21-22 թվականներին ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների ներկայացվել է 106 դատական հայց. Աշոտ Մելիքյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը

– Պարո՛ն Մելիքյան, ձեր անցկացրած մշտադիտարկումն ի՞նչ ցույց տվեց, որքանո՞վ են իրավաչափ ԶԼՄ-ների դեմ եղած դատական հայցերը։

– Նմանատիպ մոնիթորինգներն արվում են հիմնականում այն նպատակով, որպեսզի հնարավոր լինի համեմատել նախորդ ժամանակաշրջանների հետ՝ դատական պրակտիկան, դատական հայցերի հոսքը, փոփոխությունները որոշ միտումներում և այլն։ 

Մշտադիտարկման ընթացքում արձանագրել ենք, որ 21-22 թվականներին ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների ներկայացվել է 106 դատական հայց, որոնցից վարույթ են ընդունվել 93-ը, մնացած 13-ը չեն ընդունվել փաստաթղթերի թերի լինելու կամ հայցից հրաժարվելու հիմքով։ 

Այս 93-ից հայցվորների կեսից ավելին՝ 48-ը, ներկա կամ նախկին պաշտոնյաներ են, քաղաքական գործիչներ կամ պետական մարմիններ, ու սա ցույց է տալիս, որ, սովորաբար, այդ դատական հայցերի հոսքն ավելանում է այն ժամանակ, երբ երկրում հասարակական-քաղաքական վիճակը լարված է։ 

Եթե համեմատում ենք 21 և 22 թվականների գործերի թիվը, ապա 21-ին դրանք 66-ն էին, իսկ 22-ին դրանց թիվը եռակի նվազել է, ու դատական հայցերի թիվը 22 էր։ 

Ես խոսում եմ վիրավորանքի ու զրպարտության հիմքով գործերի մասին, որովհետև մնացած հիմքերով գործերը շատ փոքր թիվ են կազմում։ Այդ 93 վարույթ ընդունված գործերից 88-ը վիրավորանքի ու զրպարտության հիմքով էին, 5-ը՝ ադմինիստրատիվ, աշխատանքային իրավունքի խախտման և այլ հիմքով։ Դատական հայցերի նվազման միտումն ակնհայտ է, ու դա, ինչպես արդեն ասացի, պայմանավորված է հասարակական-քաղաքական իրավիճակով։ 

21-ին շատ բարդ էր իրավիճակը, որովհետև չէին դադարել նախ հետպատերազմյան ըմբոստության բողոքի ակցիաները, ինչը հանգեցրեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որի քարոզարշավն էլ շատ սուր էր, ու բնական է, որ այդ ժամանակահատվածում նույն քաղաքական գործիչները, պետական պաշտոնյաները շատ ավելի զգայուն են դառնում ու ավելի հաճախ են դիմում դատարաններ։ Մյուս կողմից պետք է արձանագրենք, որ ԶԼՄ-ներն են իրենց օգտագործած բառամթերքում երբեմն սուր ու հայհոյախառն ու, լրագրողական էթիկայի բոլոր նորմերը խախտելով, նյութեր հրապարակում։ 

Իսկ 2022-ին իրավիճակն ավելի հանգիստ էր, ու դա էր պատճառը, որ ընդամենը 22 դատական գործ է արձանագրվել վիրավորանքի ու զրպարտության հիմքով։ 

Մշտադիտարկումը ցույց տվեց, որ դատարանը հաճախ է կիրառում նյութական փոխհատուցման միջոցը, բայց դրական միտում կա, որ թեև խորհրդարանն ընդունեց օրենք, որով Քաղաքացիական օրենսգրքի 1087․1-րդ հոդվածում վիրավորանքի ու զրպարտության համար փոխհատուցման վերին շեմերը եռապատկեց, այդուհանդերձ, մոնիթորինգի ընթացքում տեսանք, որ դատարանները այդ վերին շեմերը ոչ միայն չեն կիրառում, այլ նաև շարունակում են շատ ցածր քանակի նյութական փոխհատուցումներ սահմանել։ Ունենք դեպքեր, երբ դատական վճիռներն ու որոշումները պատշաճ չեն պատճառաբանվում, ու հաճախ հասկանալի չի լինում, թե ինչի հիման վրա է դատարանը եկել նման որոշման։ 

Հետաքրքրական փաստ էլ ենք նկատել, որ միևնույն տեղեկատվական վեճերի վերաբերյալ դատարանները շատ տարբեր վճիռներ են կայացնում, մինչդեռ ուղղակի պարտավոր են դատական պրակտիկայի մոտեցումները հստակեցնել՝ դատական ծախսերը հաշվելիս, հայցի ապահովման կիրառելը կամ չկիրառելը որոշելիս, նյութական ու ոչ նյութական փոխհատուցման պարագայում, այնինչ տարբերությունները շատ-շատ են։ 

Ընդ որում՝ լինում են դեպքեր, երբ դատավորի փոփոխության պարագայում տրամագծորեն այլ դիրքորոշման ենք ականատես լինում։ Չեմ կարող նշել նման դեպքերը քանիսն են, որովհետև չունեմ այդ տվյալները, բայց տրամագծորեն տարբեր դիրքորոշումներ ունենալը հուշում է, որ, այնուամենայնիվ, դատավորները քաղաքականապես չեզոք չեն, քաղաքական կողմնորոշում ունեն, ինչն ազդում է կայացրած վճռի վրա։ 

– Իսկ հայցվորները հիմնականում իշխանությա՞ն ներկայացուցիչներն են, թե՞ նաև ընդդիմադիրներն են դատական հայցեր ներկայացնում ԶԼՄ-ների դեմ։

– Այդ կատեգորիան մենք հետևյալ կերպ ենք ձևակերպել․ նշել ենք նախկին ու ներկա իշխանավորներ, քաղաքական գործիչներ ու պետական մարմիններ։ Քաղաքական կողմնորոշումն էլ չենք տարանջատել, ուղղակի ասում ենք, որ 48-ում հայցվորները ներկա կամ նախկին պաշտոնյաներ են, քաղաքական գործիչներ, որտեղ և՛ ընդդիմությունն է, և՛ իշխանությունը ու պետական մարմիններ, որովհետև կան նաև նախկին իշխանավորներ, որոնք ակտիվորեն վիճարկում են իրենց հասցեին հնչեցված քննադատությունները։ Կան բազմաթիվ գործեր, որոնցով լրատվամիջոցներն անցել են թույլատրելի շեմը ու արել են այնպիսի հրապարակումներ, որոնք ենթադրում են պատասխանատվություն։

– Իսկ ԶԼՄ ներկայացուցիչների հայցերն ընդդեմ քաղաքական այս կամ այն գործիչների դիտարկե՞լ եք, թե՞ չէ։

– Չէ՛, մեզ հետաքրքրում էր ընդդեմ լրագրողների ու լրատվամիջոցների, բայց մենք այստեղ ունենք դեպքեր, երբ լրատվամիջոցը ընդդեմ լրատվամիջոցի կամ լրագրողական կազմակերպության հայցեր է ներկայացրել։ Իսկ որտեղ լրագրողն է դիմել, որոնք շատ քիչ են, ի դեպ, վերաբերում են տեղեկատվության ազատությանը, երբ լրագրողները դիմում են դատարան՝ խնդրելով պարտավորեցնել պետական մարմնին կամ պաշտոնյային՝ տրամադրել իրենց հետաքրքրող ինֆորմացիան։ Սրանք մեր հետազոտության առարկան չէին։ 

– Պարո՛ն Մելիքյան, 2018 թվականից հետո ի՞նչ փոփոխություններ են արձանագրվել ոլորտում կոնկրետ այս մասով։

– Մինչև հեղափոխությունը ամենաշատ հայցեր եղել են 2017-ին՝ 60 դատական գործ, 2018-ին՝ 13, 2019-ին՝ ասում էինք, որ աննախադեպ են դատական հայցերը, ինչը կապված էր այդ հետհեղափոխական շրջանի վայրիվերումների հետ, ու այդ ժամանակ 66 դատական գործ գնաց, 2020-ին՝ 48, իսկ 2021-ին՝ նորից կրկնվել է այդ «ռեկորդը»՝ 66 դատական գործ ընդդեմ լրագրողների ու լրատվամիջոցների՝ վիրավորանքի ու զրպարտության հիմքով, անցած տարի՝ 22-ն է, երեք անգամ քանակը իջել է։

– Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ բոլոր հայցերն օրինաչա՞փ են եղել, անհիմն հայցեր չկա՞ն ԶԼՄ-ների դեմ։

– Եղել են հայցեր, որոնք մերժվել են, և համարվել է, որ լրատվամիջոցն իրավաչափ է գործել, բայց, որպես կանոն, մոտեցում կա, որ դատարանները, եթե բավարարում են այդ հայցը, ապա հաճախ աշխատում են սահմանափակվել ոչ նյութական պատասխանատվության ենթարկելով, այն է՝ հերքել այդ հրապարակումը, ներողություն խնդրել ու վճարել դատական ծախսերը։ 

– Պարո՛ն Մելիքյան, իսկ այս դատական հայցերը որքանո՞վ են նպաստում, որ ԶԼՄ-ները հետագայում էթիկայի նորմերին համապատասխան աշխատեն։

– Ճիշտն ասած, դժվար է դա հասկանալ, ազդեցությունն այդպես ուղիղ չէ, բայց ամեն դեպքում այն փաստը, որ նույն 2022-ին 3 անգամ պակասել է այդ հայցերի քանակը, կարծում եմ, ոչ միայն հասարակական-քաղաքական իրավիճակով է պայմանավորված, այլ նաև, որոշ առումով, ԶԼՄ-ների ձգտումով՝ չհայտնվել դատարանում, բայց այստեղ էլ վտանգավոր բան կա․ շատ կարևոր է, որ լրատվամիջոցները չընկնեն մյուս ծայրահեղության մեջ ու չսկսեն ինքնագրաքննությամբ զբաղվել, այսինքն՝ այդ չափից ավելի զգուշությունը բացասական հետևանքների կարող է բերել, ու լրագրողները, ելնելով այդ վախից, չհրապարակեն հանրային կարևոր նշանակություն ունեցող ինֆորմացիան, որն իրականությանը համապատասխան է։ Նրանք պետք է հիմնվեն իրենց պրոֆեսիոնալիզմի վրա ու շարունակեն սպասարկել հանրային շահը՝ առանց հայհոյանքների ու զրպարտության։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am