«Իրանն Ադրբեջանին ասում է՝ չափդ չանցնես, ոտքերդ վերմակի չափ մեկնիր». փորձագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ, Միջազգային և անվտանգության hարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Էմմա Բեգիջանյանը

– Տիկի՛ն Բեգիջանյան, ինչպե՞ս եք գնահատում վերջին օրերին Իրանից հնչող հայտարարությունները պատերազմական գործողությունների վերաբերյալ։ Տեսակետ կա, որ այս անգամ իր հայտարարություններում Իրանը կոնկրետ շեշտադրումներ է անում, և, ի տարբերություն նախորդ շեշտադրումների, այս անգամ դրանք ավելի հասցեական են: Դուք ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը և Իրանի դիրքորոշումը:

– Իրանը բոլոր մակարդակներում հայտարարում է, որ սահմանների փոփոխությունը անընդունելի է, և դա արդեն հասցեական է: Բացի այդ, Իրանի մամուլն էլ զուտ լրատվության առումով, երբեմն նաև վերլուծական նյութերի դեպքում, արդեն հղումներ է անում հայկական լրատվամիջոցներին, օրինակ՝ «Արմենպրեսին»: Եթե առաջ այլ աղբյուրներից էին օգտվում, այդ թվում Բաքվից, հիմա ես այդ փոփոխությունը հստակ տեսնում եմ: Որովհետև այստեղ խոսքն իրենց շահերին է վերաբերում:

Մեր շահերը Իրանի հետ համընկնում են, ուստի փոխհարաբերություններն իրականում կսերտանան: Ոչ թե պետք է անընդհատ հայտարարել, թե մենք օրինակ ենք տարբեր կրոններով երկրների սերտ բարեկամության և այլն, այլ իրական քայլեր արվեն: 30 տարի բոլոր հանդիպումներին, առանց բացառության, այդ կարգախոսներն ենք հնչեցրել: Ընդ որում՝ մեր և Իրանի քաղաքակրթությունները շատ մոտ են, ի տարբերություն թուրքերի: Ուզենք թե չուզենք, մեր շահերն Իրանի հետ են համընկնում:

Թուրքերն ու ադրբեջանցիները թշնամի են, Վրաստանն այլ դաշտում է, թուրքերի հետ զորավարժություններ են անում, ջերմ հարաբերություններ ունեն: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, նա ուզում է ներկա լինել Հարավային Կովկասում:

– Կոնկրետ ինչպե՞ս եք գնահատում Իրանի նախագահի, ԱԳՆ խոսնակի հայտարարությունները:

– Ես գնահատում եմ այսպես, որ Ադրբեջանին ասում են՝ չափդ չանցնես, ոտքերդ վերմակի չափ մեկնիր: Մինչ այս էլ բազմիցս իրանական կողմի վերլուծականներում այդ մասին նշվել է:

Այս ամենը միայն միտված է հենց դրան՝ բացել իրենց ուզած միջանցքը: Այստեղ ոչ միայն Ադրբեջանն է շտապում, այլ նաև Էրդողանը: Թուրքիայում ընտրություններ են լինելու, և Էրդողանի համար հաղթաթուղթ կլինի, եթե կարողանա դա իրականություն դարձնել:

Իսկ Ադրբեջանն էլ Թուրքիայի վիլայեթ է: Ընդ որում՝ քանի որ 44-օրյա պատերազմում Ռուսաստանը աչք փակեց Թուրքիայի արածի վրա, այս դեպքում էլ ինձ չի թվում, որ պետք է այսօր տեղի ունեցողը կապել Ուկրաինայում Ռուսաստանի նահանջի հետ:

Իսկ Իրանը և՛ նախագահի, և ԱԳ նախարարի մակարդակով հայտարարում է, որ տարածաշրջանում սահմանների փոփոխություն չպետք է տեղի ունենա: Իսկ Ադրբեջանի արածը սահմանների փոփոխության նպատակ ունի: Այս ամենի նպատակը հենց դա է՝ ոչնչացնել ու տիրել Հայաստանին:

Ես նայում եմ եվրոպական ու ամերիկյան հեղինակավոր լրատվամիջոցները, էլի նշվում է, որ իբր Հայաստանը սադրել է, ինչ-որ նպատակներ է ունեցել: Միայն մի երկիր է, որ անկողմնակալ է ներկայացրել զարգացումները՝ Իրանը: Ներկայացրել է երկուսի տեսակետները: Ուզում եմ ասել, որ էլի մենք մենակ ենք: Մենք պետք է հասկանանք, որ երբ հույսը մեզ վրա դնենք, այդ ժամանակ ինչ-որ բան կլինի:

– Այս պահին մենք միջազգային հանրության մեջ ի՞նչ աջակիցներ ունենք: Ինչպե՞ս եք գնահատում միջազգային արձագանքը: Այս անգամ կարծես ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ևս հասցեական հայտարարություններ արեցին:

– Այդպես հասցեական ես չեմ տեսել, ոչ մեկը չի ասել. բոլորը նշում են, որ մտահոգ են, կոչ են անում: Արդեն հոգնել ենք դրանից: Ես միջազգային հարթակում որևէ տարբերություն չտեսա: Հետևել եմ գրեթե բոլոր լրատվամիջոցներին, անգամ արաբական լրատվամիջոցներին։

– Իրանը ի՞նչ կարող է անել ստեղծված իրավիճակում։ Գիտեք, որ «3+3» ձևաչափով հանդիպումը պետք է տեղի ունենար Թեհրանում։

Ես առաջին օրվանից ասել եմ, որ «3+3» ձևաչափը ոչ մի տեղ չի տանելու, որևէ արդյունք չի տալու։ Այս ամենը չարաբաստիկ միջանցքի համար է արվում, ինչի մասին առաջին օրվանից եմ ասել։ Եվ ինչպես ասել եմ, «3+3»-ը նոր գաղափար չէ, տարիների պատմություն ունի։ Ընդ որում՝ Թուրքիան դրա տակ մի բան էր հասկանում, Իրանը մեկ ուրիշ տարբերակ էր առաջ քաշում: Թուրքիան ասում էր, որ այս ձևաչափի մի կողմում Թուրքիան, Ադրբեջանը և Ռուսաստանն են, մյուս կողմում՝ Հայաստանը, Վրաստանն ու Իրանը: Բոլոր պետությունների համար փաստ է, բայց որևէ մեկը դրա մասին չի խոսում։

Մանե Հարությունյան

MediaLab.am