«Հոկտեմբերի 3-ին եղբայրս զոհվեց, հոկտեմբերի 7-ին տղես էլ չզանգեց»․ Հռիփսիմեն ասում է՝ ոչ մի բանի մեջ լույս չկա

38-ամյա Հռիփսիմե Գինոսյանի համար կյանքը 44-օրյա պատերազմից հետո կորցրել է բոլոր գույները, ամեն ինչ մութ ու մռայլ է թվում․ «Ոչ մի բանի մեջ լույս չկա, որ տեսնում ենք՝ մարդիկ ժպտում են, չենք հասկանում՝ ի՛նչը կարող է մարդուն ուրախացնի»,- հուզմունքով ասում է Հռիփսիմեն, որը պատերազմում կորցրել է ավագ որդուն ու միակ եղբորը։

Հռիփսիմեն ասում է՝ հոկտեմբերի սկզբին եղբոր զոհվելու լուրին դեռ չհարմարված, հուղարկավորությունը նոր կատարած, իմացան, որ որդին է զոհվել։ 

«Եղբայրս կամավոր էր մեկնել պատերազմ, հոկտեմբերի 3-ին ինքը զոհվեց, հոկտեմբերի 6-ին հուղարկավորությունն էր, հոկտեմբերի 7-ին տղես էլ չզանգեց»,- կսկիծով պատմում է Հռիփսիմեն։

Հռիփսիմեի որդին՝ 18-ամյա Արծվի Չոբանյանը, ժամկետային զինծառայող էր, ծառայել է Արա լեռում, պատերազմի ժամանակ հակառակորդի դեմ կռվել է Ջրականում։

Մոր խոսքով՝ որդին հոկտեմբերի 7-ին միանալով մեկ ուրիշ հաշվարկի՝ գնացել է հատուկ առաջադրանք կատարելու, հայտնվելով հակառակորդի հետ դեմ հանդիման, պայքար է մղել և զոհվել՝ գլխից մահացու վիրավորում ստանալով։

«Կապիտանը եկել ասել ա, որ գնում են էս առաջադրանքին, եթե ողջ մնան՝ կապրեն, ինքն էլ ա գնացել։ 

Որդիս կարող էր էդ առաջադրանքին չգնալ, ինքն էդ հաշվարկի հետ չպետք ա լիներ, ուղղակի Արծվիս կապիտանի հետ շատ մոտ ընկերներ են եղել, ասել ա՝ որտեղ ինքը՝ էնտեղ՝ ես… Ասել են՝ քո հաշվարկը չի, ասել ա՝ ի՛նչ կապ ունի, ես գնում եմ ու վերջ»,- ասում է Հռիփսիմեն։

Հռիփսիմեն հուզմունքը կոկորդում զսպելով պատմում է, որ հոկտեմբերի 7-ին, երբ որդուց զանգ չի ստացել, գիշերը անհանգստացած արթնանալով, զանգել է որդուն, սակայն հեռախոսահամարն արդեն անհասանելի է եղել։

«Ամսի 9-ին հրամանատարը զանգեց ամուսնուս, հարցրեց՝ կարո՞ղ ա Արծվիկը տուն զանգած լինի, ամուսինս ասեց՝ դուք եք հրամանատարը, ի՞նձ եք հարցնում, որտե՞ղ ա, որ ինձ եք հարցնում: Հրամանատարն ասեց՝ հատուկ առաջադրանքով գնացել են, իրենցից տեղեկություն չունենք»,- պատմում է Հռիփսիմեն ու նշում, որ այդ օրից ամենուր փնտրել են որդուն՝ հիվանդանոցներում, մորգերում, սակայն չէին գտնում։

2 ամիս անց Չոբանյանները գտնում են որդու մարմինը։ Մայրն ասում է՝ աննկարագրելի ցավ էր՝ իմանալ, որ որդին զոհվել է՝ կորուստ կորստի հետևից։

Հռիփսիմեն ասում է՝ երբեք չէր պատկերացնի, որ մի քանի օրում կյանքը գլխիվայր կշրջվի։ Ասում է՝ չէր կարող մտածել, որ որդին կզոհվի, քանի որ վստահ էր՝ որդին ուժեղ է ու անվախ։

«Ինքն էնքան անվախ էր, ուժեղ, որ ես ոչ մի վայրկյան չեմ մտածել, որ իր հետ ինչ-որ վատ բան տեղի կունենա»,- ասում է մայրը։

Արծվիկը շատ ընկերասեր էր, նվիրվող, անձնուրաց՝ պատմում է մայրն ու ասում՝ եթե չլիներ իր այդ բնավորությունը, գուցե ողջ մնար:

«Շատ ընկերասեր էր, ասում էի՝ չնվիրվես, ես գիտեի, որ նվիրվեց՝ կյանքն էլ կտար։ Կապիտանի համար ասում էր՝ շատ լավ տղա ա, քեռուս նման տղա ա, ասում էի՝ չնվիրվե՛ս, Արծվի՛… Արդյունքում էդպես էլ եղավ, եթե կապիտանը չլիներ, գուցե ինքը չմիանար էդ առաջադրանքին»,- մորմոքով ասում է Հռիփսիմեն։

Արծվիկը սիրել է սպորտը, զբաղվել է կարատեով, ձյուդոյով, մաթեմատիկայի մրցույթների է մասնակցել, առաջատար տեղեր զբաղեցրել։ 

Մայրն ասում է՝ որդին հոգատար էր, ուշադիր, փոքր տարիքից աշխատել է, ընտանիքին ֆինանսապես օգնել։

«14 տարեկանից աշխատել ա, ինչ աշխատանք ասես արել ա, երբեք չի ասել, որ չեմ անի, դաշտի ամեն աշխատանք, շինարարական ամեն աշխատանք կատարել ա։ Եղբորս ընկերոջ հետ 2 տարի աբլիցովկա է ա արել, քար կտրող ա եղել, ոչ մի գործում դժվարություն չէր գտնում։ Բերում էր, գումարը դնում սեղանին, իրա վրա չէր ծախսում»,- ասում է Հռիփսիմեն։

Մայրը նշում է՝ թվում էր, թե կյանքն աստիճանաբար կարգավորվում էր, էլ վարձով չէին ապրում, տուն էին գնել, վարկն էին փակում, սպասում էին՝ Արծվիկը գա, ու առաջ շարժվեն, նոր պլաններ գծեն, սակայն ամեն ինչ շուռ եկավ գլխի վրա։

Արծվիկ Չոբանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։


Մարտական ծառայության մեդալը շնորհվում է մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, նախաձեռնող, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած ծառայությունների համար:

Արծվիկ Չոբանյանը հուղարկավորված է Եռաբլուրում։

Արփինե Արզումանյան

MediaLab.am