«Մենք գոյատևելու խնդիր ունենք, դրա համար պետական գործիչներ են պետք մեզ, ոչ թե կուսակցական նեղ ու ստոր շահեր»․ Էդգար Բաղդասարյան

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը

– Պարո՛ն Բաղդասարյան, իշխանություններն ու ընդդիմադիրները պատրաստվում են ընտրությունների։ Իշխանությունները կարծես վերընտրվելու հույս ունեն։ Ի՞նչ շանսեր կան։

– Ես ասում եմ՝ չեմ կարող ապրել Նիկոլի Հայաստանում։ Ես հաջորդ օրը այս երկիրը լքելու եմ գնամ, անձնագիրս էլ նվիրելու եմ իրեն։ Դա բացառված է։ Բոլոր նրանք, ովքեր Նիկոլին կվերարտադրեն, ինձ կարող են ջնջել իրենց ընկերների շարքից, ո՛չ բարև տան, ո՛չ էլ կողքովս անցնեն։ Մենք նիկոլիզմը՝ որպես երևույթ, պետք է արմատախիլ անենք։

Հարցադրում է հնչում՝ իսկ ովքե՞ր են հակառակ բևեռում՝ նախկին իշխանություննե՞րը:

– Ով ուզում է լինի, ինձ արդեն հետաքրքիր չէ։ Մենք արդեն այն ստադիայում ենք, որ ով ուզում է լինի։ Վատ բան ասեմ՝ գնացեք կենդանաբանական այգուց բեզոարյան այծ բերեք, նստեցրեք իշխանության։ Յուրաքանչյուր տրոլեյբուսից հանեք ում ուզում եք, մենակ թող փսիխո հանեն, որ էլ շիզոֆրենիկ չունենանք մենք։

– Այդուհանդերձ, այս պայմաններում ի՞նչ շանսեր ունեն իշխանությունները վերընտրվելու առումով։

– Ես դեռևս չեմ հավատում, որ այդ ընտրությունները կանցկացվեն:

– Ինչո՞ւ, ի՞նչ կարող է տեղի ունենալ։

– Սա մի վտանգավոր բան է, այս երեք տարվա ամբողջ պարտությունը, խայտառակությունը լեգիտիմացնելու փորձ։ Եվ այդ մեղքը փորձում են բարդել ազգի վրա։ Եվ եթե գտնվեցին հիմարներ, որ ձայն կտան իմքայլականներին… Ես չգիտեմ՝ ինչպես անվանեմ իմքայլականներին, մարդկանց, ովքեր հոտնկայս ծափ են տալիս մեկին, ով իր կաշին փրկելու համար չի ուզում գնալ։ Ամեն ինչը տապալած, ազգը, ընտանիքները պառակտած մարդուն կանգնում ու ծափ են տալիս։

– Այդ ծափերի տեսարանը շատ քննադատվեց, բռնապետական համակարգի հետ զուգահեռներ անցկացվեցին։

– Նրանք պետք է տրիբունալով դատվեն։ Բոլորը պետք է անխտիր պատիժ կրեն՝ սկսած Ալեն Սիմոնյանից։ Ես չեմ հասկանում՝ ո՛վ է նա ընդհանրապես՝ դերասա՞ն էր, իրավաբա՞ն էր, ո՞վ էր։ Մարդը կյանքում ոչ մի բան չի կարողացել անել, հիմա մի հատ տեղ է գտել, ամբիոնում ելույթ է ունենում, ինքն իրեն ծափահարում։ Բոլորն անխտիր պիտի պատասխան տան, ես չեմ կարող այսպես ստորացված ապրել, անհնար է։

– Նիկոլ Փաշինյանն ասում է, որ տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնում է, բայց չպետք է մոռանալ, թե ինչ կետի էին հասել բանակցությունները, ովքեր էին այս պարտության հիմքը դրել։

– Իրեն պետք է փոխանցել, որ մենք կորոշենք, թե այդ պատասխանատվությունը ո՛նց է լինելու, և պատիժն էլ մենք կորոշենք։ Ես չեմ պատրաստվում նրանց բանտերում ցմահ կերակրել իմ հարկերի հաշվին։

– Այս փուլում սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակչության մոտ 40 տոկոսը անտարբեր է ընտրական գործընթացների նկատմամբ։ Ինչո՞ւ։

– Բնականաբար, դա սպասելի էր, ամեն ինչի նկատմամբ են մարդիկ անտարբեր։ Մենք խայտառակ վիճակում ենք։ Միակ բանը, որն ինքը ճիշտ է ասում, այն է, որ 30 տարի տոտալ տգիտացում է եղել։ Հիմա էլ է դա շարունակվում, մտեք Ֆեյսբուք ու տեսեք։ Էլի իրենց ապուշ շոուները, իրենց ապուշ սերիալներն են ցուցադրում, դեբիլությունը շարունակվում է։ Սրանք փող աշխատելու համար պատրաստ են ոչնչացնելու ամեն ինչ՝ ճաշակ, մակարդակ։ Փող աշխատելը մեր միակ իդեոլոգիան է։ Մենք այսպես կործանվելու ենք, սա արգելել է պետք։ Դեմոկրատիայի այս կեղծ խաղերը պետք է վերացնել և ուղղակի արգելել։ Եվ էն մարդկանց, ովքեր սերիալներում են նկարվում, պետք է ուղարկել իրենց գործով զբաղվելու՝ թող շաուրմա վաճառեն փողոցում։

– Պատերազմից հետո մի վիճակ է, որ կարծես ոչինչ չի փոխվել մեր կյանքում։ Օրինակ՝ նույն մեծահարուստներն իրենց որդիների համար ճոխ հարսանիքներ են անում ու վերջում՝ հրավառություն։

– Նրանց անունը մի՛ տվեք։ Պարոն Ծառուկյանը պետք է գնա գրողի ծոցը, մի կատաստրոֆա էլ նա է։ Նրան էլ պետք է ուղարկենք աղբանոց, որտեղ իր իրական տեղն է։ Մի շաուրմա վաճառող էլ ինքն է, ում նշանակել են միլիարդատեր, նշանակել են, ոչ թե դարձել է։ Մեկն ու մեկը թող ԲՀԿ-ից գա ու ինձ ասի, թե ո՛րն է իրենց կուսակցության քաղաքական իդեոլոգիան։ Մի հատ թող բացատրեն հասկանանք՝ դա կուսակցությո՞ւն է, թե՞ մեկի խաղալիքը, կլուբ է, որը մարդկանց առնում է, թղթերի վրա արյամբ ստորագրում են, երդում են ուտում, թե քֆուր։ Դրա վերջն էլ պետք է գա ու շատ արագ։

– Ի՞նչ պետք է անել ստեղծված իրավիճակում։

– Շատ բարդ հարց եք տալիս։ Ես ասում եմ՝ մեզ քաղաքական գործիչ պետք չէ, մեզ պետական գործիչ է պետք։ Մեզ Մյասնիկյան է պետք, Դեմիրճյան է պետք, գտե՛ք որտեղից ուզում եք։ Այնուհետև նոր համակարգ պետք է կառուցել։ Այս պահին մենք գոյատևելու խնդիր ունենք, դրա համար պետական գործիչներ են պետք, ոչ թե կուսակցական նեղ ու ստոր շահեր։ Եթե կուսակցական շահը կոնֆլիկտի մեջ է մտնում պետական շահի հետ, իրենք ընտրում են իրենց կուսակցականը։ Դրա համար մեզ պետական գործիչ է պետք։

– Տեսանելի է, որ այս փուլում աթոռակռիվ է։

– Այո՛, բոլորն ուզում են գալ ու լափել։ Իմքայլականները որ ասում են՝ կոռուպցիա չկա, մի հատ տեսեք, թե իրենց կենցաղն ինչպես է բարելավվել։ Իհարկե չեն թողնի պաշտոնը։ Մյուսներն էլ ուզում են գալ նրանց տեղը նստել, իրենք էլ բարելավեն իրենց կյանքը։ Կործանումի ճանապարհ է սա, պետք է հանես ու սատկացնելով, շատ ժոստկի մեթոդներով մարդկանց հասկացնես, որ սա պետություն է։

Չե՞ք ուզում՝ ճանապարհը բաց է դեպի օդանավակայան, գնացեք փող աշխատեք այնտեղ, որտեղ ուզում եք։ Իմ երեխայի ճաշակը փչացնելով, քո դուռակ սերիալներով ու շոուներով չես կարող փող աշխատել։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am