Հայկական Կարմիր խաչի ընկերությունը կանխիկ աջակցություն է տրամադրում տեղահանված անձանց

Մարտի 2-ից՝ Հայկական կարմիր խաչի ընկերության աջակցությամբ, մեկնարկում է 2020թ. Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով տեղահանված կամ բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիների աջակցության ծրագրի վճարման գործընթացի առաջին փուլը։ Սահմանված գումարը (20 000-ական և 40 000-ական ՀՀ դրամ) քաղաքացիներին կտրամադրվի հունվար և փետրվար ամիսների համար: 

Այդ մասին հայտնում են Կարմիր խաչից։

Ընդհանուր առմամբ կանխիկ դրամական աջակցություն կստանա 8491        տեղահանված անձ, որից 3631-ը՝ 1-ին փուլում (Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի ֆինանսական աջակցությամբ): 

2-րդ փուլը կմեկնարկի օրերի ընթացում՝ ներառելով մնացած 4860 անձին (Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ֆինանսական աջակցությամբ): 

Բոլոր քաղաքացիները տրամադրված աջակցության վերաբերյալ կծանուցվեն SMS հաղորդագրության միջոցով:  

Դրամական աջակցության թիրախային խմբերը հետևյալն են. 

  • Անչափահասները, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցողները՝ ամսական 40.000 դրամ,
  • այլ քաղաքացիներ՝ անկախ տարիքից և սեռից՝ ամսական 20.000 դրամ։

 Աջակցության ընդհանուր գումարը կկազմի 466,000,000 ՀՀ դրամ: 

 ———————————————————————————————————————

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ),  լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է  Շարժման հիմնարար սկզբունքներով` Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն, Համընդհանրություն։ Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց՝ մարդասիրական ոլորտում, ՀԿԽԸ-ն արդեն 101 տարի է գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ – առողջապահություն, առաջին օգնություն, Որոնում, երիտասարդական, մարդասիրական արժեքների տարածում և այլն: