«Ասում են՝ Մասիսի հիվանդանոցի բժիշկները լավ մասնագետներ են, բայց նրանց արարքն աններելի է». քրեական գործ` հիվանդի մահվան դեպքով

«Ասում են՝ Մասիսի հիվանդանոցի բժիշկները լավ մասնագետներ են, բայց նրանց արարքն աններելի է». քրեական գործ` հիվանդի մահվան դեպքով
«Ասում են՝ Մասիսի հիվանդանոցի բժիշկները լավ մասնագետներ են, բայց նրանց արարքն աններելի է». քրեական գործ` հիվանդի մահվան դեպքով

Այս տարվա ապրիլի 2-ին Մասիսի բժշկական կենտրոնում գրանցված 27-ամյա Ցոլակ Մկրտչյանի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել: 

Դատաբժշկական փորձաքննությունից հետո քրգործը հարուցվել է ՀՀ քր. քր.-ի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ «բժշկակական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ»:

Գործով տուժող է ճանաչվել Ցոլակ Մկրտչյանը, տուժողի իրավահաջորդ՝ նրա եղբայրը՝ Վիրաբ Մկրտչյանը:

«Վարույթ իրականացնող նախաքննական մարմինը նշանակել է ևս մեկ փորձաքննություն՝ համալիր դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն»,- «Մեդիալաբին» ասաց տուժող կողմի ներկայացուցիչ փաստաբան Ինեսա Պետրոսյանը:

Ցոլակ Մկրտչյանն այս տարվա ապրիլի 2-ին Մասիսի բժշկական կենտրոն էր դիմել որովայնի շրջանում ցավերի պատճառով:

Փաստաբան Ինեսա Պետրոսյանի խոսքով՝ երիտասարդի հարազատները պնդում են, որ Ցոլակն ալերգիա է ունեցել դեղորայքի նկատմամբ ու այդ մասին տեղեկացրել է հիվանդանոցում:

«Հարազատներն ասում են, որ նույնիսկ ասկոֆենից վրան լրիվ դուրս էր տալիս: Նա հիվանդանոց է գնացել, որ ասի` որովայնի շրջանում ցավեր ունի, բայց ալերգիկ է, դեղ չի կարողանում օգտագործել, ի՞նչ անի: Ընտանիքի անդամները պնդում են, որ նույնիսկ հիվանդանոց գնալուց առաջ ասել է՝ ալերգիան էս ինչ վատ բան է, բա չկարողանայի՞ մի կոճակ դեղ խմել»,- «Մեդիալաբին» պատմեց փաստաբանը:

Առաջին դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել է, որ մահը վրա է հասել անաֆիլակտիկ շոկի հետևանքով, որն առաջացել է բուժհիմնարկում ներարկված «Բարալգետաքս» դեղորայքի պատճառով:

«Հիմա նշանակել են կրկնակի փորձաքննություն, որ պարզեն՝ դեղորայքի նշանակումը ճի՞շտ է եղել, թե՞ ոչ, ի՞նչ միջոցառումներ էին հնարավոր հետագայում ձեռնարկել: Սկզբում խոսակցություն էր գնում, որ հնարավոր է՝ սրտամկանի ինֆարկտ է եղել, դա հերքվեց, պարզվեց, որ Ցոլակ Մկրտչյանը լրիվ առողջ է եղել, օրգանիզմում որևէ խնդիր չի ունեցել, և մահը վրա է հասել հենց անաֆիլակտիկ շոկի հետևանքով, որը դեղորայքից է եղել: Որովայնի շրջանում ցավեր է ունեցել, բայց որևէ լուրջ խնդիր չի եղել»,- «Մեդիալաբին» ասում է Պետրոսյանը:

Մասիս քաղաքի բնակիչ Ցոլակ Մկրտչյանի եղբայրը՝ Վիրաբ Մկրտչյանը, վերհիշելով եղբոր հետ կատարվածը, ասում է, որ Մասիսի բժիշկների արարքն աններելի է: Հիվանդանոցում Ցոլակի մահից հետո նրա գրպանից, ըստ Վիրաբի, բժիշկները հանել են գումարը:

 «Դա ի՞նչ արարք է, մահացած մարդու փողերը գրպանից դատարկում են: Հիվանդանոցում մենք ասացինք, որ 70 հազար դրամ գումար կար գրպանը, ո՞ւր է: Սկզբում ասացին, որ տեղյակ չեն գումարից, հետո զանգեցին մեր հարազատներից մեկին, կանչեցին՝ թե եկեք, գումարը տարեք»,- պատմեց Վիրաբը:

Եղբայրն ասում է, որ Ցոլակն առողջական խնդիրներ չի ունեցել, պարզապես դեղորայքային ալերգիա է ունեցել:

«Ապրիլի 2-ի երեկոյան որովայնի ցավերով ծնողներիս հետ գնացել է հիվանդանոց: Ասել են՝ ոչ մի խնդիր չկա, աղիքներն են, ուղղակի նորմալ չի սնվել, դա է պրոբլեմը: Գիշերը ցավերը նորից սկսվում են, մենակ է գնում հիվանդանոց: Երկու անգամ էլ նույն բժիշկն է եղել` վիրաբուժական բաժանմունքի վարիչ Գևորգ Գրիգորյանը: Առաջին այցի ժամանակ ինքը թույլ չի տվել, որ ծնողներս մտնեն սենյակ, անգամ մերոնք չեն էլ իմացել, որ ինքը սրսկում է եղբորս: Վերջում էլ կոպիտ ձևով ծնողներիս ասել է՝ խնդրում եմ, մի´ անհանգստացրեք, թողեք հետազոտենք: Հետո բժիշկը դուրս է գալիս սենյակից ու ասում՝ սրսկեցինք: Հարցնում են՝ բայց ի՞նչ սրսկեցիք, ինքն ալերգիա ունի, ասում է՝ շատ ազդեցություն թողնող դեղ չի, ուղղակի աղիքները կբացվեն: Հետո սրսկելուց հետո եղբայրս իրեն լավ է զգացել, բերել են տուն»,- պատմում է Ցոլակի եղբայրը:

Նույն օրը գիշերը՝ ժամը 03:45-ին, Ցոլակը դարձյալ ցավեր է ունեցել, կնոջն ասել է, որ գնում է հիվանդանոց՝ տեղյակ լինելով, որ նույն բժիշկն է հերթապահում:

«Մեր տնից հիվանդանոց 2-3 րոպե է: Նրա գնալուց 5 րոպե հետո կինը զանգահարել է, չի պատասխանել: Անընդհատ զանգահարել է, չի պատասխանել, հետո եղբորս կինն իր եղբորն է զանգել, ով 04:30-ի սահմաններում հասել է հիվանդանոց ու արդեն տեսել է, որ եղբայրս մահացած է»,- պատմեց Վիրաբը:

Ցոլակ Մկրտչյանի մահից հետո բժիշկ Գևորգ Գրիգորյանն առանց բացատրություն տալու փակվել է իր սենյակում, հետո էլ փախել է հիվանդանոցից: «Գնացել են հարազատներս, դուռը բացել են, տեսել են` եղբայրը մահացած սեղանի վրա»,- պատմում է Վիրաբ Մկրտչյանը:

Նա նշում է, որ իրենք անելու են ամեն ինչ՝ հասնելու արդարության: «Մեղավորները պետք է պատժվեն: Ասում են՝ Մասիսի հիվանդանոցի բժիշկները լավ մասնագետներ են, բայց նրանց արարքն աններելի է»,- ասում է Վիրաբ Մկրտչյանը:

Ցոլակ Մկրտչյանը երկու մանկահասակ երեխա ունի՝ 2 և 6 տարեկան: Եղբայրն ասում է, որ միասին էին աշխատում. «Ես ու եղբայրս նույն գործն էինք անում՝ երեսպատող ենք»:

Նշենք, որ ավելի վաղ Մասիսի բժշկական կենտրոնի ղեկավար Անատոլի Գրիգորյանը Panorama.am-ին ասել էր, որ բժիշկը նախքան ներարկում կատարելը հարցրել է՝ հիվանդը ալերգիա ունի՞, և բացասական պատասխան ստանալուց հետո է միայն ներարկել: Այնինչ Ցոլակ Մկրտչյանի հարազատները պնդում են, որ նա բժշկին մի քանի անգամ զգուշացրել է ալերգիայի մասին:

Լուսանկարը` Shamshyan.com

© Medialab.am