«Կասկածում եմ, որ այդ ընկերությունների՝ Երևանի հանդեպ բուռն սերն է նրանց ստիպել նվիրատվություն անել». Կարծիքներ՝ նվեր աղբահավաք մեքենաների շուրջ

«Կասկածում եմ, որ այդ ընկերությունների՝ Երևանի հանդեպ բուռն սերն է նրանց ստիպել նվիրատվություն անել». Կարծիքներ՝ նվեր աղբահավաք մեքենաների շուրջ
«Կասկածում եմ, որ այդ ընկերությունների՝ Երևանի հանդեպ բուռն սերն է նրանց ստիպել նվիրատվություն անել». Կարծիքներ՝ նվեր աղբահավաք մեքենաների շուրջ

Երևանի նվիրատուների ցուցակը գաղտնի պահելով՝ քաղաքի իշխանությունները վարում են քաղաքականություն, որը նաև նախկին իշխանություններն էին վարում։ «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ անդրադառնալով տարբեր կազմակերպությունների կողմից Երևան համայնքին աղբահավաք մեքենաների նվիրաբերման գործընթացին։

«Ամենահիասթափեցնողն այն է, որ այդ նվիրատվությունն արվել է գաղտնի։ Պարզվում է՝ ոչ բոլոր աղբահավաք մեքենաներն են գնվել, եղել է նաև նվիրատվություն։ Իսկ կոռուպցիայի կանխարգելման թիվ մեկ գործիքը թափանցիկությունն է։ Սա արդեն դարձել է փիս խասիաթ, սկզբում՝ պարգևավճարները, հիմա՝ սա»,- «Մեդիալաբին» ասում է Վարուժան Հոկտանյանը։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամներն օրերս ահազանգեցին, որ Երևանի քաղաքապետարանն ավելի քան 20 «ԿամԱԶ» մակնիշի մեքենա է նվեր ստացել տարբեր գործարարներից, այդ թվում՝ Սամվել Ալեքսանյանից։ Այս գործարքները գաղտնի էին պահվել հանրությունից։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու նրա մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում հերքել էին, թե Սամվել Ալեքսանյանը մեքենա է նվիրել Երևանին։

Նոյեմբերի 28-ին քաղաքապետարանը հրապարակեց նվիրատու կազմակերպությունների ցուցակը, որոնց թվում է նաև Սամվել Ալեքսանյանի «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊ ընկերությունը, որը Երևանին «ԿամԱԶ» մակնիշի երեք մեքենա է նվիրել։

Ըստ քաղաքապետարանի հրապարակած ցուցակի՝ Երևանին աղբատար մեքենաներ են նվիրաբերել հետևյալ ընկերությունները՝ Սարգիս Խուրշուդյանը, Հայրապետ Հովհաննիսյանը, «Ն և Ս քոնսթրաքշն» ՍՊԸ-ն, Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանությունը, «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ն, «ԷյչԲիԷմ գրուպ»-ը։ Այս ընկերություններից «Ն և Ս քոնսթրաքշն» ՍՊԸ-ն ընդհանուր 14 աղբահավաք մեքենա է նվիրել Երևանի քաղաքապետարանին։

Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարեց, որ դրանք ոչ թե անհատույց նվերներ են, այլ կոնկրետ ծառայության դիմաց են տրվել: Խաժակյանի խոսքով՝ «Ն և Ս քոնսթրաքշն» ՍՊԸ-ն կառուցապատող ընկերություն է, և կասկածներ կան, որ մեքենաները քաղաքապետարանին նվիրվել են շինթույլտվություն ստանալու դիմաց:

«Մենք փորձելու ենք ստանալ այս կազմակերպությանը տված շինթույլտվությունը, փորձելու ենք հասկանալ, թե ե՛րբ են այս մեքենաները նվիրվել: Իմ պնդումը հետևյալն է՝ քաղաքապետարանին նվիրել են այս «ԿամԱԶ»-ները՝ շինթույլտվության դիմաց»,- ասել է նա։

Վարուժան Հոկտանյանն ասում է, որ բացահայտ ձևով արհամարհվում է թափանցիկության գործոնը, իսկ դա հանգեցնում է կոռուպցիոն ռիսկերի առաջացման։ 

«Եթե թափանցիկություն չկա, դա ծնում է կոռուպցիոն ռիսկեր։ Իհարկե, դա չի նշանակում, թե անմիջապես կոռուպցիա է լինում, բայց ռիսկը կա»,- նշում է Հոկտանյանը։

Նրա խոսքով՝ լրատվամիջոցները պետք է մշտապես հետևեն այս գործընթացներին, օրինակ, վերահսկեն՝ հետագայում այդ նվիրատու ընկերությունները մրցույթներ շահո՞ւմ են, թե՞ ոչ։ 

«Ես մի քիչ կասկածում եմ, որ այդ ընկերությունների՝ Երևանի հանդեպ բուռն սերն է նրանց ստիպել նվիրատվություն անել Երևանին»,- նկատում է նա։

Մասնագետի խոսքով՝ այստեղ կա մեկ ռիսկ, որը նախկին իշխանությունների օրոք ակտիվ կիրառվել է։ Այդ բարեգործությունը, նրա խոսքով, կարող է հանգեցնել հարկեր չվճարելուն և համապատասխան մարմինների կողմից հարկերի վրա աչք փակելուն։ 

«Բայց առայժմ հարգենք անմեղության կանխավարկածն ու դա անվանենք կոռուպցիոն ռիսկ։ Հետո կտեսնենք՝ ի՛նչ կլինի՝ այդ կոռուպցիոն ռիսկը կվերածվի կոռուպցիոն դրսևորման, թե ոչ՝ ժամանակը ցույց կտա»,- հավելեց Հոկտանյանը։

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն արդեն պաշտոնական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ խնդրելով տրամադրել հստակ պատասխան, թե ինչի՛ դիմաց է, օրինակ՝ «Ն և Ս» ընկերությունը նման բարի կամք դրսևորել։ Եթե դա նվիրատվություն է, ապա, ըստ Զոհրաբյանի, հարց է ծագում՝ ինչո՞ւ ավագանու որոշում չի եղել։ 

«Հիմա ես ուզում եմ հասկանալ՝ սա ինչ է՝ թաքնված կոռուպցիա՞, թե՞ «ես՝ քեզ, դու՝ ինձ» տարբերակն է գործել։ Եթե նրանց թվում է, որ ցուցակը հրապարակելով իրենք մեծ հերոսություն են արել, բացարձակ այդտեղ հերոսական ակտ չկա։ Պետք է բացատրվի՝ ինչո՛ւ է այդ «Ն և Ս» ընկերությունը տվյալ քանակի տեխնիկա տրամադրել Երևանի քաղաքապետարանին»,- «Մեդիալաբին» ասում է Նաիրա Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ եթե այդ աղբատար մեքենաները նվիրատվություն են համայնքին, այդ նվերները պետք ընդունվեին ավագանու հաստատմամբ միայն։

«Բայց Հայկ Մարությանի ընտրվելուց հետո ավագանու որոշմամբ որևէ նվիրատվություն չի հաստատվել»,- ասում է Նաիրա Զոհրաբյանը։ Նրա խոսքով՝ անհեթեթ բացատրություն է Հայկ Մարությանի այն հայտարարությունը, թե չեն ցանկացել ավագանին ծանրաբեռնել, այդ պատճառով էլ նվիրատվությունները քաղաքապետի որոշմամբ են հաստատվել։ 

«Դա նույնն է, որը մեկը գա ու ասի՝ մենք չենք ուզում Ազգային ժողովը ծանրաբեռնել օրենքներ գրելով, դրա համար էլ շրջանցել ենք Ազգային ժողովը և այսպիսի անօրինականություններ ենք անում։ Ես կարծում եմ, որ քաղաքապետարանի շուրջ վերջին շրջանի կասկածելի պատմություններն արդեն իսկ շատ թանձր գույն են ստանում։ Եվ «Իմ քայլի» մեր գործընկերները լավ կանեն, որ իրենց հակադարձումներում մի քիչ զուսպ լինեն, որովհետև չի բացառվում, որ շատ տարօրինակ ու կասկածելի պատմություններ կարող են բացվել»,- ասում է Նաիրա Զոհրաբյանը։ 

Նա հավելում է, որ սպասում է քաղաքապետ Հայկ Մարությանի պատասխանին։ Նա չբացառեց, որ քաղաքապետարանից իրեն կուղարկեն ընկերությունների ցուցակը՝ առանց լրացուցիչ բացատրության։ 

«Դա իմ հաջորդ քայլի պատճառ կդառնա։ Ես կձեռնարկեմ հաջորդ քայլը, կփորձենք հասկանալ, թե ովքե՛ր են այդ կազմակերպությունները, արդյոք այդ կազմակերպությունները վերջին շրջանում տարատեսակ արտոնություններ, շինթույլտվություններ ստացե՞լ են, թե՞ ոչ, արդյոք այդ շինթույլտվություններն ու արտոնությունները եղել են օրինակա՞ն, թե՞ ոչ»,- ասաց Զոհրաբյանը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am