«Արցախյան պատերազմը սկսվեց, և ես հասկացա, որ հիմա է ժամանակը». Հայաստան վերադարձած ֆրանսահայ Էվան՝ ֆիլմարտադրության զարգացման եւ պլանների մասին

Էվա Մինասյանը (ձախ կողմում) Հայաստանի զարգացման ճանապարհներից մեկը տեսնում է ֆիլմարտադրության զարգացման միջոցով

«Հայ կամավորների միություն» ծրագրի միջոցով (Armenian Volunteer Corps) Հայաստան վերադարձած ֆրանսահայ Էվա Մինասյանը Հայաստանի զարգացման ճանապարհներից մեկը տեսնում է ֆիլմարտադրության զարգացման միջոցով։ Մասնագիտությամբ ֆիլմերի պրոդյուսեր, հագուստի ձևավորող Էվան եկել է Հայաստան 2021 թ․ ապրիլին՝ 44-օրյա պատերազմից հետո, և աշխատում է որպես կամավոր «Օրդեր ֆիլմ փրոդաքշն»-ում։ 

«Զուլալի» ֆիլմի աշխատանքների շրջանակներում գրել է ֆիլմի անգլերեն ենթագրերը և միջազգային փառատոներին մասնակցեու հայտերը։ Հայաստան վերադառնալու իր պատմության, ֆիլմարտադրության խթանման կարևորության, ինչպես նաև «Զուլալի» ֆիլմի տարբերվող լինելու մասին պատմում է Էվան։ 

– Ես Էվա Մինասյանն եմ, ծնվել և մեծացել եմ Ֆրանսիայում՝ Լիոն քաղաքի մոտ։ Հայաստան նախկինում եկել եմ տատիկիս հետ՝ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ Տատիկս պոլսահայ էր, Եղեռնի ժամանակ է գաղթել Ֆրանսիա։ Այդ ժամանակ փոքր եմ եղել և, անկեղծ ասած, երբեք Հայաստանի հետ շատ կապված չեմ եղել, ինձ իսկապես երբեք հայ չեմ զգացել։ Ապրել և աշխատել եմ տարբեր երկրներում՝ Պրահայում, Բուդապեշտում, Կանադայում, Իսպանիայում, ԱՄՆ-ում՝ ֆիլմարտադրության ոլորտում որպես պրոդյուսեր, հագուստի մոդելավորող։ 

– Ինչո՞ւ այս անգամ եկաք Հայաստան, ի՞նչը փոխեց ձեր զգացողությունը Հայաստանի հանդեպ։ 

– Տատիկս մահացավ երեք տարի առաջ։ Գիտեք՝ այն զգացողությունը, ափսոսանքն այն մասին, որ ավելի շատ կարող էիր տատիկիդ պատմությունները լսել, խոսել իր հետ, հասկանալ։ Հետո Արցախյան պատերազմը սկսվեց 2020-ի աշնանը, և ես հասկացա, որ հիմա է ժամանակը։ Փնտրում էի կամավորական ծրագիր Հայաստանում և այդպես գտա «Դեպի Հայք» և «Հայ կամավորների միություն» ծրագրերը։ Վերջինիս միջոցով էլ եկա Հայաստան։ 

Սկզբում ինձ թվում էր՝ մասնագիտական աշխատանք չեմ կարող կատարել, բաց երբ ինձ առաջարկեցին կամավորել «Օրդեր ֆիլմ փրոդաքշն»-ում և իմ մասնագիտական օգնությունն առաջարկել Հայաստանին, մտածեցի՝ այո՛, ինչն ավելի լավ միջոց կարող է լինել Հայաստանին օգտակար լինելու համար։ 

Իրականում ուզում եմ աշխատել Հայաստանում ֆիլմարտադրության զարգացման ուղղությամբ, որպեսզի օտարերկրյա ֆիլմարտադրողներ գան և այստեղ նկարահանեն իրենց ֆիլմերը։ Դա կստեղծի բազում աշխատատեղեր, կզարգանան մարդկանց աշխատաոճը, մտածելակերպը, և, իհարկե, մեծ աճ կգրանցվի Հայաստանի տնտեսության ոլորտում։ Ինչպես, օրինակ, Չեխիայի դեպքում, այն նույնպես փոքր երկիր է և շատ պատերազմների միջով է անցել, բայց կառավարությունը մոտ մեկ դար առաջ որոշել է խթանել ֆիլմարտադրությունը, և այժմ այն կազմում է երկրի համախառն արդյունքի 1․2 տոկոսը։ 

– Ի՞նչ կարծիք ունեք մեր ֆիլմարտադրության վերաբերյալ։ Ի՞նչ խնդիրներ ունենք այսօր։ 

– Շատ աշխատանք ունենք կատարելու, որովհետև բարձր որակավորում ունեցող քիչ մասնագետներ կան, և դա բնական է, քանի որ փորձի պակաս կա, շփման պակաս կա և պահանջարկի պակաս կա այս պահի դրությամբ։ Կան շատ բարձր որակավորում ունեցող մասնագետներ, բայց կան նաև միջազգային չափորոշիչներին առայժմ չհամապատասխանող մասնագետներ, ոչ միայն մասնագիտական, այլ նաև շփման և աշխատանքի կազմակերպման առումով։ 

Տեղական ֆիլմարտադրող կազմակերպությունները պետք դասընթացներ կազմակերպեն և կրթեն նոր սերնդին, որպեսզի հասնենք այդ մակարդակին։ 

Գլխավոր խնդիրը, իմ կարծիքով՝ ֆիլմերի ոճն է։ Հայոց եղեռնը բոլորիս ցավն է, բայց մենք չպետք է աշխարհում հայտնի լինենք միայն Ցեղասպանության մասին նկարահանված ֆիլմերով։ Ես կցանկանայի, որ մեզ նաև ճանաչեն մեր խելացիության, հնարամտության, հումորի, քաջության համար։ Մենք պատերազմի ժամանակ և նաև հիմա դժգոհում ենք, որ աշխարհին մեր ցավն այդքան էլ չի հուզում, որ մենք աշխարհին պետք չենք։ Եվ դա հավանաբար այդպես է, քանի որ կան նաև այլ տխուր պատմություններ։ 

Բայց մենք կարող ենք աշխարհի հետ կապ հաստատել մեր հումորային ֆիլմերի միջոցով, սիրային ֆիլմերի միջոցով՝ ստիպելով նրանց մեզ ճանաչել մեր մարդ տեսակի համար՝ ցուցադրելով խիզախ ֆիլմեր, հերոսական ֆիլմեր։ 

Հայերը հայտնաբերել են ծորակը, ի թիվս բազմաթիվ հայտնագործությունների։ Ես համոզված եմ՝ ծիծաղելի պատմություն կա դրա հետ կապված։ Ինչո՞ւ մենք չգիտենք այդ պատմության մասին։ Ինչո՞ւ չի նկարահանվում ֆիլմ դրա մասին։ Մենք հարուստ մարդիկ ենք, հարուստ պատմությունով, մշակույթով, ծիծաղաշարժ պատմություններով, և ես ցանկանում եմ բազմազանեցնել արտերկրում ներկայացվող մեր ֆիլմերի ժանրերը։ 

– Դուք աշխատել եք «Զուլալի» ֆիլմի համար, ինչո՞վ է այն տարբերվում մնացած ֆիլմերից։ 

– Այն միջազգային չափանիշներին շատ ավելի է համապատասխանում, քան հայկական արտադրության մյուս ֆիլմերը՝ իր նկարահանման ձևով, տեսարաններով, այն կարծես նկար լինի, կարծես նկարի մեջ ֆիլմ նայելիս լինես։ Գույները շատ գեղեցիկ են։ Այն շատ պոետիկ է։ «Զուլալի» ֆիլմի ուղերձն է հետաքրքիր։ Հույս կա այդ ֆիլմում։ «Զուլալին» գաղտնիքների մասին է, որոնք բացահայտվում են։ Եվ չնայած բոլոր դժվարություններին, երբ մարդ գտնում է իր ճիշտ միջավայրը, գտնում է նաև հույս։ Ֆիլմը կյանքն ուրախությամբ ընդունելու մասին է, չնայած բոլոր դժվարություններին։ 

– Ի՞նչն է ձեզ դուր գալիս Հայաստանում։ 

– Ազատությունը, որը մարդիկ ունեն այստեղ, և ապահովությունը։ Դուք դա չեք զգում։ Ես շատ ազատ եմ ինձ զգում Հայաստանում։ Ես երբեք այսքան ապահով ինձ չեմ զգացել, չնայած տարբեր երկրներում եմ ապրել։ Մինչև այստեղ գալս անհանգստանում էի, որ մարդիկ ինձ չեն ընդունի, չեն հասկանա։ Ես նույնիսկ հայերեն չեմ կարողանում խոսել։ Բայց մարդիկ այնքան համբերատար են, ընդունող։ Նաև սնունդը, շատ եմ սիրում Հայաստանի սնունդը։ 

– Դուք այս տարվա վերջին վերադառնալու եք Ֆրանսիա, բայց վերադառնալու եք Հայաստան 2022 թվականին։ Ի՞նչ ծրագրեր ունեք, ի՞նչ նպատակներ։ 

– Ինչպես արդեն նշեցի, ծրագրերիցս մեկը Հայաստանում ֆիլմի կոմիտե ստեղծելն է, այն կմիավորի բոլոր ֆիլմարտադրող կազմակերպություններին Հայաստանում և կներառի ամեն ինչ, որ հարկավոր է ֆիլմերի նկարահանման համար՝ տարածքների, տեխնիկայի տրամադրում, սպասարկում, սննդի մատակարարում, տարբեր ոլորտների մասնագետների բազա։ Ինչպես, օրինակ՝ երբ «Գահերի խաղը» ֆիլմը ցանկացավ նկարահանումներ կատարել Հորդանանում, Հորդանանը ստեղծեց ֆիլմի կոմիտե, որպեսզի կարողանա ընդունել ֆիլմարտադրողին։ Այդպես էլ Հայաստանը կարող է դառնալ ֆիլմարտադրության կենտրոն իր հրաշալի բնության, հին կառույցների, ինչպես նաև ծախսերի մատչելիության առումով։ 

Ես նաև գրում եմ ֆիլմի սցենար մի քանի զինվորների մասին, որոնք ողջ են մնացել 44-օրյա պատերազմից հետո։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում պատերազմի ընթացքում, բայց ֆիլմն այս հերոսների մասին է։ Մարտաֆիլմն ունենալու է լավ ավարտ։ Դեռ շատ չեմ կարող խոսել այս ֆիլմի մասին, բայց իմ կոլեգաները «Օրդեր ֆիլմում», ինչպես նաև այլ կազմակերպություններում աջակցում են ինձ այս նախագծում։ 

Շուշանիկ Հովհաննիսյան