«Իրականության մեջ Ադրբեջանը գնում է ռազմականացման ճանապարհով, իսկ մենք որդեգրել ենք ջայլամի քաղաքականություն». Տաթևիկ Հայրապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը 

– Տիկի՛ն Հայրապետյան, հայկական կողմն ադրբեջանական կողմից ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ նոր առաջարկներ, ու հիմա դրանք քննարկման փուլում են, ինչպես ասաց ՀՀ արտգործնախարարը Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Արարատ Միրզոյանը նաև ասաց, որ «որոշ հարցերում մեզ մոտեցնել հնարավոր է եղել, բայց հայկական կողմն ունի իր սկզբունքային հարցերը այս գործընթացում, և այդ հարցերի մասին, կարծում եմ, հրապարակավ բազմիցս խոսել ենք»։ Ըստ ձեզ՝ ո՞ր հարցերում են կողմերը մոտեցրել իրենց դիրքորոշումները։

– Եթե հաշվի առնենք, որ ՀՀ արտգործնախարարն առաջին անգամ Բրյուսելում խոսեց Հայաստանի առաջ քաշած դրույթների կամ քննարկումների բովանդակության մասին, ապա դրան ի պատասխան ադրբեջանական կողմը և՛ պաշտոնական, և՛ ոչ պաշտոնական քարոզչական մակարդակներում ցույց տվեց, որ իրենց համար ընդունելի չեն լինելու Հայաստանի առաջարկած կետերը՝ Լեռնային Ղարաբաղի, տարածաշրջանի ապառազմականացման ու այլ ուղղություններով։

Այսինքն՝ նրանք ամբողջությամբ գնում են հակառակ ուղղությամբ, ինչ առաջարկով հանդես է գալիս Հայաստանը, ու դրանից հետո տարբեր մակարդակներով կրկնվում է այդ թեզը, որ «կա՛մ մեր պայմաններով կնքում եք պայմանագիր, կա՛մ մեզանից չնեղանաք»։

Հաճախ եմ կրկնում, որ իրենք ոչ թե առաջարկում են «խաղաղության պայմանագիր», այլ ըստ էության սպառնում են «խաղաղության պայմանագրով»։ Բազմաթիվ են հարցերը թե ինչի՛ շուրջ են քննարկումներն ընթանում, ինչի՛ շուրջ են համաձայնություններ ձեռք բերվում կամ չեն բերվում, բայց ելնելով հրապարակային հայտարարություններից, ես կարծում եմ, կողմերը գնալով հեռանում են որևէ պայմանագիր կնքելու հեռանկարից։

– Եթե կողմերը, ինչպես ասում եք, հեռանում են ավելի շատ պայմանագրի կնքումից, ապա Միրզոյանն այս հայտարարությունն ի՞նչ նպատակով է անում։

– Նպատակն այն է, որ գործընթացը չգնա էսկալացիայի ճանապարհով, այսինքն՝ հայկական կողմը շարունակաբար շեշտում է իր պատրաստակամությունը, բայց ամենամեծ բացթողումն այն է եղել, որ իրենք ի սկզբանե, առանց քննարկման ընդունել են Ադրբեջանի առաջ քաշած կետերը, փոխարենը հայտարարեն, թե պատրաստ են քննարկելու դրանք, այսինքն՝ կառուցողականության տարբեր մակարդակներ կան, բայց առանց քննարկման, առանց հասկանալու կետերի վերաբերյալ կողմերի մեկնաբանությունները ասել, որ ընդունում ես այդ առաջարկները, ընդ որում՝ հայկական կողմը բոլոր կողմերից եկող առաջարկներն է ընդունում, լուրջ խնդիրներ է առաջացնում բանակցային սեղանի շուրջ։ Հայկական կողմը շարունակաբար արձագանքողի դերում է, ինչը մեր հակառակորդները մշտապես օգտագործում են։

– Իսկ ադրբեջանական կողմը խաղաղության պայմանագրի մասով իր պատկերացումներից, որոնք հայտնի են դեռ վաղուց, հրաժարվե՞լ է կամ որոշ կետեր վերանայե՞լ է, թե՞ շարունակում է մնալ նույն դիրքորոշմանը։

– Բնավ ոչ, ընդհակառակը՝ վերջերս սկսեցին քարոզչական նյութեր հայտնվել, որ իրենք պետք է նոր դրույթներ առաջ քաշեն այդ պայմանագրի շրջանակներում, ու այդ դրույթներից մեկն էլ վերաբերում էր «Արևմտյան Ադրբեջանից» հեռացածներին ու նրանց իրավունքներին, ու ես վստահ եմ, որ իրենք գնալով փորձելու են դա քննարկման առարկա դարձնել։

Հատկանշական է, որ կայքում այդ նյութը պատահական չէր հայտնվել, այլ հստակ ուղղորդված հոդված էր։ Ավելի պաշտոնական մակարդակով նրանք երբեք հայկական կողմի առաջարկները դիսկուրսի մաս անգամ չեն դարձնում։ Օրինակ՝ մենք շարունակ քննարկում ենք իրենց առաջարկները, քանի որ չգիտենք, թե մեր առաջարկը ո՛րն է, ու հարկադրված իրենց տարբերակներն ենք քննարկում, բայց մեր առաջ քաշած առաջարկները նրանք դիսկուրսի մաս չեն դարձնում, որովհետև ցույց են տալիս, որ չեն պատրաստվում դրանք ընդունել։

– Իսկ հայկական կողմի այդ գաղտնիություն ինչո՞վ եք բացատրում, տիկի՛ն Հայրապետյան։

– Ներկայիս իշխանության ողջ տրամաբանությունը հիմնված է հենց ստի ու մանիպուլյացիայի վրա, բանակցային գործընթացի հետ կապված որևէ ազնվություն չենք կարող նրանից սպասել։ Նրանք վաղուց հրաժարվել են իրենց կառավարության ծրագրից ու իներցիայով առաջ են գնում, այսօր մի բան կարող են խոսել, վաղը՝ մեկ այլ բան։ Մենք ոչինչ չենք իմանում թե՛ հայ-թուրքական հարաբերությունների բանակցությունների, թե՛ արցախյան հարցի բանակցությունների մասին։

Թեև իրենք միշտ մեղադրել են նախկին իշխանություններին, որ իբրև նրանք գաղտնի են պահել բանակցային գործընթացը, իսկ իրենք շատ ազնվորեն ներկայացնում են, բայց, վստահեցնում եմ ձեզ, իրենց համեմատ նախկինները շատ ավելի թափանցիկ էին, ու ժամանակ առ ժամանակ լրատվադաշտում հայտնվում էին այդ քննարկումներից գաղտնազերծումներ, ու մարդիկ, որոնք հետևել են դրանց, հստակ պատկերացրել են, թե ինչ փոխզիջումային տարբերակներ են քննարկվում, ուրիշ բան, որ պատերազմի ռիսկերը հավուր պատշաճի չեն ներկայացվել ու դրան չեն պատրաստվել։

Բայց գաղտնիության առումով ներկայիս իշխանությունները տասնապատիկ գերազանցել են նախկին իշխանություններին, նրանք ստեղծում են կեղծ, անիմաստ օրակարգեր, իսկ իրականության մեջ Ադրբեջանը գնում է ռազմականացման ճանապարհով, ընդ որում՝ դա ոչ միայն մեր ու Արցախի համար է սպառնալիք, այլև տարածաշրջանի այլ երկրների համար, ու այս կոնտեքստում մենք շատ անելիքներ ունենք, բայց դրա մասին չի խոսվում, չի քննարկվում։

– Այսինքն՝ Ադրբեջանի ուզածը բնավ էլ խաղաղությո՞ւնը չէ։

– Միանշանակ այո՛, ընդհակառակը՝ Արցախից հետո նրանք հստակ տարածքային հավակնություններով են հանդես գալիս ամբողջ Հայաստանի տարածքի նկատմամբ ու դա անում են անթաքույց, իսկ մենք որդեգրել ենք ջայլամի քաղաքականություն։ Ձևացնում են, թե ամեն ինչ լավ է, կառուցողական զրույց է գնում, ու «խաղաղության պայմանագրին» հաշված ժամեր են մնացել, ինչը իրականության հետ բացարձակ աղերս չունի։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am