«Այն, ինչ հիմա է կատարվում, մարդու իրավունքների աղաղակող խախտումներ են». Զարուհի Հովհաննիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը.

– Օրերս համացանցում տարածվեցին լուսանկարներ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղից, որտեղ պարկերով զինծառայողների դիակներ էին պահվում, որոնք դեռ նույնականացված չեն: Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը, սա ինչի՞ մասին է խոսում: Եվ արդյոք բավարա՞ր է, որ առողջապահության նախարարը ներողություն է խնդրում ասելով՝ սա իմ բացթողումն է:

– Նախ՝ անդրադառնանք համակարգային բացթողումներին, քանի որ հիմնականում հետպատերազմյան շրջանում քաղաքացիների իրավունքների համար պատասխանատուն պետությունն է: Թե զոհված զինծառայողների, թե հաշմանդամություն ունեցող զինծառայողների, թե անհայտ կորածների վերաբերյալ պետությունը պետք է մշակեր հստակ քաղաքականություն, հստակ քայլեր, ինչը չի արվել:

Ես վստահ եմ, որ չի արվել, որովհետև մենք դա տեսնում ենք զոհվածների կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ծնողների հետ շփումներից: Կոնկրետ այս դեպքը բացարձակ անտարբերության երևույթ է պետական կառույցների կողմից, որովհետև մենք շատ լավ գիտենք, թե ծնողները որքան փորձեցին փնտրել իրենց անհայտ կորած որդիներին և ինչպես էին նույնիսկ մասնակցում որոնողական աշխատանքներին:

Դարձյալ կարելի է արձանագրել, որ չգիտեին՝ ինչպես կազմակերպել որոնողական աշխատանքները և ինչպես հանդիպել զինծառայողների ծնողների հետ, ինչ լեզվով նրանց հետ խոսել:

Մենք տեսանք, որ պետությունն այդ տեսանկյունից բացարձակ պատրաստ չէր և չէր մշակել որոշակի մոտեցումներ: Ո՞ր պաշտոնյաները պետք է շփվեին ծնողների հետ, ինչպիսի փաստահավաք խումբ պետք է կազմվեր, մենք այդ բոլոր պատասխանները չենք տեսել:

Ստացվում էր այնպես, որ ամեն կառույց կարծես թե իր վրայից պատասխանատվությունը տեղափոխում էր մեկ այլ կառույցի վրա, և, փաստացիորեն, ի վերջո առողջապահության համակարգը, որը վերջնական պատասխանատուն էր գոնե մասունքների նույնականացումն անցկացնելու և դիակները ծնողներին հասցնելու ժամանակահատվածում, ունեցավ այսպիսի լուրջ բացթողում:

Սա ոչ միայն բացթողում է, այլև տոտալ անտարբերություն ուրիշի վշտի նկատմամբ և զինծառայողների մասունքների նկատմամբ հարգանքի բացակայություն:

– Ի՞նչ պետք է հաջորդի այս բացահայտմանը:

– Ցանկացած նորմալ երկրում եթե այսպիսի բան հայտնաբերվեր, վստահաբար, տվյալ գերատեսչության պատասխանատուն հրաժարական կտար, որովհետև չի տիրապետել այդ իրավիճակին: Բայց եթե սա դիտարկենք 7 ամիսների կտրվածքով, կտեսնենք, որ սա եղել է նույնիսկ այս նախարարից առաջ:

Հստակ քաղաքականության մշակումը, թե ինչպես պետք է իրականացվի այդ ամբողջ աշխատանքը, ինչպես պետք է համակարգն իր տարբեր կառույցներով համակցված գործի, պարզ է, որ չի կատարվել այդ աշխատանքը, ուստի այստեղ միայն նոր նախարարի պատասխանատվությունը չէ, այլ հետպատերազմյան ճգնաժամի հաղթահարման ամբողջ խմբի, որը կառավարության շրջանակներում միջգերատեսչական հանձնաժողովներով պետք է աշխատեր:

Ճգնաժամի հաղթահարման կարևորագույն օղակներից մեկը նաև զինծառայողների մարմինների նույնականացումն էր և դրանք հարազատներին հանձնելու պրոցեսը:

– Հետպատերազմյան իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում: Ի՞նչ իրավիճակում ենք հայտնվել մենք հիմա, երբ մարդիկ կոմպետենտ չեն իրենց պաշտոններում:

– Իրականում անհատների խնդիր չէ, սա համակարգային, գլոբալ պրոցես է, որի անունը ես հաճախ դնում եմ համակարգային ճգնաժամ և պետական մարմինների, կառույցների տոտալ չտիրապետելն իրենց գործին: Դա համակարգման խնդիր է, որովհետև կառավարությունն այն մարմինն է, որն իր տարբեր գերատեսչությունների, մարմինների միջոցով համակարգում է բոլոր աշխատանքները:

Մենք կառավարության տարբեր օղակների միջև ունենք համագործակցության լուրջ բացթողում: Ըստ էության, ՊՆ-ի կողմից նույնպես պետք է այդ աշխատանքն արված լիներ, թե ուր են այդ մարդիկ, որ զորամասից են եղել, ովքեր են անհայտ կորած, որտեղ են հայտնվել, զորքերի ինչ տեղաշարժ է եղել:

Այդ ամբողջ պրոցեսը միջգերատեսչական մարմինների միջոցով չի իրականացվել, որպեսզի հասկանան, թե այդ մարմինները որտեղից ուր են տեղափոխվել: Սա լրջագույն բացերի մասին է խոսում: Ես հստակորեն կարող եմ ասել, որ այսօր ՀՀ Կառավարությունը՝ որպես միասնական մեկ մարմին, չի գործում, նաև ճգնաժամի հաղթահարման ռազմավարություն չունի:

– Նախկինում, եթե նման բան լիներ, իրավապաշտպանները չէին լռի: Հիմա տեսնում ենք, որ շատերի կողմից տոտալ անտարբերություն կա շատ կարևոր հարցերում:

– Ցավոք սրտի, և հեղափոխությունը, և պատերազմը, և ճգնաժամային իրավիճակը ցնցումներ առաջացրեցին նաև քաղաքացիական հասարակության շրջանում: Շատերը հանդես են գալիս քաղաքական նախասիրությունների շրջանակում, ինչն իհարկե իրավապաշտպան գործունեության մեջ անընդունելի է:

Մենք պետք է հստակորեն ելնենք մարդու իրավունքների պաշտպանությունից՝ անկախ նրանից, թե ինչ կառավարության հետ գործ ունենք՝ վստահելի, թե ոչ վստահելի, լեգիտիմ, թե ոչ լեգիտիմ: Եթե խախտվում են մարդու իրավունքները, առաջնային օղակը պետությունն է, և մենք մշտապես պետք է բարձրաձայնենք այդ խախտումների մասին:

Այն, ինչ հիմա է կատարվում, մարդու իրավունքների աղաղակող խախտումներ են. թե զինծառայողների նկատմամբ, որոնք փաստացիորեն մատնվել են անտարբերության և նրանց հիշատակի հանդեպ որևէ հարգանք չկա, թե ծնողների նկատմամբ, որոնք ՀՀ քաղաքացի են, պետությանն են վստահել իրենց զավակներին:

Քանի որ պետությունն է իրենց զավակներին տարել, ապա նա պարտավոր է պատասխանատու լինել իր այդ քաղաքացու և նրա ծնողի հանդեպ, որից, կարծես թե, պարտադրաբար կտրում են զավակին ու տանում ծառայության:

Փաստորեն, պետությունը փոխարինում է ծնողին և պարտավոր է զինվորի ծնողի առջև հաշվետու լինել: Այս սարսափելի, սահմռկեցուցիչ վերաբերմունքը ծնողների նկատմամբ նույնիսկ անուն չունի:

Իհարկե, նախկինում իրավապաշտպանները շատ մեծ աղմուկ կբարձրացնեին, նույնիսկ միջազգային արձագանքներով, բայց այսօր տեսնում ենք, որ քաղաքական նախընտրությունները և ներքին քաղաքական գործընթացները ազդում են նաև տարբեր մարդկանց վրա և արժեքային կոլապսներ են առաջացնում այն քաղաքացիական կառույցներում, որոնք ընդհանրապես որևէ կերպ պիտի չենթարկվեին նմանատիպ մոտեցումների:

– Այս դեպքը և այս վերաբերմունքը ընդհանուր առմամբ ընտրությունների վրա ազդեցություն կունենա՞ն:

– Ես կարծում եմ՝ ոչ: Չկա մի ընտանիք, որը չունենա գոնե ծանոթ, բարեկամ, որը անցած չլինի պատերազմի այս ճգնաժամով: Մենք շատ փոքր հասարակություն ենք, մենք առնվազն 20 միլիոնանոց երկիր չենք, որպեսզի մեկս մյուսից անտեղյակ լինենք և միայն լրատվամիջոցներով առաջնորդվենք: Ամեն մեկն ունի խորագույն ցավ, որից ելնելով է գնալու կամ չի գնալու ընտրության:

Ընտրությունների չգնալը ևս հստակ ցույց է տալու, թե ինչպիսին է ՀՀ քաղաքացիների վերաբերմունքը թե իշխանությունների, թե այն հանրային պրոցեսների նկատմամբ, որոնք հիմա տեսնում ենք, և որոնցից հաճախ ցնցվում ու ազդվում ենք: