««Լուսավոր Հայաստանը» տեսնում է, որ պլանը ձախողվել է, տապալված պլանին միանալը կարող է քաղաքական առումով ճակատագրական լինել իր համար». Քաղաքագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը

Պարոն Սաֆարյան, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ չի միանա ԲՀԿ նախաձեռնած ստորագրահավաքին՝ ՍԴ-ում վիճարկելու սահմանադրական փոփոխությունները, որով պետք է դադարեցվեն ՍԴ որոշ անդամների լիազորությունները։ Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ ՍԴ կդիմեն Քոչարյանի գործով քննության ավարտից հետո։ ԼՀԿ այս հայտարարությունը քննադատվեց որոշ շրջանակների կողմից, ի՞նչ է կատարվում քաղաքական դաշտում։

– Ակնհայտ է, որ պլաններ են խախտվել։ Ոմանք չեն թաքցնում, ինչպես տեսանք շատ հայտնի անձի գրառման մեջ, մշակված ճանապարհային քարտեզը տապալվել է։ Հաշվարկը շատ պարզ է եղել, որ ամիսներով ձգձգելով Քոչարյանի գործի քննությունը, այդ ամիսներին կգա Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը։ ՄԻԵԴ-ի եզրակացությունն այդքան էլ ոգևորող չէր, և նրանք՝ Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը, Գագիկ Հարությունյանը, Հրայր Թովմասյանը, մյուսները, հույսը դրել էին իրենց նախկին կապերի վրա, որ Վենետիկի հանձնաժողովում կհասնեն ցանկացած ձևակերպումների։ 

Բայց երբ ոչ ֆորմալ եղանակներով ձեռք բերեցին Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը, այդ ժամանակ պարզ դարձավ, որ հանձնաժողովի կարծիքն իրենց օգտին չէ, շտապեցին հարցը մտցնել Վերաքննիչ դատարան և իրենց մտերիմ դատավորի օգնությամբ փոխեցին Քոչարյանի խափանման միջոցը։ 

Ռոբերտ Քոչարյանին ուղարկեցին տուն, իսկ Հրայր Թովմասյանը որոշեց հուլիսի 7-ին նիստ անել։ Իսկ հուլիսի 7-ը ֆիքսվեց այն ժամանակ, երբ տեսան, որ Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրված օրենքի նախագիծ, որը շատ արագ իրենց զրկելու է նիստ անելու հնարավորություններից։

Նրանք մտածում էին, որ Նիկոլ Փաշինյանն այս օրերին կարող էր գտնվել Մոսկվայում, փաստի առաջ կկանգներ, և կատարվածը հետ շրջել չէր կարողանա։ Բայց Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությունը և մոտեցումները գիտեր նաև «Իմ քայլը», նրանք էլ գիտեին, թե ինչ են անում Հրայր Թովմասյանը և խումբը, որից հետո շրջանառության մեջ դրեցին Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, արագացրեցին պրոցեսները։

Հիմա անդրադառնամ «Լուսավոր Հայաստանին»։ Ես կարծում եմ՝ «Լուսավոր Հայաստանն» ինքն էլ տեսնում է, որ պլանը ձախողվել է։ Եվ, բնականաբար, տապալված պլանին միանալը կարող է քաղաքական առումով ճակատագրական լինել իր համար։ 

Եթե անգամ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դիմի Սահմանադրական դատարան, ապա երկու օրից ՍԴ-ն նախագահ չունի, ո՞վ է քննելու այդ գործը, ե՞րբ է քննելու։ Նրանք վերջին քայլերն են անում, որոնք իրավական ու քաղաքական առումով որևէ արդյունքի հանգեցնել չեն կարող։ «Լուսավոր Հայաստանն» ինքն էլ դա գիտի, որ վաղվանից Սահմանադրական դատարանը չունի նախագահ ու փոխնախագահ։

ԼՀԿ այս քայլի երկրորդ պատճառն էլ կա։ Եթե հիշում եք՝ երեք-չորս ամիս առաջ, երբ Ազգային ժողովը հանրաքվե անցկացնելու որոշում կայացրեց, «Լուսավոր Հայաստանը» դրան դեմ հանդես եկող ուժերից մեկն էր։ Այնպես չէ, որ նա հերքում էր, որ Սահմանադրական դատարանը պետք է փոփոխության ենթարկվի, բայց նաև չէր համաձայնում այդ լուծմանը։

Հիմա երկրորդ լուծումն է բերվել, որը նախատեսում է ԱԺ-ի կողմից այդ խնդրի լուծումը, ոչ թե հանրաքվեով։ Եվ այդ լուծմանն արդեն կողմ են արտահայտվել Եվրոպայի խորհուրդը, Վենետիկի հանձնաժողովը, հետևաբար, ԼՀԿ-ի կողմից դեմ գնալ այս լուծմանը, նշանակում է դեմ գնալ սեփական դիրքորոշմանը։ Եթե հանրաքվեով չես ուզում, Ազգային ժողովով չես ուզում, բա էլ ինչո՞վ ես ուզում, եթե երրորդ ճանապարհ չկա։

«Լուսավոր Հայաստանը» պնդում ու պահանջում էր, որ պետք է ՍԴ կարծիքն այս ամենի վերաբերյալ լինի։ Բայց այդպիսի իմպերատիվ պահանջ չի դրել Վենետիկի հանձնաժողովը։

Երկրորդ՝ նույն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքն արգելում է շահերի բախման դեպքում դատավորների մասնակցությունը նիստերին։ Այդ ամենից հետո, իհարկե, նոնսենս էր դառնում, եթե «Լուսավոր Հայաստանը» միանար «Բարգավաճ Հայաստանին»՝ հերքելով նախկինում արտահայտած իր դիրքորոշումը։ Այդ պայմաններում կստացվեր, որ ինքն արդեն իր դեմ է գնում։

– Այդ հայտարարությունից հետո ԼՀԿ-ին սկսեցին իշխանության «կցորդ» անվանել։

– «Լուսավոր Հայաստանը» դեռ այն ժամանակ պետք է հասկանար սրա բոլոր հետևանքները։ Եվ պետք է հասկանար, թե որ լուծմանն իր կողմից դեմ արտահայտվելն ինչ հետևանքների կարող է բերել, այդ թվում՝ ընտրազանգվածի կողմից արձագանքը։ Եվ այս կտրվածքով «Լուսավոր Հայաստանը» պետք է հաշվի առներ, որ կարող է հայտնվել նաև այս վիճակում։

Ձեր կարծիքով՝ Սահմանադրական փոփոխությունները ՍԴ-ում վիճարկելու կարիք կա՞, այսինքն՝ կարո՞ղ է լինել հակասահմանադրականության խնդիր։

– Ըստ Էդմոն Մարուքյանի՝ չկա դիմելու նորմ։ Այնքան ցածրակարգ իրավաբաններ են աշխատել Սահմանադրության վրա, այնպիսի կիքսեր են տվել, որ արդեն որերորդ դեպքն է Սահմանադրության մի նորմը հակասում է մյուս նորմին։ Նաև ՍԴ ճգնաժամն է դրանով պայմանավորված։

Պատահական չէ, որ Վենետիկի հանձնաժողովն ստիպված եղավ ընդունել, որ կա սահմանադրական ճգնաժամ, և այդ ճգնաժամի լուծման համար պետք է իրականացնել 2015 թվականի Սահմանադրության անցումային դրույթներով սահմանված կետը, այսինքն՝ ուժի մեջ մտցնել դատական իշխանությանը վերաբերող նորմը։

Այնպիսի շիլա-շփոթ է ստեղծված այս Սահմանադրության շուրջ, որ ով ինչ ուզում մեկնաբանում է։

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ասաց, որ Սահմանադրական փոփոխություններն առոչինչ են, քանի որ նախագիծը չի գնացել ՍԴ՝ եզրակացություն ստանալու։ ՍԴ դատավորներն էլ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ Սահմանադրությամբ են առաջնորդվելու։

– Բայց այդ Սահմանադրությունն արդեն փոխվել է։ Այս լուծումը 2015 թվականի Սահմանադրության անցումային դրույթներն ուժի մեջ է մտցրել։ Էլի թող առաջնորդվեն Սահմանադրությամբ, բայց առաջնորդվելով՝ պետք է ազատեն իրենց սենյակները։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am