լրագրողական անցյալ, որն իրեն հնարավորություն է տվել Հայաստանի տարբեր ինստիտուտների վերաբերյալ ունենալ ամբողջական տեղեկատվություն, մշակել այդ տեղեկատվությունը, հասանելիություն ունենալ պաշտոնական տարբեր փաստաթղթերի, այսինքն՝ նա օդից եկած անձ չէ ի սկզբանե և առավելևս՝ վեց տարի հետո, որ չկարողանա տեղեկատվություն ստանալ, ու այն իրեն կիսատ հասցնեն կամ քողարկեն իրենից։
– Մարդիկ, որ այս կարծիքն արտահայտում են, ըստ ձեզ, դա անում են իշխանության ղեկավարին պաշտպանելու համա՞ր, թե՞ իսկապես համոզված են, որ անհնար է այդ ամբողջ տեղեկատվությանը տիրապետել։
– Այստեղ խոսքը միջգերատեսչական կամ ներգերատեսչական մանրամասների մասին չէ, այլ՝ օրակարգերի։ Փաշինյանը խոսում էր հենց այդ տեսանկյունից, որ օրակարգեր են տապալվել, ու իրեն սխալ են զեկուցել, մեկ-երկու փոքր հարցի մասին չէ խոսքը։ Մենք խոսում ենք օրակարգերից, բարեփոխումներից, որոնք չեն իրագործվել, իսկ դրանց չիրագործումը ոչ թե մեկ-երկու անձի խնդիր է, այլ՝ ամբողջ կառավարության։ Իսկ այս կառավարության աշխատանքը ոչ արդյունավետ է եղել այս տարիներին՝ հաշվի առնելով տրված բոլոր բարեփոխումների խոստումները։
– Այս պաշտոնանկությունները այդ խնդիրը վերացնելո՞ւ են։
– Շատ դժվար հարց է, եթե վեց տարվա ընթացքում չի լուծվել, մեկ տարվա ընթացքում ինչպե՞ս պետք է լուծվի։ Նորից եմ ասում, որ դա անձի խնդիր չէ, որը նստած է այդտեղ, դա համակարգային խնդիր է, իսկ համակարգային փոփոխությունները պետք է բխեն արժեքահենք համակարգից։ Արդյոք մենք ունե՞նք այդ արժեքներին համապատասխան գործելաոճ, իսկապե՞ս ուզում ենք այդ փոփոխությունները։ Ես այլ պատկեր եմ տեսնում։
– Տիկի՛ն Հովհաննիսյան, այսինքն՝ եթե կան օրակարգերի ձախողումներ, ապա պետք է կառավարության ղեկավա՞րը փոխվի։
– Կառավարության աշխատելաոճը պետք է փոխել․ նախ՝ ինչո՞ւ են մարդիկ թերի զեկուցում, ուրեմն վախենում են, դրանից բխում է այլ բան։ Խնդիրները պետք է քննարկել, այդ քննարկումներն անել ավելի լայն մասնագիտական կազմով, այսինքն՝ աշխատելաոճի խնդիր է, ոչ թե մեկ նախարարին մեկ փոխնախարարով փոխելու խնդիր։ Եթե այդ փոխնախարարն անելիք ունենար, այդ պաշտոնում էլ կաներ անելիքը։ Ես տրամաբանությունը չեմ տեսնում։
Այս իշխանությունը տեղափոխությունն էլ բարեփոխում է դիտարկում, բայց այդ տեղափոխություններից արդյունք չի լինում, տեսել ենք դա: Էլի եմ ասում՝ անձանց խնդիրն ամենավերջինն է, այո՛, պաշտոնյան պետք է կարողություն ունենա, բայց նրանք պետք է տեսնեն իրենց քաղաքական տեսլականը՝ դեպի ուր են ուզում տանել այս կամ այն համակարգը։ Արժեքահենք փոփոխությունների միտում պետք է լինի, հակառակ դեպքում ինչքան ուզում ես անձերին փոխիր, միևնույն է, արդյունք չես ապահովի։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















