«Հայաստանի նախագահի այցը Սաուդյան Արաբիա կարող է կոտրել երկու երկրների միջև սառույցը». փորձագետ

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի այցը Սաուդյան Արաբիա որակվեց պատմական: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Հայաստանի նորանկախ պատմության մեջ Հայաստանից որևէ պաշտոնյա երբևէ այց չի կատարել այդ երկիր՝ Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում: «Հայաստանի նախագահը կատարեց պատմական քայլ՝ առաջին անգամ այցելելով արաբական և իսլամական աշխարհում բացառիկ դեր և նշանակություն ունեցող այդ պետություն»,- նշել են ՀՀ նախագահի նստավայրից:

Արմեն Սարգսյանին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի օդանավակայանում դիմավորել են պետական ամենաբարձր մակարդակով՝ ի դեմս Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի պետնախարար Ադել ալ Ջուբեյրի (Adel al-Jubeir), իսկ պաշտոնական արարողակարգի համաձայն՝ օդանավակայանում բարձրացվել է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը:

Այսօր արդեն ՀՀ նախագահը այցելել է «Ապագա ներդրումային նախաձեռնություն» (Future investment initiative) 5-րդ համաժողով, որտեղ Արմեն Սարգսյանը և Սաուդյան Արաբիայի թագաժառանգը զրուցել են երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտության և դրանց ապագայի շուրջ:

Արևելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, Սաուդյան Արաբիայի հարցերով փորձագետ Արաքս Փաշայանը ևս փաստում է՝ ՀՀ նախագահը առաջին պաշտոնյան է, որ այցելում է Սաուդյան Արաբիա: «Շատ կարևոր, բայց ոչ պաշտոնական այց է։ ՀՀ նախագահը Հայաստանի Հանրապետության առաջին պետական բարձրաստիճան պաշտոնյան է, որը երբևէ այցելում է Սաուդյան Արաբիայի Թագավորություն», – «Մեդիալաբի» հետ զրույցում նշում է նա։ 

Տարբեր գնահատականների համաձայն՝ Սաուդյան Արաբիան Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել՝ տարբեր պատճառներից ելնելով, այդ թվում` արցախյան հիմնախնդրի պատճառով: Փորձագետից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է հիմա փոխվել, արդյո՞ք պատերազմի հետևանք է սա: «Դեռ շատ բան հայտնի չէ, բայց թերևս կան աշխարհաքաղաքական ավելի նպաստավոր պայմաններ, այդ թվում` Թագավորության սառը և լարված հարաբերությունները Թուրքիայի հետ։ Կարևոր են նաև անձնական կապերը, Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքականության կերպափոխումները և այլն։ Վերջին տարիներին Սաուդյան Արաբիայից դրական ազդակներ եղել են»,- ի պատասխան նկատում է Արաքս Փաշայանը։ 

Այդուհանդերձ, ՀՀ նախագահի այցը, ըստ փորձագետի, կարող է կոտրել երկու երկրների միջև երբևէ առաջացած սառույցը: 

«Կարծում եմ՝ այցը, թեև ոչ պաշտոնական, ի վերջո կարող է կոտրել սառույցը` երկու երկրների միջև հաստատելով դիվանագիտական հարաբերություններ։ Ասվածի ապացույցն են նաև ՀՀ նախագահի հանդիպումը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բին Սալմանի հետ և զրույցը երկու պետությունների միջև միջպետական հարաբերություններ հաստատելու անհրաժեշտության մասին։ Թագավորության հետ միջպետական հարաբերությունների հաստատումը մեծ առավելություններ կտա Հայաստանի Հանրապետությանը մերձավորարևելյան տարածաշրջանում և դրանից այն կողմ»,- ընդգծում է Արաքս Փաշայանը։

MediaLab.am