Խրտվիլակ ու չեբուրաշկա, վիրավորանքներ ու ամոթանքներ. Ինչո՞ւ է իշխանական վերնախավը սուսերներով հարձակվում պայքարող Փոստանջյանի վրա

Խրտվիլակ ու չեբուրաշկա, վիրավորանքներ ու ամոթանքներ.  Ինչո՞ւ է իշխանական վերնախավը սուսերներով հարձակվում պայքարող Փոստանջյանի վրա
Խրտվիլակ ու չեբուրաշկա, վիրավորանքներ ու ամոթանքներ. Ինչո՞ւ է իշխանական վերնախավը սուսերներով հարձակվում պայքարող Փոստանջյանի վրա

Դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեին նախորդող ժամանակահատվածում և դրանից հետո ամեն անգամ, երբ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը սուր, քննադատական, իշխանափոխության անհրաժեշտության մասին ելույթներ էր հնչեցնում, նրա խոսքերը սովորաբար ընդմիջում էին խորհրդարանի նախագահի և փոխնախագահի կողմից կնոջը անհարիր պահվածք դրսևորելու մասին ամոթանքներով և խոսափողը անջատելով։

Դեկտեմբերի 7-ին, օրինակ, երբ Փոստանջյանը խոսում էր «ապօրինի իշխանությունների» մասին ու պնդում, որ «նախագահի ընտանիքը գրպանում է արագաչափերի տուգանքների գումարը», նաև պատմեց, որ հանրաքվեի օրը այրել է նախագահի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և Սահմանադրական դատարանի նախագահների խրտվիլակները, Գալուստ Սահակյանը մի քանի անգամ անջատեց խոսափողը և նրան խրտվիլակ ու չեբուրաշկա անվանեց, ասաց նաև՝ «այնքան է իրեն սպառել, որ նրա վիրավորանքից ոչ մեկը չի վիրավորվի»։  

Նման միջադեպերը խորհրդարանում հատկապես վերջին մի քանի ամիսներին նորություն չեն։ Փոստանջյանի՝ իշխանության ներկայացուցիչների համար անհաճո ելույթներին արձագանքող տղամարդ գործընկերները հիմնականում շեշտը դնում են նրա վրա, որ երեխաներ ու հատկապես աղջիկ երեխաներ ունեցող կինը իրեն այդպես չպետք է պահի։

«Գրեթե մոտեցել եք տխրահռչակ, համաշխարհային համբավ ունեցող սկանդալային այնպիսի ձեռնարկումներին, ինչպիսին է FEMEN խումբը, որը հայտնի է իր ակցիաներով, երբ տարբեր մասսայական միջավայրերում տարբեր բաներ է բացում։ Ինտելեկտ ունեք, երեխեք ունեք, գնացիք Ձեր տան դիմացը, թե եսիմ որտեղ այրեցիք ինչ-որ բաներ»,- այսպես նախատեց հանրապետական նախարար Արմեն Աշոտյանը Փոստանջյանին նույն դեկտեմբերի 7-ի ելույթից հետո:

Թեև Հայաստանում կանայք կազմում են բնակչության կեսից ավելին, և նրանց 75 տոկոսն էլ ունի բարձրագույն կրթություն, սակայն քաղաքական բարձր պաշտոններում նրանք շատ քիչ են ներկայացված: 

Ներկայումս Հայաստանում 3 կին նախարար, 131 հոգանոց Ազգային ժողովում՝ 13 կին պատգամավոր կա (արդարադատության նախարար Արփինե Հովհանիսյանի տեղը զբաղեցրեց տղամարդ՝ ըստ նախընտրական ցուցակի հերթականության ընդգրկված Կարեն Բեքարյանը): Իսկ մարզպետ կամ քաղաքապետ կանայք առհասարակ չկան։

Համաձայն Ընտրական օրենսգրքի՝ կուսակցությունների նախընտրական ցուցակներում կանանց թիվը պետք է կազմի առնվազն 20 տոկոսը։ Ամենաշատ կին պատգամավորներ ունի իշխող Հանրապետական խմբակցությունը՝ 8 պատգամավոր։ Ուշագրավ է, որ կին պատգամավորներից մեկին՝ Մարինե Մարաբյանին, ով բացակայել է Ազգային ժողովի նիստերի մոտ 66 տոկոսից, անգամ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը միանգամից չի հիշում:

Սակայն ի տարբերություն ԱԺ-ում ներկայացված կանանց պասիվությանը, իր ակտիվությամբ և սուր ելույթներով առանձնանացող Զարուհի Փոստանջյանն էլ իշխանական պատգամավորների սրտով չէ, ինչը վերջիններս փորձում են ամեն անգամ արտահայտել ամոթանքների եւ վիրավորանքների տեսքով՝ հիշեցնելով նրա կին լինելն ու համեստության կոչեր հնչեցնելով:  

Նմանօրինակ մի դեպք էլ տեղի ունեցավ դեկտեմբերի 15-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ, երբ Զարուհի Փոստանջյանի ելույթից հետո նրան նախատելու գործին լծվեց հանրապետական Հովհաննես Սահակյանը՝ խոսքն ուղղելով Փոստանջյանին «կառավարող դրսի ուժերին»:

«Եվ հորդորս դրսի այն ուժերին, ովքեր կառավարում են տիկին Փոստանջյանին. հայ կին է, այնուամենայնիվ, մի փոքր խնամքով վերաբերվեք, որովհետև դարեր շարունակ մենք հայ կնոջ հանդեպ ունեցել ենք մեկ այլ վերաբերմունք»,-իր ելույթում ասաց Սահակյանը:

Հանրապետական խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը կարծում է, որ Փոստանջյանը ինքն է շահարկում իր կին լինելու հանգամանքը և վիրավորանքների առիթ տալիս։

«Պիտի անպայման ասեմ, որ կին լինելը ոչ մեկին, այդ թվում՝ պատգամավորին իրավունք չի տալիս չափը անցնել նաև Ազգային ժողովում։ Իմ դիտարկմամբ՝ տիկին Փոստանջյանը ինքն է շահարկում իր կին լինելու հանգամանքը, մի քիչ օգտվում է առիթից, և երևի պատճառներից մեկն էլ հենց դա է, որ տղամարդիկ իրեն սաստում են և հիշեցնում են, ինքը կին է, մայր է և այլն»,- «Մեդիալաբին» ասում է ՀՀԿ-ական պատգամավորը։

Մինչդեռ կանանց խնդիրներով զբաղվող փորձագետները անընդունելի են համարում քաղաքական գործչի կին կամ մայր լինելու մասին այս հիշեցումները՝ շեշտելով, որ Փոստանջյանի գործունեությունը պետք է դիտարկվի զուտ որպես պատգամավորի և ոչ թե նրա սեռային պատկանելության տեսանկյունից։ Փորձագետները կարծում են, որ իգական սեռի թիրախավորումը նույնիսկ կարող է ավելի խորացնել հասարակությունում առկա կարծրատիպերը կնոջ դերի մասին։

Քաղաքացիական ակտիվիստ, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամ Զարուհի Հովհաննիսյանը շատ հատկանշական է համարում այս արտահայտությունները հայաստանյան հասարակության համար։

«Մեր հասարակությունը հայրիշխանական է, ու կինը համարվում է տղամարդու սեփականությունը՝ առանց ինքնուրույն գործողության հնարավորություն: Օրինակ, երբ տղամարդու մասին խոսում են, երբևէ չես լսի, որ ասեն՝ «բա էս մարդու կինն ի՞նչ ա մտածում նրա վարքի մասին», բայց կանաց վերաբերյալ դա սովորական արտահայտություն է՝ «բա էս աղջկա հերը գիտի՞», «բա մարդը ո՞նց ա թողնում, որ կինը սենց իրան պահի»։ Նախ կնոջ ցանկացած ինքնուրույն գործողություն ու վարք անխնա քննադատվում է, միևնույն ժամանակ հղում կատարելով նրան այդ պահին «տեղր կանգնող» տղամարդուն: Եթե ամուսնացած չէ, հորը կամ եղբորը, եթե ամուսնացած է՝ ամուսնուն: Դա տիպիկ հայրիշխանական պատկերացման արդյունք է, որտեղ պակերացումը հիերարխիկ է, ոչ հավասար»,- ասում է Հովհաննիսյանը։

Գենդերային խնդիրները հետազոտող Ռուզաննա Ծատուրյանը շեշտում է, որ քաղաքականության մեջ ակտիվ կանայք ընկալվում են բացառապես իգականության համատեքստում։

«Անգամ այն կանայք, ովքեր քաղաքական գործունեություն են իրականացնում, որոշումների ընդունման են մասնակցում, իրենք իրենց էլ են առաջին հերթին դիրքավորում որպես կին, ոչ թե որպես քաղաքական գործիչ, ով իր իրավաստեղծ գործունեության մեջ, ըստ էության, պետք է որ սեռ չունենա»,- շեշտում է նա։

Հետազոտողը ասում է՝ այս համատեքստում շատ բնական է, որ որևէ կնոջ լռեցնելու, սաստելու դեպքում ամենաազդեցիկը նրա՝ որպես մոր, կնոջ կերպարի խորտակումն է, այդ կերպարը բացասական ներկայացնելը։

Հետազոտողը նկատում է, որ օրենսդրական, փաստաթղթային մակարդակում Հայաստանում ամեն ինչ կարգին է՝ կա գենդերային քաղաքականության հայեցակարգ, կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների և իրավունքների մասին օրենքներ, ենթաօրենսդրական ակտեր, ռազմավարություններ, տարեկան ծրագրեր և այլն։

«Բայց ես չեմ տեսնում որևէ ուղղորդվածություն և ջատագովություն, որ քաղաքականություն մշակողները և իրականացնողները իրապես հավատում այս փաստաթղթերին։ Ես չեմ զգում այն համոզմունքը, որ պետական պաշտոնյաները և քաղաքական գործիչները վստահ են, որ այո՛, մեր երկրի համար շատ կարևոր կլինի կանանց համար ևս սահմանել հավասար մեկնարկային հնարավորություններ։ Ես մարդկանց հետ քննարկումներում չեմ զգում, որ մարդիկ առհասարակ տեղեկացված են, որ կանայք որոշակի առումներով խտրական վերաբերմունքի են արժանանում մեր երկրում»,- ասում է Ծատուրյանը։

Նա շատ մտահոգիչ է համարում նաև այն, որ կանանց խնդիրները չեն բարձրաձայնվում իշխող Հանրապետական խմբակցության կին պատգամավորների կողմից։ Ծատուրյանի խոսքով՝ ՀՀԿ-ական կանայք ամբողջովին կիսում են իշխանության դիսկուրսը և երբևէ չեն թիրախավորում կանանց իրավահավասարության օրակարգը։

«Փոխարենը նրանք անընդհատ խոսում են հայ ընտանիքի ամրության, սրբության, բացառիկության մասին՝ ընդհանրապես մոլորեցնելով մարդկանց և թույլ չտալով բաց հասարակական քննարկումներ, որ այո՛, միգուցե մեր ընտանիքներում էլ այսօր խնդիրներ կան։ Մեր ընտանիքները այսօր շատ լուրջ տրանսֆորմացիաների են ենթարկվել, բայց մենք անընդհատ չենք ուզում խոսել այս մասին»,-«Մեդիալաբին» ասում է նա։

Իշխող Հանրապետական խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը չի կիսում այս տեսակետը և քննադատությունը անհիմն է համարում։

«Մարդուն միշտ թվում է, որ որտեղ ինքը չկա, ուրիշներն են, ավելի պակաս են աշխատում, քան եթե ինքը լիներ։ Սա նորմալ է, բնական է, բայց ես՝ որպես ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ուզում եմ հակառակը փաստել, որ գոնե մեր հանձնաժողովի մակարդակով, որտեղ և նախագահը և փոխնախագահը կին են, շատ ակտիվ ենք աշխատել կանանց հիմնախնդիրների շուրջ, հանդիպումներ, քննարկումներ ենք ունեցել, միշտ ուշադրության կենտրոնում ենք պահել այս խնդիրները։ Բայց մյուս կողմից էլ այնպես չի, որ եթե դու կին ես ու պատգամավոր ես, ուրեմն բոլոր գործերդ թողած պիտի զբաղվես միայն կանանց խնդիրներով, դա պիտի լինի քո աշխատանքի բաղադրիչներից մեկը, մենք փորձում ենք դա անել հավասարակշռված»,- ասում է Եսայանը։

Եսայանը փաստում է, որ շատ կանայք Հայաստանում իսկապես խուսափում են ընտանիքից դուրս այլ գործունեություն ծավալել, բայց նաև մատնացույց է անում ակտիվ կանանց թվի աճը տարբեր ոլորտներում։

«Կա կանանց մի շերտ, որը չի համարձակվում այլ գործունեություն ծավալել՝ մտածելով, որ ընտանիքը դրանից կտուժի, բայց մեր կանայք քիչ-քիչ այդ մտահոգությունը թոթափում են և ավելի ակտիվ են դառնում։ Ես ուրախությամբ եմ նկատում, որ շատ հասարակական կազմակերպությունների ղեկավարներ կանայք են, որ հանրահավաքների, քաղաքացիական նախաձեռնությունների անդամների մեջ երիտասարդ աղջիկները ավելի շատ են»,-«Մեդիալաբին» ասում է Եսայանը։  

Սակայն, քաղաքացիական ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանը կարծում է, որ կանանց կայացմանը խանգարում է նաև նրանց միջև սոլիդարության պակասը, ինչի հետևանքով նրանք ավելի խոցելի են դառնում։

«Այդ անպաշտպան վիճակը տղամարդիկ օգտագործում են: Նախ տղամարդիկ թաքնվում են կանաց հետևում, օլիգարխները իրենց ունեցվածքն են գրում իրենց կանաց վրա ու ասում, թե իրենք ոչինչ չունեն, քաղաքական գործիչները կանանց ուղարկում առաջին գիծ՝ իրենց համար ճանապարհ հարթելու՝ նրանց դարձնելով ավելի խոցելի ու անպաշտպան»։

«Եվ դա պատահական չէ, կանայք պայքարում են հիմնականում տղամարդկանց համար: Օրինակ, Զարուհի Փոստանջյանը անընդհատ ճանապարհ է հարթում Րաֆֆի Հովհաննիսյանի համար, երբևէ չի փորձել իր շուրջ թիմ ձևավորել, կանաց խնդիրների մասին բարձրաձայնել ու կանանց աջակցությունն ու սոլիդարությունը ստանալ: Նաև այդ պատճառով կանայք խոցելի են մեր հասարակությունում, քանի որ երբևէ չեն փորձում տղամարդկանց դիսկուրսից դուրս գալ և հասարակության անդամների ուղիղ կեսի՝ կանաց հուզող խնդիրները բարձրացնել: Միակ տարբերակը փոխել հանրային ընկալումը, նախ տեր և հպատակ կարծրատիպային մտածողությունից ազատվելն է, ապա կանաց սոլիդարության միջոցով պատրիարխալ դիսկուրսը փոխելը»,- ասում է Հովհաննիսյանը։

Նաիրա Գեւորգյան

Նկարազարդումը՝ Վահե Ներսեսյանի

© Medialab.am