ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձը Առողջության համաշխարհային օրվա կապակցությամբ

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձը Առողջության համաշխարհային օրվա կապակցությամբ
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձը Առողջության համաշխարհային օրվա կապակցությամբ

Անվտանգ սնունդ՝ «ֆերմայից մինչև ափսե»

Բակտերիաներով, վիրուսներով, մակաբույծներով կամ քիմիկատներով աղտոտված սնունդն ավելի քան 200 հիվանդությունների պատճառ է դառնում՝ սկսած դիարեայից մինչև քաղցկեղ: Անընդհատ ի հայտ են գալիս սննդի անվտանգությանը սպառնացող նոր վտանգներ: Պարենամթերքի արտադրման, բաշխման և սպառման եղանակի փոփոխությունները, դիմացկուն բակտերիաների ի հայտ գալը, ճամփորդությունների շատանալը և առևտրի ծավալների ընդլայնումը բարդացնում են ախտածին մանրէների և աղտոտիչ տարրերի վերահսկումը, երբ դրանք գտնվում են մեր սննդի շղթայում:

 

Սննդամթերքի վտանգավորությունը համաշխարհային խնդիր է՝ հիմնականում վատ լուսաբանված և հաճախ անտեսված: Այն պայմաններում, երբ սննդի մատակարարման շղթան ձգվում է ամբողջ աշխարհով, էլ ավելի վճռորոշ է դառնում սննդի անվտանգության համակարգերի ամրապնդումը: Այդ է պատճառը, որ Առողջապահության համաշխարհային օրը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ է անում երկրներին և բոլոր դերակատարներին  բարելավել սննդամթերքի անվտանգությունը՝ գյուղացիական տնտեսությունից մինչև ափսե և այդ ժանապարհի ցանկացած կետում:

Անվտանգ սննդի արտադրությունը կարևոր է տնտեսությունների համար. այն խթանում է առևտուրն ու զբոսաշրջությունը և նպաստում պարենային անվտանգությանն ու կայուն զարգացմանը: Սննդի անվտանգությունը կարևոր է նաև կրթության ոլորտում. հիվանդ երեխաները բացակայում են դասերից, և հենց դպրոցում է, որ սպառողների հաջորդ սերունդը կարող է իմանալ սննդամթերքի անվտանգության հիմնական միջոցառումների մասին:
 
ԱՀԿ-ն և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն աշխատում են միասին՝ սահմանելու անվտանգ սննդամթերքի միջազգային չափանիշներ: Նրանք գնահատում են պարենամթերքի նոր տեխնոլոգիաների անվտանգությունը և երկրներին օգնում կանխել ու հայտնաբերել սննդային ծագման հիվանդությունների բռնկումները և արձագանքել դրանց: Այդ գործակալությունները նաև օգնում են երկրներին ստեղծել սեփական կարողություններ՝ կանխատեսելու և վերահսկելու սննդային ծագման հիվանդությունների ռիսկերը:

Սննդամթերքի արտադրության, բաշխման և պատրաստման մեջ ներգրավված բոլոր մարդիկ պետք է իրենց մասով նպաստեն սնունդն անվտանգ դարձնելու գործին: Կառավարությունները պետք է քաղաքացիներին տեղեկացնեն սննդամթերքի անվտանգության կարևորության մասին: Առողջության, գյուղատնտեսության, առևտրի և շրջակա միջավայրի ոլորտները պետք է միասին աշխատեն:

Առողջապահության համաշխարհային օրը եկեք բոլորս հարց տանք՝ որքանո՞վ է մեր սնունդն անվտանգ: Մենք բոլորս մեր դերն ունենք «ֆերմայից մինչև ափսե» ճանապարհին սննդամթերքի անվտանգությունը պահպանելու գործում: