Խորհուրդ կտամ ամեն օր էդ թվերին չնայել, մեզ պետք է մտահոգեն ծանր դեպքերն ու մահվան դեպքերը. Առողջապահության նախկին նախարար

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը

– Պարո՛ն Մկրտչյան, թեև խոսվում էր, որ պիկին ենք հասել, վարակը շուտով կնահանջի, բայց հիմա ամեն օրվա ցուցանիշներով թեստավորվածների 30-35 տոկոսի մոտ վարակ է հայտնաբերվում: Ձեր կարծիքով ի՞նչն է պատճառը, որ վարակը չի նահանջում, արդյո՞ք միայն դիմակ չկրելը: 

– Ճիշտն ասած, արդեն մոտ երկու շաբաթ գրեթե նույն թվերի վրա է գտնվում հայտնաբերման ցուցանիշը, թվաքանակը 30-35 տոկոսի սահմաններում է տատանվում: 

Օրեր են լինում, որ 25-27 տոկոս է, 25-ից մինչև 35 տոկոս տատանում է լինում, բայց եթե նայենք գծապատկերին, հիմա գրեթե հարթ տեսք ունի։ Կտրուկ վայրիվերումների չենք հանդիպում այս երկու շաբաթներին։ 

Կտրուկ նվազում կամ ավելի մեծ թվերի չենք հանդիպում, ուստի պիկ ասվածը և գծապատկերի դեպքերի համահարթեցված լինելն արդեն իսկ խոսում է, որ աստիճանաբար կայուն իրավիճակում ենք գտնվում։ 

Պիկի պլատո հասկացություն կա, հիմա այդ հարթ ընթացքի մեջ ենք գտնվում։ Նվազման միտումներ դեռ չեն արձանագրվում, որովհետև, ինչպես գիտեք, մինչև 14 օր ունենք թաքնված շրջան։ 

Դրա համար հայտնաբերման և տարածման տեմպերը դեռ շարունակվում են։ Այսօր մեր հետազոտություններով արձանագրում ենք 14-20 օր առաջվա դեպքերը։ Դիմակ կրելու հետ կապված, այո՛, մեծ փոփոխություն ունենք մեր համաքաղաքացիների կողմից, կարելի է ասել՝ դիմակը կրում են համատարած։ 

Բայց երբ արդեն գալիս է երեկո, մենք կտրուկ փոփոխություն ենք տեսնում դիմակների տեսանկյունից, սկսում են արդեն չկրել, կամ տեսնում ենք գլխի վրա դրած, կամ ձեռքին կապած դիմակների թիվը շատանում է երեկոյան ժամերին։ Իսկ մարդիկ զբոսնում են երեկոյան ժամերին։ 

Իմ կարծիքով, տարածման տեսանկյունից ամենառիսկայինը հանրային սննդի օբյեկտներն են, որտեղ դիմակի կրումը պարտադիր չէ, և մեծ կուտակումներ կան, անկախ նրանից, որ այնտեղ մատյան ունեն, ջերմաչափում են և այլն։ 

Բայց շփումը անմիջական է, և այնպիսի տպավորություն է, որ հանրային սննդի օբյեկտներում բարենպաստ գոտի է, այնտեղ կորոնավիրուս չկա։ 

Նաև մարզերում ունենք տարածման տեմպեր, թվերի ավելացում, քանի որ մարզերում դիմակ կրելու մշակույթը Երևանի նման դեռ մուտք չի գործել։ 

Եվ այստեղ բակերում հարևաններով հավաքվելը իր հերթին տարածման նշաններ է ցուցաբերում։ Բայց մեկ դրական բան կա, որ աստիճանաբար առողջացած վարակակիրների թիվը մեծանում է, և մոտենում է բաղձալի պահը, երբ վարակված-լավացածների, վարակակիրների, հետագայում վարակազերծվածների լուրջ շերտի առաջացում է տեղի ունենում։ Եվ ես ակնկալում եմ առաջիկայում նաև նվազման տեմպեր կունենանք։ 

Շատ մտահոգ է վերջին 10 օրերի մահվան դեպքերի ավելացումը, սակայն երկու օր է՝ թիվը մի փոքր նվազել է, ինչը հուսադրող է: 10-ից պակաս մահեր չէինք ունենում։ Միշտ 10, 12, 16, 17․ այդպիսի թվեր էին արձանագրվում։ 

Նաև նախարարը հայտարարեց, որ մեր առողջապահության համակարգը դեղերի և բուժօգնություն ցուցաբերելու տեսանկյունից վերջին օրերին պրոբլեմներ չունի։ 

Այստեղ կարելի է նաև դրական միտում նկատել նրանով, որ մարդիկ շատ արագ դիմում են առաջնային բուժօգնության համակարգ և անմիջապես բժիշկների հսկողության տակ են լինում։ Բարդացված դեպքերի թիվը, հուսանք՝ առաջիկայում կպակասի։ 

– Պարո՛ն Մկրտչյան, Արսեն Թորոսյանն ասում է, որ ոչ թե պարտադրված, այլ գիտակցված լոքդաուն պիտի լինի։ Արդյոք մարդիկ, որոնց մեծ մասը դեռ չի հավատում այս վիրուսին, կարո՞ղ են գիտակցված լոքդաունի անցնել, թե՞ պետք են կոշտ միջոցառումներ, ինչպիսիք արվեցին մի շարք երկրներում և հասան հաջողության։ 

– Քանի որ պանդեմիան դեռ չի ավարտվել, որևէ երկրի հաջողության, կորոնավիրուսի հաղթահարման և համաճարակի դեմ պայքարի արդյունավետության մասին ես կդժվարանամ գնահատական տալ և խոսել։ 

Այդ դեպքում նաև հարցական է․ լոքդաունը արդյոք բերո՞ւմ է ցանկալի արդյունքների, թե՞ ոչ։ Այսինքն՝ ըստ համաշխարհային վիճակագրության, որը հրապարակվում է, կան երկրներ, որտեղ կտրուկ լոքդաունից հետո սկսում են բացվել, և հիվանդության դեպքերի աճի ականատես ենք լինում: 

Ինձ թվում է՝ կտրուկ փակվելու կարիքը չկա, այլ մի փոքր պետք է սպասել, և հիմնականում ուշադրությունը պետք է սևեռվի բուժօգնության տեսանկյունից հնարավորինս մահվան դեպքերի նվազեցման և բացառման վրա։ 

Ավելի լավ է ուժերը այդտեղ կենտրոնացնել, որովհետև օջախներ գտնել, կոնտակտավորներ գտնել, նրանց հետևից գնալը, իմ կարծիքով, արդեն իմաստը կորցրել է։ Այո՛, մարդկանց վարքագծային փոփոխություն է պետք: Ես նախարարի կոչը լսել եմ և միանում եմ դրան։ Մի՛ գնացեք հանրային սննդի օբյեկտներ։ 

Շատ էլ որ բացել են, դա չի նշանակում, որ բացվելուց հետո նրանք վարակազերծված են, և վարակված մարդ չի մտնելու այդ հանրային սննդի օբյեկտ։ Հանրային վայրեր չպետք է գնալ, որովհետև մեծ կուտակումներ են։ 

Ոչ ոք չի բացառել տանը մնալը որպես համաճարակի դեմ պայքարի գործիք։ Եթե գործ չունեն, կարելի է մի փոքր կրճատել անընդհատ դուրս գալն ու մարդկանց հետ շփվելը։ Մի՛ հաճախեք հանրային սննդի օբյեկտներ, հանրային վայրեր, փորձեք պահպանել հեռավորությունը։ 

Օրինակ՝ հիմա Իսպանիան աստիճանաբար բացվում է, այնտեղ արդեն օրենսդրական կարգավորումներ են ընդունել։ Մեկ օրինակ բերեմ․ 1,5-2 մետր սոցիալական հեռավորություն չպահելու դեպքում պետք է անպայման դիմակ կրել։ Եթե չես կրում, և արձանագրում են այդ փաստը՝ 100 եվրո տուգանք է նախատեսված։ 

Այսինքն՝ ամեն երկիր, միևնույն է՝ գնում է անհատական պաշտպանության ճանապարհով մարդկանց առողջությունը պահպանելու և հիվանդության հետագա տարածումը կանխարգելելու ուղղությամբ։ 

– Ինչո՞ւ ի սկզբանե իշխանությունը չգնաց կոշտ միջոցների: Վախենում էին, որ հանրության վստահությունը կկորցնե՞ն: 

– Կոշտ միջոցների գրեթե գնացին, երբ ամբողջությամբ փակվեցին բոլոր հանրային վայրերը, տրանսպորտը, ձեռնարկությունները: Դրանից ավելի կոշտը բնակչությանն ընդհանրապես տնից դուրս չթողնելն էր: Այդպիսի ծայրահեղ մոտեցում երևի 1-2 երկիր է դրսևորել: 

Կոշտ փակման եղանակի մեր հարևանները գնացին: Օրինակ՝ Իրանում շատ կոշտ և խիստ փակվեց ամեն բան: Հիմա Իրանում բացվելուց հետո շատ ծանր իրավիճակ է, նորից հիվանդությունը տարածվում է: Այսինքն՝ բնակչության իմունացված շերտը չստեղծվեց: 

Մարդկանց փակեցին, հիմա դուրս են գալիս, նորից հիվանդանում են: Մենք հակառակ ուղղությամբ ենք գնում, սկզբունքը՝ մի քիչ փակվեցինք, հետո դուրս եկանք: Կարելի էր այդ փակ վիճակից մի քիչ ավելի դանդաղ դուրս գալ, մասնավորապես, հանրային վայրերի, հանրային սննդի օբյեկտների բացումը կարելի էր դանդաղ անել: 

Այսինքն՝ ամեն մի հանրային սննդի օբյեկտի անհատական մոտեցում ցուցաբերել՝ կախված հակահամաճարակային կանոններին նրա պատրաստվածությունից: Հիմա մենք փաստորեն դեպքերի հետևից ենք գնում, մտնում են հանրային սննդի օբյեկտներ, թերություններ են գտնում, 24 կամ 48 ժամով փակում են: Մենք մի կարճ ժամանակ բավական լուրջ փակ ենք եղել, դա էլ է պատճառներից մեկը, որ հիմա հիվանդության թվերը բարձր են: 

– Ձեր կանխատեսմամբ՝ առաջիկայում հիվանդության նահանջ ունենալո՞ւ ենք:

– Բնական է, որ նահանջ կունենանք, ուղղակի թե ե՛րբ այս թվերը կսկսեն իջնել, մի քիչ դժվար է ասել: Ես ավելի շատ խորհուրդ կտամ բնակչությունն ամեն օր էդ թվերին չնայել: Բնակչության սոցիալ-հոգեբանական վիճակն ինձ մտահոգում է: Վարակվածության ցուցանիշները չպետք է մտահոգեն, մեզ պետք է մտահոգեն ծանր դեպքերն ու մահվան դեպքերը: 

Ամենամեծ ջանքերն այդ ուղղությամբ պետք է գործադրել: Ես չեմ կանխատեսում, որ կունենանք թվերի կտրուկ աճ: Սա այն մաքսիմալն է, որ, ասենք, 2 հազար թեստի պայմաններում կունենանք եղած թվերի սահմաններում վարակակիրներ, այսինքն՝ վարակակիրները կլինեն 30 տոկոսի սահմաններում: Հուսանք, որ կորագիծը կսկսի նվազել: 

– Իսկ մահացության թվերն ինչո՞ւ են բարձր. առողջապահության համակարգը չի՞ կարողանում դիմադրել:

– Իմ կարծիքով, այստեղ խնդիր է նաև ժամանակին բուժօգնության դիմելը: Շատ դեպքերում մենք անուշադիր ենք լինում, սկսում ենք մտածել, թե որտեղ մրսեցինք, սկսում ենք թեյ խմել: Հետո, երբ ընտանիքի անդամներից երկրորդն էլ հիվանդանում է, նոր արդեն սկսում ենք մտածել, որ սա կասկածելի է: 

Բայց արդեն առաջին հիվանդացողի օրգանիզմում սկսում են անդառնալի պրոցեսներ ընթանալ: Մինչդեռ ընտանիքի անդամներից նույնիսկ մեկի մոտ կայուն 1-2 օրվա ջերմության առկայության դեպքում, եթե տեսնում ենք, որ չի իջնում, համի, հոտի զգացողության կորուստ կա, պետք է անմիջապես դիմել առաջնային բուժօգնության համակարգ, տեղամասային թերապևտին: 

Այդ դեպքում շատ արագ կձեռնարկվեն միջոցներ, որոնք կբերեն հիվանդի ապաքինմանը կամ ոչ ծանր դեպքերի առաջացմանը արդեն հիվանդանոցային մակարդակում:

Մանե Հարությունյան

MediaLab.am