Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող Sada և Service Titan ընկերությունների ղեկավարների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձին հանդիպումներ է ունեցել բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող Sada ընկերության նախագահ Հովիգ Սաֆոյանի և Service Titan ընկերության հիմնադիրներից՝ Արա Մահդեսյանի հետ: Վարչապետը երկու հանդիպումների ընթացքում էլ կարևորել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում վերը նշված ընկերությունների գործունեությունը և ընդգծել, որ այս բնագավառը կառավարության առաջնահերթությունների թվում է:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ կառավարությունը շահագրգիռ է ՏՏ ոլորտի ընկերությունների զարգացմամբ, նոր ներդրումների արդյունքում վերջիններիս ընդլայնմամբ, աշխատատեղերի ստեղծմամբ: Գործադիրի ղեկավարը նշել է, որ պատրաստ է նման հանդիպումների ընթացքում քննարկել ընկերություններին հետաքրքրող հարցերը, խնդիրներն ու կառավարության գործիքակազմերի շրջանակում վերջիններիս համապատասխան օժանդակություն ցուցաբերելու հնարավորությունները:

Հովիգ Սաֆոյանն անդրադառնալով Sada ընկերության գործունեությանը՝ նշել է, որ Հայաստանում գործող ընկերության մասնաճյուղն այժմ ունի 30 աշխատակից, սակայն նախատեսում են առաջիկայում նոր ներդրումային ծրագրերի արդյունքում այդ թիվը հասցնել 350-ի: Նա հավելել է, որ ընկերությունը համագործակցում է աշխարհի առաջատար մի շարք կազմակերպությունների, այդ թվում՝ Google-ի հետ, մշակում տարբեր ծրագրային նոր լուծումներ, նաև՝ կրթության ոլորտում:

Պարոն Սաֆոյանը նշել է, որ մասնավորապես, կրթության ոլորտի համար նախագծված պլատֆորմը, որը մշակվել է Google-ի հ? ?տ համագործակցությամբ և ներդրվել տարբեր երկրների կրթության համակարգերում, պատրաստ է ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ ներդնել նաև Հայաստանում: Վարչապետ Փաշինյանը կարևորել է նախաձեռնությունը և նշել, որ կհանձնարարի կառավարության պատասխանատու գերատեսչություններին վերջինիս հետ քննարկել այդ ուղղությամբ համագործակցության հնարավորությունները: Service Titan ընկերության հիմնադիրներից Արա Մահդեսյանը մանրամասներ է ներկայացրել ընկերության գործունեության և առաջիկա ծրագրերի մասին:

Նա նշել է, որ ընկերության հայաստանյան գրասենյակը, որը հիմնադրվել է 2018 թվականից, արդեն իսկ ունի 200 աշխատակից, ՀՀ-ում իրականացված ներդրումների ծավալը հասել է 40 մլն դոլարի: Պարոն Մահդեսյանն ընդգծել է, որ հայաստանյան թիմը շարունակաբար ընդլայնվում է, բացվում են նոր բաժիններ՝ նոր մասնագիտացումներով, իսկ ներդրումային նախագծերը շարունակաբար զարգանալու են:

Ծրագրերն ուղղված են ընկերության շարունակական աճի, պրոդուկտի բարելավմանը, լավագույն մասնագետների պատրաստմանն ու ներգրավմանը: Վարչապետ Փաշինյանը ողջունել է Service Titan-ի հաջող գործունեությունը և հավելել, որ ինչպես այս ընկերությունը, այնպես էլ ոլորտում հաջողություններ արձանագրող մյուս կազմակերպությունները նպաստում են Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի շարունակական զարգացմանը: Այս առումով, կառավարության ղեկավարը կարևորել է բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստումն ու վերջիններիս երկարաժամկետ գործունեությունը Հայաստանում իրականացնելուն ուղղված քայլերը: