Մոսկվան ակնկալում է, որ Փաշինյանը դեկտեմբերի 25-26-ին կմեկնի Սանկտ Պետերբուրգ

Ռուսական կողմն ակնկալում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա կգտնվի Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, իսկ Երևանի հետ առկա հարցերը Մոսկվան պատրաստ է լուծել պրոֆեսիոնալ ձևով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք հիմնվում ենք այն բանի վրա, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կօգտվի Ռուսաստանի Դաշնության նախագահի հրավերից և դեկտեմբերի 25-26-ը կժամանի Սանկտ Պետերբուրգ, որտեղ կմասնակցի Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին և ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների նախաամանորյա ավանդական հանդիպմանը։ Այնտեղ, ըստ էության, հնարավոր կլինի բարձրացնել բոլոր հետաքրքրող հարցերը», – նշել է պաշտոնյան։

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշմանը, ապա, Զախարովայի խոսքով, դրա մասին բազմիցս և հանգամանորեն հայտարարել են ինչպես ՌԴ նախագահը, արտգործնախարարը, այնպես էլ ՌԴ նախագահի վարչակազմը և արտգործնախարարությունը։

«Առաջնորդվելով Հայաստանի հետ հարաբերությունների դաշնակցային բնույթով՝ Մոսկվայում մշտապես պատրաստ են լուծել բոլոր ի հայտ եկող թեմաները հանգիստ, պրոֆեսիոնալ և գործընկերային ձևով», – ասել է Զախարովան: