«Ո՞վ է ծախել հողը, ծախել ենք ազգովի, զինվորներին թողել ենք մենակ, նրանք շրջափակման վտանգի տակ էին, Ստեփանակերտն արդեն պաշտպանող չուներ»․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի ուղիղ եդթրեով անդրադարձավ հարցին, թե ովքեր են դավաճաններն ու հող ծախողբները։

Ներկայացնում ենք Արայիկ Հարությունյանի հայտարարությունը․

«Ես հիմա կասեմ, թե դավաճաններն ու հող ծախողներն ովքեր են։ Առաջին անգամ ահազանգել են հոկտեմբերի 3-ին, երբ հակառակորդը գրավել էր Մատաղիսն ու Թալիշը, վտանգված էր Արցախի հյուսիսային հատվածը։ Եղնիկներ կոչված տեղամասում մեր զորքի մի մասը խուճապահար փախնում էր, չունեինք մարդկային ռեսուրսներ, որպեսզի կարողանայինք Եղնիկների առաջնագծում գտնվող մեր տղաների թիկունքը պահել։ Եվ այդ օրը վաղ առավոտյան ես կոչ եմ արել ու ասել՝ ես գնում եմ առաջնագիծ։ Այդ օրը, երբ հատուկ ստորաբաժանումների հետ պետք է գնայինք, Հայաստանից եկած Ազգային անվտանգության ծառայության, մեր ամենաուժեղ էլիտար ստորաբաժանումները և նաև Արցախից ուժեր հրաժարվել են գնալ Եղնիկներ։ Խնդրեմ եմ, աղաչել եմ, ասել եմ՝ ձեր առաջ ես եմ գնալու, ստացել եմ բացասական պատասխան, չեն եկել, թողել են երկրի նախագահին մենակ առաջնագիծ գնալու ժամանակ։ Դրա մասին արտահայտվում եմ, որովհետև ստիպված եմ արտահայտվել։ Կհարցնեք Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ամենաէլիտար ստորաբաժանման անդամներին, թե ինչպես են մերժել խնդրանքս։ Աղաչել եմ, պաղատել եմ, գնում ենք առաջնագիծ, որովհետև զորքի մի մասը գտնվում էր առաջնագծում, իսկ թիկունքը բաց էր։ Շատ քիչ զորք միացավ ինձ, կարողացանք կատարել այն խնդիրը, որի շնորհիվ այսօր Եղնիկներն ամբողջությամբ գտնվում են մեր վերահսկողության տակ։

Հոկտեմբերի 3-ին կոչ եմ արել և ասել եմ՝ օրհասական վիճակում ենք, մարդկային ռեսուրս է պետք, մյուս կոչս՝ հոկտեմբերի 15-ին և այլն։ Ամեն անգամ զգուշացնում էի՝ ունենք մարդկային ռեսուրսների կարիք։ Ի դեպ, մի քանի օր առաջ ռուսական մի խոշոր ռազմական վերլուծաբան ասել է հայերին՝ ուզո՞ւմ եք հաղթել Ղարաբաղյան պատերազմում, պետք է մոբիլիզացնել մինչև 80-100 հազար մարդ։ Եթե չէ, կրվելու եք։ Չեմ ուզում ասել՝ ինչքան մարդ է միացել, բայց կամավորական կլինի, թե պահեստազոր, զորքին թողել եք մենակ, 18 տարեկաններին թողել եք մենակ։

Կամավորական ջոկատներ կային, այո։ Մի մասը մինչև վերջ կատարել է խնդիրը, մի մասը մեկ օր էլ չի մնացել։ Պահեստազորից համալրված ստորաբաժանումներ եկել են, մի մասը մի քանի ժամ, մի մասը մի քանի օրով։ Կոնկրետ մի դեպք նշեմ, զեկուցագիր ունեմ, մեր գնադապետ Գրիգորի Սահակյանը, որը պետք է ուղեկցեր 2 ստորաբաժանում, ՀՀ-ից ժամանած երկու գումարտակ, զեկուցել է, որ հրաժարվում են Շուշիի պաշպանության պլանավորած կարևոր օպերացիային մասնակցելուց։ Չհասած դիրքերը՝ հրաժարվել են։ Ո՞վ է ծախել հողը, ծախել ենք ազգովի։ Դավաճանել ենք մեր զինվորին, 18-20 տարեկան մեր երեխաներին, մեր բալիկներին։ Բոլորս միասին ենք դավաճանել, դավաճան չփնտրեք։

Այն կանայք, որոնք Ֆեյսբուքով սկսել են վայրահաչոցը իմ և մնացած այլ ղեկավարների նկատմամբ, բացի զոհվածների հարազատներից, նրանք իրավունք ունեն բոլորիս համարել դավաճան։ Ձեր ամուսինների, ձեր տղաների տեղն եմ ման գալու, որտե՞ղ են եղել։ Այն քաղաքական գործիչները, որոնք այսօր փորձում են դավաճաններ փնտրել, հատ-հատ թող ներկայացնեն իրենց տղաների, եղբայրների, իրենց մասնակցությունը։ Որտե՞ղ եք եղել, առաջնագծում պետք է լինեիք։ Ում հարցնում ենք, ասում են՝ եղել ենք Օմարում։ Օմարում, այո, շատ ծանր ճակատամարտ ենք ունեցել մի քանի օր։ Եվ շնորհիվ զինվորականների, որևէ մեկը չվերագրի իրենց, շնորհիվ զինվորականների կարճ ժամկետում կարողացել ենք վերականգնել դիրքերը։ Սելֆի անելով՝ ազգին խաբել եք՝ գտնվում ենք առաջնագծում։ Հիմնական դավաճանը մենք բոլորս ենք, որ զինվորներին թողել ենք մենակ։

Ինչո՞ւ ենք վերջում պարտադրված զինադադար կնքել, որովհետև այդ զինվորները շրջափակման վտանգի տակ էին, երբ Ստեփանակերտն արդեն պաշտպանող չուներ։ Ո՞ւր էին կամավորականները, ո՞ւր էր աշխարհազորը, ո՞ւր էին իմ սիրելի ստեփանակերտցիները, որոնք այսօր փնտրում են դավաճաններ։ Իսկ վերջին օրը Ստեփանակերտի մատույցներում մեկ, երկու, երեք հարյուր պաշտպանող ունեինք առավելագույնը, իսկ սահմանը՝ շատ մեծ։ Միայն թիկունքի հյուսիսային մասն էր պաշտպանված։ Մեծ հնարավորություն  ունեին թիկունքով մտնել Ստեփանակերտ և գերել ու ոչնչացնել Ստեփանակերտում մնացած այդ մի քանի հարյուր հոգուն»։