Բաքուն կեղծում է. ադրբեջանական խաղաղ բնակչության «թիրախավորման» մասին անգամ Ադրբեջանը չի հաղորդել. Fip

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ նախօրեին երեկոյան տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում հայկական կողմը կրակ է բացել Ադրբեջանի խաղաղ բնակչության նկատմամբ:Այս մասին տեղեկացնում է Fip.am-ը:

Նա, մասնավորապես, նշել է. «Վերջին մեկ ամսվա ընթացքում ադրբեջանական դիրքերի և խաղաղ բնակչության ուղղությամբ Հայաստանի կողմից պարբերաբար կրակ բացելու, Ադրբեջանի սահմանների երկայնքով ռազմականացման ավելացման և տարածքների շարունակական ականապատման փաստը վկայում է այն մասին, որ Հայաստանը պատրաստվում է լայնածավալ ռազմական սադրանքի»:

Իրականում, սակայն, թեև վերջին շաբաթներին Բաքվի ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցները հայտնում էին ՀՀ ԶՈՒ կողմից իբր հրադադարի ռեժիմը խախտելու դեպքերի մասին, սակայն վերջին մեկ ամսվա ընթացքում անգամ Ադրբեջանի պետական գերատեսչությունները չեն հայտնել Ադրբեջանի խաղաղ բնակչության նկատմամբ կրակ բացելու մասին:

Վերջին մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանը պարբերաբար մեղադրում էր հայկական կողմին ադրբեջանական դիրքերի գնդակոծման համար: Ավելին՝  հաղորդագրությունների հիմնական մասում մատնանշվում էին Քարվաճառի (Քելբաջար) և Քաշաթաղի (Լաչինի) շրջանները, որտեղ ադրբեջանցի խաղաղ բնակչություն չի ապրում: Միակ դեպքը, երբ Ադրբեջանը հայտնել է քաղաքացիական օբյեկտի թիրախավորման մասին, եղել է սեպտեմբերի 7-ին, երբ ըստ հաղորդագրության, իբրև թե վնասվել էր Բերձորում (Լաչին) շինարարական աշխատանք կատարող մեքենան: 

Հայաստանը պաշտոնապես հերքել է բոլոր մեղադրանքները, Ադրբեջանը իր պնդումները հաստատող որևէ փաստական ապացույց չի ներկայացնում:  

Այսպիսով, Ադրբեջանի պնդումը, թե հայկական կողմը վերջին մեկ ամսում թիրախավորել է խաղաղ բնակչությանը, կեղծ է, քանի որ անգամ ադրբեջանական կողմը չի հայտնել նման դեպքերի մասին: