Հայաստանում կանայք կամավոր հիմունքներով զինվորական ծառայություն կանցնեն. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Հայաստանի ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, որով ներդրվում է իգական սեռի ներկայացուցիչների՝ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության համակարգ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին և «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 62 կողմ, 26 ձեռնպահ ձայներ:

«Ներդրվում է իգական սեռի քաղաքացիների՝ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության համակարգ: Դիմում կարող են ներկայացնել 18-27 տարեկան իգական սեռի ՀՀ քաղաքացիները, որոնց պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է 6 ամիս»,-ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

 Սահմանվում են դիմում ներկայացնելու ժամկետները՝ մինչև համապատասխան տարվա մարտի 1-ը կամ հոկտեմբերի 1-ն այն հաշվարկով, որ հնարավոր լինի ամբողջ ծավալով իրականացնել նրանց զինվորական հաշվառման և առողջական վիճակի գնահատման գործընթացը: Մինչև մարտի 1-ը կամ հոկտեմբերի 1-ը դիմում ներկայացնելու դեպքում նրանք ենթակա են լինելու այդ օրվան հաջորդող զորակոչին, իսկ այդ ժամկետներից հետո ներկայացված դիմումներով՝ դիմումի տրման օրվան հաջորդող զորակոչի ժամանակ: Դիմումը տալուց հետո իրավունք են ունենալու մինչ զորակոչվելու օրը հրաժարվել պարտադիր զինվորական ծառայությունց: 

«Զորակոչված իգական սեռի զինծառայողներն առանց վիճակահանության նշանակվում են ուսումնական զորամաս, և ծառայությունը կազմակերպվում է բացառապես այդ զորամասում: Այդ նպատակով ընթացքի մեջ է առանձին զորամասի տեսքով կանանց գումարտակի ձևավորման գործընթացը, որի վարչակազմը հանդիսանալու է պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվող կանայք»,-ասաց նախարարը:

6-ամսյա ժամկետը լրանալու կամ մինչև լրանալն առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքում ստանում են պատվովճար, որը նախատեսվում է սահմանել 6 ամիսը լիարժեք ծառայելու դեպքում՝ 1 մլն դրամ, իսկ վաղաժամկետ զորացրվելու պարագայում՝ նշված գումարը 6 ամսվա բաժանելու և փաստացի ծառայած ամիսների թվով բազմապատկելու չափով:

Զորացրված իգական սեռի քաղաքացիները հաշվառվելու են պահեստազորում: Պահեստազորային հաշվառման շրջանակներում օրենքով սահմանված կարգով ենթակա են լինելու վարժական հավաքների և զորահավաքային զորակոչի:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նախագծի առնչությամբ նշեց, որ ԶՈՒ-ում կանայք շատ վաղուց են ծառայում՝ իրականացնելով փայլուն ծառայություն: «Հայաստան» խմբակցությունն ունի մտահոգություններ, որ անհավասար պայմաններ են ստեղծվում, կան այլ մտահոգություններ ևս, այսպիսով ձեռնպահ են քվեարկելու: