Հայաստանը կարող է վարկեր ստանալ միջազգային կազմակերպություններից ավելի ցածր տոկոսադրույքներով

Հայաստանը կարող է վարկեր ստանալ միջազգային կազմակերպություններից ավելի ցածր տոկոսադրույքներով
Հայաստանը կարող է վարկեր ստանալ միջազգային կազմակերպություններից ավելի ցածր տոկոսադրույքներով

Այսպիսի առաջընթաց է սպասվում երկրի տնտեսության վերաբերյալ՝ Moody’S հեղինակավոր գործակալության նոր վարկանիշի հրապարակումից հետո

Moody’S վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Հայաստանի այսպես կոչված «սուվերեն» վարկանիշը «B1»-ից մինչև «Ba1»։

Կազմակերպության փորձագետները դրական գնահատական են տալիս Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացվածությանն ու ՀՆԱ աճի բարձր տեմպեր են կանխատեսում։

Ի՞նչ գործոններ են ազդել Moody’S-ի որոշման վրա

Կազմակերպության մասնագետների գնահատականով՝ Հայաստանի վարկանիշի բարձրացման վրա ազդել են մակրոտնտեսական ցուցանիշները, մասնավորապես, ՀՆԱ աճի բարձր տեմպն ու կայուն մակրոտնտեսական իրավիճակը։ Ավելին, նրանք կարծում են, որ այդ կայունությունը երկրում հետագայում էլ կպահպանվի։

Moody’S-ը դրական է համարում այն, որ Հայաստանի տնտեսական աճը դիվերսիֆիկացված է և որևէ ճյուղից խիստ կախվածություն չունի․

«Աճի գործոնների աճող դիվերսիֆիկացիան մակրոտնտեսական քաղաքականության կայունացման աճող փորձի հետ միասին բարձրացնում է Հայաստանի տնտեսության կայունությունը։ Պետական ֆինանսների ամրապնդմանն ուղղված շարունակական միջոցները նույնպես, հավանաբար, աստիճանաբար կվերականգնեն ֆիսկալ [տնտեսական կայունության ապահովմանն ուղղված պետական քաղաքականություն – JAMnews] հզորությունը, որը թուլացել է 2014-17թթ-ին»։

 Ի՞նչ է դա տալիս Հայաստանին

Moody’S-ի տվյալների վրա Հայաստանի լրատվամիջոցների ուշադրությունն է հրավիրել հենց վարչապետը։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ վարկանիշի բարելավումը նոր հնարավորություններ է ընձեռում իր կառավարությանը․

«Սա իսկապես կարեւոր իրադարձություն է, որը մեծացնում է միջազգային վստահությունը Հայաստանի տնտեսության նկատմամբ եւ էականորեն բարելավում մեր երկրի ներդրումային գրավչությունը»։

Ֆեյսբուքյան իր էջում վարչապետը գրել է նաև․

«Հատկապես կարևորվել է Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացումը, որն առավելապես զբաղված է բարձր տեխնոլոգիաների հետազոտմամբ ու զարգացմամբ և հանդիսանում է գիտելիքահենք տնտեսության ուժեղ հիմք»։

Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն այս առիթով ներկայացրել է JAMnews-ին իր կարծիքը․

«Moody’S-ի վարկանիշն, առաջին հերթին, ազդելու է վարկավորման տոկոսների վրա։ Այն վարկերի, որոնք մենք վերցնում ենք, և այն արժեթղթերի, որոնք թողարկում ենք։ Լինելով ավելի կանխատեսելի և վստահելի գործընկեր՝ մենք կարող ենք ֆինանսական հոսքեր ստանալ ավելի շահավետ պայմաններով։ Իսկ դա, իր հերթին, բարենպաստ ներդրումային կլիմա կստեղծի»։

Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Բագրատ Ասատրյանը համաձայնել է այս գնահատականին․

«Երբ բարձրանում է վարկանիշը, բարձրանում է նաև ընդհանուր առմամբ երկրի նկատմամբ վստահությունը։ Իսկ դա ուղղակիորեն ազդելու է տոկոսների վրա, որոնցով գնելու են մեր արժեթղթերը։ Դրանք պակաս ռիսկային ակտիվ կդառնան»։

Բագրատ Ասատրյանը մեկ այլ դրական գործոն էլ է մատնանշում․ վարկանիշի բարձրացումը կարող է բերել երկրի ներսում վարկավորման տոկոսադրույքների նվազմանը։

JAMNEWS