Արման Եղոյանը Վիլնյուսում ներկայացրել է Ադրբեջանի հարձակման ու ագրեսիվ քաղաքականության հեռահար նպատակները 

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը տեղեկացնում է՝ Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հրավերով գտվում է Վիլնյուսում՝ մասնակցելու «Ժողովրդավարության ապագան» խորագրով բարձր մակարդակի խորհրդաժողովին։

«Մոտ երեսուն երկրների ու կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվում են ժողովրդավարական պետություններին և համակարգերին սպառնացող ժամանակակից մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները։

Այս համատեքստում ներկայացրի Հայաստանի առջև ծառացած խնդիրները, մասնավորապես Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման ու ագրեսիվ քաղաքականության հեռահար նպատակներն ու խորքային դրդապատճառները»,- Ֆեյսբուքի իր էջում հայտնել է պատգամավորը: