Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ-ում խոսեց ներքաղաքական զարգացումներից, ԼՂ հարցից եւ հայ-թուրքական հարաբերություններից

Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ-ում խոսեց ներքաղաքական զարգացումներից, ԼՂ հարցից եւ հայ-թուրքական հարաբերություններից
Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ-ում խոսեց ներքաղաքական զարգացումներից, ԼՂ հարցից եւ հայ-թուրքական հարաբերություններից

Քիչ առաջ Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում գտնվող Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նիստում, որի ընթացքում անդրադարձել է ինչպես Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, այնպես էլ` արտաքին քաղաքականությանը եւ մասնավորապես, ԼՂ հիմնախնդրին եւ հայ-թուրքական հարաբերություններին:
 
Սարգսյանը նշել է, թե Հայաստանի ժողովուրդը կատարել է իր պատմական եւ անշրջելի ընտրությունը, եւ Եվրոպային մերձենալու մեր ճանապարհը ո՛չ միայն ունի առանձնահատկություններ, որոնք բնական են, այլև լրացուցիչ բարդություններ, որոնք բնական չեն (օրինակ՝ Հայաստանի դեմ իրականացվող արհեստական և ապօրինի շրջափակումը մեր երկու հարևանների կողմից):

 

Նա նշել է նաեւ, թե վերջին երկու տասնամյակների ընթացքում Եվրոպայի խորհուրդը եղել եւ մնում է առանցքային գործընկեր Հայաստանի պետականաշինության եւ ժողովրդավարության կայացման գործում, եւ որ Հայաստանում ոմանք նույնիսկ կատակում են, թե «մեր երկրում առկա է քաղաքական համակարգի երեք տարր՝ իշխանություն, ընդդիմություն եւ Եվրոպայի խորհուրդ»:

Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին, Սարգսյանն ասել է, թե 2008 թվականին մեր երկիրը բախվեց ծանր խնդիրների եւ մարտահրավերների:

«Մարտյան ողբերգական իրադարձությունների հետևանքները հաղթահարելու ուղղությամբ իշխանությունների քայլերը մենք հանգամանորեն քննարկել ենք մեր բոլոր, այդ թվում` Եվրոպայի խորհրդի գործընկերների հետ: Երբեմն լուրջ տարաձայնություններ ենք ունեցել եւ չենք համաձայնել միմյանց գնահատականների հետ, բայց գերազանցապես մենք օգուտ ենք քաղել այդ շփումներից, խոհեմ խորհուրդներից ու բանավեճերից: Առանց դրանց անհնար կլիներ առաջ գնալ մարտյան ողբերգությունից հետո՝ խուսափելով նոր առճակատումներից ու աղետներից: Թույլ տվեք այսօր հարգանքի և գնահատանքի խոսքեր հղել Հայաստանի համազեկուցողներ պարոնայք Պրեսկոտին, Կոլոմբիեին և Ֆիշերին, ինչպես նաև հանձնակատար պարոն Համմարբերգին՝ իրենց արդյունավետ և հետևողական ներգրավվածության համար»,- ասել է Սարգսյանը: 

Սերժ Սարգսյանն ասել է, թե «մենք սովորում ենք լսել ու հարգել միմյանց կարծիքը, սովորում և մեզանում քայլ առ քայլ արմատավորում ենք, որ իշխանությունն ու ընդդիմությունը թշնամիներ չեն, և պարտադիր չէ, որ ուժեղն իր ուժը ցույց տալու համար անպայման տրորի դիմացինին»: 

Սարգսյանն ասել է նաեւ, թե 2008 թվականի քաղաքական ճգնաժամը ի հայտ բերեց մեր իրավական համակարգի, օրենսդրության և իրավակիրառական պրակտիկայի նոր խոցելի կողմեր` ստիպելով մեզ բազմապատկել մեր ջանքերը, ինչի արդյունքում լրջորեն վերանայվեց օրենսդրությունը:

«Ընթանում են համակարգային արմատական բարեփոխումներ ոստիկանության ոլորտում: Մշակվում է 2012-2014 թվականների դատաիրավական բարեփոխումների ծրագիրը, որը պետք է իսկապես լուծի դատարանների անկախության երաշխավորման` առաջնահերթ համարվող խնդիրը: Կարևոր փոփոխություններ կատարվեցին զանգվածային անկարգություններին ու իշխանությունը բռնությամբ զավթելուն վերաբերող` ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներում: Հավաքների ազատությունը երաշխավորելու նպատակով ամբողջովին վերանայվեց համապատասխան օրենքը: Նոր օրենքը հիմնված է լիովին այլ փիլիսոփայության վրա` ելնելով հավաքների ազատության և ոչ թե սահմանափակման կանխավարկածից: Այդ օրենքի սահմաններում պետությունը երաշխավորում է բոլոր քաղաքական և հասարակական ուժերի օրինական գործողությունները»,- ասել է Սարգսյանը:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին, Սարգսյանն ասել է, թե մեզ համար ամենակարևոր հարցը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ և արդարացի կարգավորումը:

«Երկու օրից տեղի կունենա Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի Նախագահների եռակողմ հանդիպումը, որի նախօրեին համանախագահ երկրները ներդրել են բոլոր ջանքերը, որպեսզի վերջնականապես ամրագրվեն հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները: Մենք խոսում ենք փոխզիջումների ճանապարհով հարցը լուծելու մասին: Բայց մեր դեպքում ստացվում է, որ զիջում պետք է կատարենք նրան, ով սպասում է մեզ վրա կրակելու հարմար առիթի: Նման իրավիճակում շատ բարդ կլինի որևէ մեկի համար Հայաստանի հանրությանը, Ղարաբաղի հանրությանը` դարեր շարունակ այնտեղ բնակվող բնիկ հայ ժողովրդին, համոզել, որ անհրաժեշտություն է ինչ-ինչ զիջումներ անել մի երկրի, որտեղ հայի նկատմամբ կա նման անհանդուրժողականություն և կան ծայրահեղ ռասիստական տրամադրություններ»,- ասել է Սարգսյանը:

Նա նաեւ հավելել է, թե անգամ այս պայմաններում «մենք` կարևորելով տարածաշրջանային կայունությունն ու զարգացումը, Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանում մեծացող սերնդի անվտանգ ապագայի խնդիրը, ցուցաբերելով բարի կամք և կառուցողականություն, առաջընթացի ակնկալիքով ենք մեկնելու Կազան»:

Սարգսյանը խոսել է նաեւ այն մասին, թե այդ հարցում ինչ կարող է անել ԵԽ-ն:
«Անկախ նրանից, թե ով ինչպես է պատկերացնում ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը, մի բան հստակ է. Ղարաբաղը եղել է, կա և կմնա Եվրոպայի մաս: Թեկուզ դեռ չճանաչված, բայց, միևնույն է, մաս: Գիտակցո՞ւմ ենք արդյոք, որ Ղարաբաղի այսօրվա հանրությունը Եվրոպական հանրության` եվրոպական ընտանիքի մասնիկ է` անկախ իր պետության քաղաքական կարգավիճակից: Եվ ժամանակը չէ՞ արդյոք, որ Եվրոպայի խորհուրդը ուղղակիորեն աշխատի Ղարաբաղի հետ` իր իսկ գործառույթների կարևորագույն դաշտով` Մարդու իրավունքների պաշտպանություն, քաղաքացիական հասարակության ձևավորում, ժողովրդավարություն, հանդուրժողականություն և այլն»,- ասել է Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը նաեւ անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին` նշելով, թե երկու տարի առաջ նախաձեռնել են Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը, որը թույլ կտար դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանները բացելու միջոցով հետզհետե վերացնել մոտ հարյուր տարի գոյություն ունեցող անջրպետը:

«Պետք է նշեմ, որ այդ գործընթացում մեզ համար չափազանց կարևոր էր ոչ միայն միջնորդ երկրների, այլև ընդհանրապես միջազգային հանրության, այդ թվում նաև Եվրոպայի խորհրդի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների ոգևորիչ և մշտական աջակցությունը: Ցավոք սրտի, անգամ նման սատարման պայմաններում, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը մտավ փակուղի»,-ասել է Սարգսյանը: 

Դրա պատճառը, Սարգսյանի խոսքով, մեկն էր` Թուրքիան վերադարձավ նախապայմանների առաջադրման իր գործելաոճին, չհարգեց ստանձնած պարտավորությունները, ինչը անհնարին դարձրեց ստորագրված արձանագրությունների վավերացումը:

«Այդուհանդերձ, մենք պատրաստ ենք խնդիրները հաջորդ սերունդներին չթողնել: Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը կարևոր է ոչ միայն հայերի և թուրքերի համար, այլև տարածաշրջանում, կարծում եմ նաև ողջ Եվրոպայում խաղաղության, կայունության և համագործակցության մթնոլորտի հաստատման առումով: Հայաստանի անօրինական շրջափակմանը պետք է վերջ դրվի»,- ասել է Սարգսյանը:

© Medialab.am