«Աղքատության նպաստ ստացող շատ ընտանիքներ վարկով բնակարան են ձեռք բերում, ավանդներ ունեն բանկերում, բայց էության մեջ չքավոր են ու աղքատ». Նարինե Թուխիկյան

«Աղքատության նպաստ ստացող շատ ընտանիքներ վարկով բնակարան են ձեռք բերում, ավանդներ ունեն բանկերում, բայց էության մեջ չքավոր են ու աղքատ». Նարինե Թուխիկյան
«Աղքատության նպաստ ստացող շատ ընտանիքներ վարկով բնակարան են ձեռք բերում, ավանդներ ունեն բանկերում, բայց էության մեջ չքավոր են ու աղքատ». Նարինե Թուխիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը:

– Տիկի՛ն Թուխիկյան, Ազգային ժողովում վերջին օրերին բուռն քննարկվում է Կառավարության ծրագիրը: Կառավարությունը խոսում է հեղափոխական փոփոխությունների մասին, ձեր կարծիքով՝ ի՞նչ հնարավորություններ է ստեղծում այս ծրագիրը Հայաստանի շարքային քաղաքացու համար:

– Շարքային քաղաքացին դառնում է ամենակարևոր գործոններից մեկը, և յուրաքանչյուր անձի բացառիկ հնարավորություններ են տրվում՝ նոր ոլորտներ մտնելու, վերապատրաստվելու, մասնագիտական աճ ապահովելու համար:

Այսինքն՝ մարդկանց ինքնաիրացման հնարավորություն է տրվում: Իսկ եթե մարդ ինքնաիրացված է և բավարարված իր գործունեությունից, ուրեմն երջանիկ է ու առողջ: Այնպես որ, մեր կառավարության ծրագրի ամենակարևոր ուղերձը ես հենց դա եմ համարում, որ յուրաքանչյուրը դառնում է առանձին անհատականություն, խոսքը նրանց մասին է, ովքեր տեսլական ու երազանքներ ունեն: Իսկ մյուսները, ովքեր դա չունեն, նրանց հնարավորություն կտրվի ինքնազարգացման համար նոր հարթակներ գտնել:

Գիտեք, որ փոքր բիզնեսի համար հարկային արտոնություններ են լինելու, տարեկան մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցողներն ազատվելու են բոլոր հարկերից: Այնպես որ, սրանք շատ կարևոր փոփոխություններ են: Պարզապես մարդիկ պետք է կարծրատիպերից հրաժարվեն: Երբ իրենց առաջադրանք էին տալիս, և իրենք կատարում էին այդ առաջադրանքը, հիմա դու ինքդ պետք է ստեղծես: Եվ սա մարդու երջանկության գրավականն է, երբ քեզ ազատ են թողնում՝ քո տեսլականի հետևից գնալու, քո նպատակներին հասնելու համար: Պարզապես կառավարությունն օգնում է, օրենսդրական դաշտն է ապահովում, մրցակցային դաշտն է ապահովում, հակակոռուպցիոն գործողություններ է իրականացնում:

– Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ մարդը նախևառաջ իր գլխից պետք է հանի աղքատությունը, առաջին հերթին աղքատությունը մարդու գլխում է: Իհարկե, հասկանալի է, թե նա ինչ նկատի ուներ, մենք գիտենք, որ դա լուրջ խնդիր է: Ի՞նչն է բերել նրան, որ մարդիկ տարիներ շարունակ դուրս չեն եկել աղքատի հոգեբանական վիճակից:

– Սա շատ խոր պատմություն ունի, թե ինչու է այս իրավիճակը: Դա ոչ միայն անհատին է վերաբերում, այլև ընդհանրապես մեր հավաքական ժողովուրդն էլ է միշտ իր առաջ դրել գույքի ապահովման խնդիր: Երբ պետականություն չենք ունեցել, մարդիկ քաղաքական խնդիր չեն դրել, գույքի, իրենց ունեցվածքի պահպանության հարցն են կարևորել, նրանց ուրիշ ոչինչ չի հետաքրքրել:

Այսինքն՝ այդ արտաքին ճնշումը միշտ այնքան ուժեղ է եղել, որ հայ ժողովուրդը մտածել է իր փոքրիկ ունեցվածքը պահպանել: Ես միանշանակ համաձայն եմ, ես բազմիցս «չքավորություն» բառն եմ օգտագործել, ասել եմ, որ սա սոցիալական հարց չէ, սա հոգեբանություն է:

Չքավոր մարդն իր էությամբ է չքավոր, նրան ձեռնտու է չքավոր լինելը, որովհետև նա պատասխանատվություն չունի: Երբ դու քո գլխում փոփոխություն ես մտցնում և ինքնուրույն քայլեր ես անում, ուրեմն նաև պատասխանատվություն ես ստանձնում:

Պարզվեց, որ աղքատության նպաստ ստացող շատ ընտանիքներ կան Հայաստանում, ովքեր վարկով բնակարաններ են ձեռք բերում, ավանդներ ունեն բանկերում: Բայց այս մարդիկ իրենց էության մեջ չքավոր են ու աղքատ: Իհարկե, բացառիկ դեպքեր կան, որ մարդիկ իսկապես հնարավորություն չունեն որևէ բան անելու, խնդիրներ ունեն, չեն կարող աշխատել:

Նրանք այն թիրախային խմբերն են, որոնց մասին կառավարությունը մշտապես պետք է հոգ տանի: Բայց երբ մարդիկ, ովքեր ունեն ֆիզիկական ու մտավոր հնարավորություններ, միշտ օգնություն են ակնկալում, սովոր են դրան, դա տանում է ծուլության, անազնվության: Իսկ դա միայն կարող է փոխվել մարդու գլխում:

– Երկար ժամանա՞կ է պահանջվում այդ փոփոխությունը տեղի ունենալու համար:

– Ես կարծում եմ, որ ամեն մեկի համար սուբյեկտիվ է, մեկի մոտ կարող է շուտ տեղի ունենալ այդ փոփոխությունը, մյուսի մոտ՝ ուշ: Մի դրվագ պատմեմ. երբ հեռուստաընկերությունում էի աշխատում, թափառող երեխաների մասին ֆիլմ էինք նկարում: Մի աղջկա հետևից գնացինք, հասանք իրենց տուն: Ահավոր պայմաններում էին ապրում, բայց այս երեխայի հայրը տանն էր՝ անգործ և սիգարետ էր ծխում: Նա երեխային ուղարկում էր հացի փող աշխատելու: Այս մարդկանց մասին է խոսքը:

– Կա՞ տարբերակ, որ նոր կառավարությունն ու խորհրդարանը կարող են հիասթափեցնել մարդկանց, չարդարացնել մարդկանց սպասումները:

– Ես ոչ մի գրամ հիասթափության հիմք չեմ տեսնում: Ինչի՞ց պետք է մարդիկ հիասթափվեն: Մարդիկ կարող են իրենք իրենցից հիասթափվել: Ասում են՝ մենք սրա համա՞ր ենք փողոց դուրս եկել, սրա համա՞ր ենք ազդանշան տվել, ձեզ համար ենք արել: Ո՛չ, դու քեզ համար ես արել, բայց եթե դրանից հետո դու աճ չես գրանցել քո մտահորիզոնում, ո՞վ է մեղավոր:

Այնպես որ, հիասթափության մասին խոսակցությունները շահարկումներ են: Պատգամավորներից Վարազադատ Կարապետյանը շատ լավ բան ասաց՝ անընդհատ փորձ է արվում լավատեսությունը խեղդել՝ արհեստականորեն, բիրտ ձևով:

Այնինչ ոչ մի հիմք չկա, նայեք Ազգային ժողովի կազմը, նայեք ընդհանրապես այն տեսլականները, որոնք ունի Կառավարությունը, այն պատկերացումները, որոնք Հայաստանի մասին ունեն երիտասարդները: Սրանք միայն ուրախություն կարող են պատճառել, և հիասթափությունն արհեստական օրակարգ է, որը նետվում է որոշ ուժերի, որոշ լրատվամիջոցների կողմից:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am