Արցախի ԱԺ-ն Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի տարածքների կարգավիճակի մասին հայտարարություն է պատրաստել

Արցախի ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն այսօր՝ փետրվարի 23-ին, հրավիրել է նիստ՝ օրակարգում ունենալով «Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքների իրավական կարգավիճակի մասին» Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության տեքստի նախագծի մասին հարցը:

Նիստի օրակարգը հաստատելուց հետո, որպես նախագծի հեղինակ, հիմնական զեկուցմամբ հանդես է եկել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատգամավոր, «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը, որը ներկայացրել է  հայտարարության տեքստը:

Պատգամավորների կողմից առաջարկվել է տեքստում կատարել որոշակի խմբագրում, ինչն ընդունվել է հեղինակի կողմից: Հանձնաժողովը միաձայն դրական եզրակացությամբ կողմ է քվեարկել  ներկայացված հայտարարության նախագծին: Նախագիծը կքննարկվի առաջիկա լիագումար նիստում:

Նիստին ներկա են եղել ԱԺ նախագահը, փոխնախագահը եւ պատգամավորները: