Ադրբեջանն ուզում է խաղաղության պայմանագիր, որում խաղաղությունը նշված է լինելու միայն վերնագրում. Դավիթ Ստեփանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ Դավիթ Ստեփանյանը

– Պարո՛ն Ստեփանյան, լսելով Հանրային հեռուստաընկերությանը Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի տված հարցազրույցը, ձեր տպավորությամբ, ի՞նչ բովանդակությամբ խաղաղության պայմանագիր է ուզում կնքել ադրբեջանական կողմը։ 

– Ադրբեջանը ուզում է խաղաղության պայմանագիր, որում խաղաղությունը նշված է լինելու միայն վերնագրում՝ եթե շատ կարճ: Բովանդակային առումով այնտեղ որևէ խաղաղություն ապահովելու ռեալ մեխանիզմ, որքանով ես եմ հասկանում, նաև այդ հարցազրույցից, ուղղակի չի լինելու։ Սա լինելու է հերթական նոյեմբերի 9-ի անատամ, անբովանդակ փաստաթուղթ, որում որևէ երաշխիք չի լինելու, որ այդ փաստաթղթի ընդհանուր դրույթները, իսկ այնտեղ լինելու են ընդհանուր դրույթներ, կարող են կյանքի կոչվել։ 

– Իսկ հայկական կողմը կկարողանա՞ այնպես անել, որ այդ փաստաթղթի հիմնական դրույթները կիրառելի լինեն գործնականում։

– Դե, լսելով այն մեսիջները, որը հնչեցնում է մեր իշխանությունը, խոսքը պարոն Գրիգորյանի հարցազրույցի մասին չէ, օրինակ՝ լսելով Ալեն Սիմոնյանին, որն ասում է, թե անպայման չէ դելիմիտացիան և դեմարկացիան մաս կազմի այդ պայմանագրի, Նիկոլ Փաշինյանին, որը խոսում է խաղաղությունից ինչ-որ մշուշոտ դրույթներով ու հստակ չի նշում մեր դիրքորոշումը, տպավորություն է ստեղծվում, որ մենք այնքան էլ հակված չենք այնպես անել, որ այդ պայմանագիրը լինի վերջնական, որ այն իրոք բերի խաղաղություն: Տպավորություն է ստեղծվում, որ մենք դրա համար, երևի, ռեսուրսներ չունենք։ 

– Իսկապես չունե՞նք, թե՞ դա միայն տպավորություն է։

– Ցանկացած ռեսուրս կախված է երկու հանգամանքից․ առաջինը՝ տվյալ ղեկավարության քաղաքական կամքն է, եթե ունի այդ կամքը, պետք է պատրաստ լինի, որ այդ կամքի համար կարող է նա անձնական պատիժ կրել դրսի ուժերի կողմից, երկրորդը՝ աշխարհաքաղաքական ու քաղաքական ստատուս քվոյի փոփոխությունն է։ 

Այսօրվա պայմաններում մենք, միգուցեև, իսկապես, չունենք ռեսուրս, որ պիտի մեր կամքը թելադրենք Ադրբեջանին, կամ այն դրույթները, որոնք բխում են մեր ազգային անվտանգությունից, սեփական շահից, մտցնենք այդ պայմանագրի մեջ, բայց եթե մենք ունենանք այդ կամքն ու փոխենք այդ աշխարհաքաղաքական ստատուսը, որը կա մեր տարածաշրջանում և վերաբերում է մեզ, ապա կարող է այնպես լինել, որ մենք ունենանք այդ ռեսուրսը և դուրս գանք այս վիճակից։ 

– Պարո՛ն Ստեփանյան, այսինքն՝ կարծում եք, որ առանց սահմանազատման ու սահմանագծման գնալ խաղաղության պայմանագրի կնքման սխա՞լ է։

– Ես չգիտեմ՝ այդ պայմանագրում ինչ է նշված, ես տարբեր մեսիջներ եմ լսում տարբեր կողմերից, ու ես չեմ կարող վստահ ասել դա, բայց վերլուծելով այն, ինչ կա, ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ այդ խաղաղության պայմանագիրը կնքելով մենք որևէ պրոֆիտ չենք ունենա, իսկ պրոֆիտներ ունենալու է միայն Ադրբեջանը, որովհետև վերջինս այդ պայմանագրով որևէ հստակ պարտավորություն իր վրա չի վերցնում: Այնտեղ հիմնական դրույթներն են՝ տարածքային ամբողջականության ճանաչում, բայց պարամետրերը չեն նշվում, իսկ այդ պարագայում չի՞ նշանակում, որ ադրբեջանցիները շարունակելու են օկուպացնել մեր տարածքը, չի՞ նշանակում, որ վաղը կարող է հերթական ագրեսիա լինել։ 

Եթե նրանք պատրաստ են չգնալ այդ քայլի, ի՞նչն է նրանց խանգարում, որ ճանաչեն Հայաստանն այն սահմաններով, որ կա, որովհետև Հայաստանը դրա դիմաց ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախն էլ՝ հետը: 

Խնդիրն ակնհայտ է, Ադրբեջանը չի ցանկանում գնալ խաղաղության այն պարամետրերով, որը կա այսօր, նա ցանկանում է նոր ձեռքբերումներ ունենալ: Դե, եթե ցանկանում է նոր ձեռքբերումներ, ո՞րն է նման պայմանագիր ստորագրելու իմաստը, որ Ալիևն ամբողջ աշխարհին ցույց տա, որ ինքը խաղաղարար մա՞րդ է, մեր պրոֆիտը ո՞րն է այդ ամենում։

– Իսկ այդ պայմաններում արդյոք ճի՞շտ է խոսել խաղաղության պայմանագիր կնքելու մասին, ի՞նչ պետք է անի հայկական կողմը։

– Եթե խաղաղության պայմանագրի բովանդակությունը համապատասխանում է այն պատկերացումներին, որն ունենք մենք այսօր, մեզ նման պայմանագիր պետք չէ, որովհետև սա մեզ որևէ պրոֆիտ, որևէ դրական գործընթացի չի բերելու, ու սա ուղիղ ճանապարհ է, որպեսզի հետագայում Ադրբեջանը հերթական անգամ մեզ ինչ-որ մեղադրանք ներկայացնի, օրինակ՝ սահմանազատման ժամանակ ասելու են, որ Տիգրանաշենն իրենցն է, մենք ասելու ենք՝ չէ՛: Իրենք հարձակվելու են մեզ վրա ու ասեն, որ սովետական քարտեզներով, որն իրենց ձեռնտու են, իրենց տարածքն է։ Սա այն դեպքում, երբ իրենք Սովետական Ադրբեջանի իրավահաջորդը չեն։ 

Այս ամենը կարող էր ծիծաղելի լինել, եթե Ադրբեջանն իր թիկունքին չունենար Թուրքիա ու Ռուսաստան, և չլիներ զինված, այսինքն՝ նրանք որևէ հիմք չունեն դա անելու, բայց երբ դու ուժեղ ես, ու քո հետևում կանգնած են լուրջ տերություններ, դու դա կարող ես անել։ 

Իսկ ինչո՞ւ մենք դա չունենք, որովհետև չունենք դաշնակիցներ, ինչո՞ւ չունենք դաշնակիցներ, որովհետև 30 տարի մեր խաղադրույքը եղել է սխալ՝ Ռուսաստանի ուղղությամբ։ Հիմա էլ չեմ տեսնում հստակ ինդիկատորներ, որ իշխանությունը փոխում է խաղադրույքը, բայց եթե դա փոխվի, մենք կստանանք այդ դաշնակիցներին։ 

Այս տարածաշրջանում պետք է ապահովվի աշխարհաքաղաքական բալանս, իսկ մենք այսօր չունենք արտաքին այդ թիկունքը: Ունենք ինչ-որ երկրներ, որոնք կիսատ-պռատ փորձում են մեզ պաշտպանել՝ ելնելով սեփական շահերից, բայց նրանք մեր դաշնակիցները չեն, իսկ որպեսզի նրանք լինեն մեր դաշնակիցները, մենք պետք է հրաժարվենք մեր դե յուրե գոյություն ունեցող, բայց դե ֆակտո բացակայող դաշնակցից՝ Ռուսաստանից, այլ ճանապարհ չկա:

Եթե մենք շարունակենք այսպես ձգել, իրավիճակն այս տարածաշրջանում շարունակելու է մնալ նույնը, ու Ադրբեջանը մեզ վրա ճնշումներ գործադրելու հավելյալ լծակներ է ստանում, որովհետև մեր «դաշնակիցը» այսօր իր դաշնակիցն է, ճիշտ է, այն իրավիճակային է, բայց դրանից բան չի փոխվում: 

Կա շահերի համընկնում, իսկ եթե շահերը համընկնում են, ապա նրանք գործելու են միասին, իսկ դիմադրել նրանց՝ առանց դաշնակիցներ ունենալու, Հայաստանը չի կարող։ Դրա համար էլ այդ խաղաղության պայմանագիրն այսքան ժամանակ Բաքու-Երևան, Երևան-Բաքու գնում-գալիս է, բայց մեր առաջարկները, շահերը չեն հաստատվում այդ պայմանագրում։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am