«Երբ բազմաթիվ հանգուցյալների աճյունը  դրվում է եկեղեցում, արդյոք ստուգո՞ւմ են՝ նրանք բոլորը մկրտված են, թե ընդամենը պետք է գումար վճարել». Իրավապաշտպաններ

«Երբ բազմաթիվ հանգուցյալների աճյունը  դրվում է եկեղեցում, արդյոք ստուգո՞ւմ են՝ նրանք բոլորը մկրտված են, թե ընդամենը պետք է գումար վճարել». Իրավապաշտպաններ
«Երբ բազմաթիվ հանգուցյալների աճյունը  դրվում է եկեղեցում, արդյոք ստուգո՞ւմ են՝ նրանք բոլորը մկրտված են, թե ընդամենը պետք է գումար վճարել». Իրավապաշտպաններ

Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի կողմից զոհված զինծառայողի աճյունը եկեղեցում դնելու արգելքը հավանաբար պայմանավորված է այն հանգամանքով, որ զինծառայողի հարազատները գումար չէին վճարելու եկեղեցուն: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով օրերս մեծ աղմուկ հանած պատմությանը:

«Հարց է ծագում. եթե որևէ մեծահարուստ լիներ մահացածը, գնային ուղղակի գումարով պայմանավորվեին դին եկեղեցում դնելու համար, որևէ հարց կառաջանա՞ր, թե՞ ոչ: Կարծում եմ՝ չէր առաջանա: Տվյալ դեպքում այդ զինվորի մարմինը պետք է դրվեր առանց վճարի, այ սա է խնդիրը»,- «Մեդիալաբին» ասում է Ավետիք Իշխանյանը:

Հիշեցնենք, որ հակառակորդի գնդակից զոհված Ախուրյանի բնակիչ Գրիգոր Եղոյանի հարազատները ցանկացել էին տղային հուղարկավորել եկեղեցական կարգով, սակայն Աջապահյանն արգելել էր, պատճառաբանելով, թե իբր զինծառայողը մկրտված չէ: Սակայն համագյուղացիները անտեսել էին Աջապահյանի մերժումը և գյուղապետի հետ միասին զոհված զինվորի աճյունը տարել էին եկեղեցի:

Աջապահյանն այս դեպքի առնչությամբ պարզաբանել էր, թե սկզբում համաձայնել էին, որ զինծառայողի մարմինը դրվեր եկեղեցում, բայց մտափոխվել է, իմանալով, որ նա մկրտված չէ:

«Այդ դեպքում քահանային ասել եմ՝ կարելի է բավարարվել քաղաքացիական ծեսով, ինչպես որ այս ազգի մի զգալի մասն է թաղվում, նույնիսկ մկրտվածների մի մասը: Բոլոր մկրտվածներին եկեղեցի՞ եք դնում կամ քահանայո՞վ եք հուղարկավորում՝ ո՛չ: Ուրեմն ոչինչ չկար այն բանում, որ չմկրտված զինվորը հուղարկավորվեր քաղաքացիական ծեսով: Բայց այդ ամենի հետևանքով հուզումներ են առաջացել»,- ասել է Աջապահյանը: Նրա խոսքով՝ երբ տեսել են, որ գյուղապետն ու գյուղացիները եկել են եկեղեցու տարածք՝ զինծառայողի մարմինը եկեղեցում դնելու, իրենք որոշել են չարգելել: Նա նաև հավելել է, թե գուցե զինծառայողը աթեիստ էր, որ չէր մկրտվել:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ասում է, որ եթե Հայ Առաքելական եկեղեցին իսկապես հետևեր Աստվածաշնչի դրույթներին և իր կանոնակարգին, ապա գուցե որևէ մեղադրելու բան չէր լինի:

«Բայց հարց է ծագում. երբ բազմաթիվ հանգուցյալների աճյունը  դրվում է եկեղեցում, արդյոք ստուգո՞ւմ են՝ նրանք բոլորը մկրտված են, թե ընդամենը պետք է գումար վճարել, և հանգուցյալի մարմինը դնել եկեղեցում: Համենայնդեպս, ես շատ դեպքեր գիտեմ, երբ մարդկանց աճյունը դրվում է եկեղեցում, և որևէ անգամ հարց չի ծագել, որ նրանք փաստաթուղթ կամ ինչ-որ ապացույց պահանջեն հանգուցյալի մկրտված լինելու մասին: Ընդամենը որոշակի գումարի դիմաց, որը բավական մեծ թիվ է կազմում, աճյունը դրվել է եկեղեցում»,- ասում է Իշխանյանը:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը կարծում է, որ հանրությունն իշխանության նկատմամբ պահանջները պետք է տարանջատի Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ պահանջներից: Ըստ իրավապաշպանի՝ հանրության արձագանքը վկայում է, որ կարծես ընդունում են, թե եկեղեցին իշխանության ինչ-որ մարմին է, որը պարտավորություններ ունի իր քաղաքացիների առաջ:

«Սակայն իրականում դա հասարակական կազմակերպություն է, որն ունի իր մոտեցումներն ու վարքագիծը: Հարցը պետք է քննարկել այն տեսանկյունից, թե ինչքանո՞վ է կրոնական կազմակերպությունը հետամուտ իր հռչակած սկզբունքներին»,- ասաց Սաքունցը:

Նա հավելում է, որ եկեղեցու այս պահվածքը անսպասելի չէր.

«Եկեղեցու հոգևոր խորհրդի անդամներ, համայնքային խորհրդի անդամներ, ինչպես փորձն է ցույց տալիս, կարող են լինել այնպիսի մարդիկ, ովքեր ունեն կասկածելի կենսագրություն, քրեական աշխարհի կետ կապեր, և այնտեղ ամեն ինչ որոշվում է ֆինանսական շահով: Այնպես որ, դա նորություն չէ»:

Իրավապաշտպանի խոսքով՝իշխանությունը եկեղեցին օգտագործում է իր նպատակների համար, բայց դա եկեղեցու խնդիրն է:

«Մենք հարցն ավելի շատ ուղղում ենք իշխանությանը, թե ինչո՞ւ են որևէ կրոնական կազմակերպության արտոնություն տալիս կամ խտրական վերաբերմունք դրսևորում կրոնական դաշտում»,- հավելեց նա:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am