«Նրանք, որոնք թիրախավորում են անձանց, դրանով ստորագրում են, որ իրենք մանր մարդիկ են». Ռուբեն Բաբայան

Լուսանկարը՝ Sputnik Armenia

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը

– Նոր Ազգային ժողովի աշխատանքներն արդեն մեկնարկել են, և մենք ականատես ենք նիստերի, որոնք ուղեկցվում են սկանդալներով, փոխադարձ մեղադրանքներով, վիրավորանքներով, կապիտուլյանտ, հողատու եւ այլ որակումներով: Ընդհանրապես, ԱԺ-ի նման որակը մտահոգի՞չ է, թե՞ ոչ: 

– Ես կարծում եմ, որ ամեն ինչ գալիս է նրանից, թե մենք ինչ չափորոշիչներ ենք ընտրում, արդյոք մեզ համար չափորոշիչները քաղաքական հայացքնե՞րն են, որոնք պարզ է, որ պետք է տարբերվեն, թե՞ դաստիարակությունը: 

Որովհետև, կարծում եմ՝ դաստիարակության պակասը որևէ քաղաքական հայացքների տեր լինելով չի կարող արդարանալ: Այստեղ մենք տեսնում ենք այդ դաստիարակության դեֆիցիտը, երբ թվում է, թե ինչքան ավելի վիրավորական խոսես, ինչքան ավելի շատ պիտակավորես, այնքան ավելի սկզբունքային կերևաս: 

Իրականում լրիվ հակառակ արդյունքն է տեղի ունենում, համենայնդեպս, գիտակից մարդկանց մոտ: Որովհետև յուրաքանչյուր մարդու, առավելևս՝ պատգամավորի բառապաշարը առաջին հերթին բնութագրում է իրեն, այլ ոչ թե նրան, ում մասին նա խոսում է: 

Ես այս երկու օրը մի բանի մասին եմ մտածում. զուտ ընդդիմության մոտեցման տեսանկյունից ես ուզում եմ հասկանալ՝ եթե ընդդիմությունը որպես մեծ հաջողություն է ընկալում այն, որ ընտրվել է ԱԺ-ում, նա կարող է շարունակել այն բառապաշարը, որն օգտագործում էր նախընտրական շրջանում, քանի որ կհամարի, որ դա իրեն հաջողություն է բերել: 

Եթե ընդդիմությունն ուներ ուրիշ խնդիր՝ ունենալ ԱԺ-ում մեծամասնություն, ձևավորել կառավարություն, ապա պետք է հասկանա, որ այն բառապաշարը, այն մեթոդիկան, որն օգտագործում էր նախընտրական շրջանում, հենց դա էր, որ իրենց թույլ չտվեց ձևավորել մեծամասնություն, ընտրվել և այլն: 

Կարծում եմ, ոչ թե մեզ, այլ իրենք իրենց համար պետք է խոստովանեն, թե իրականում ինչ էին ուզում, ինչ ստացան և հետագայում ինչ են ուզում ստանալ: 

– Այսինքն՝ հստակ չե՞ն իրենց նպատակները, անելիքները, գործունեության ձևաչափը և այլն:

– Կարծում եմ՝ այո՛: Եթե իրենք լուրջ վերլուծեն, թե ինչու չկարողացան նույնիսկ տոկոսային առումով ձևավորել ընդդիմություն, որն ունենա մեծ ազդեցություն ընդունվող որոշումների վրա, կհասկանան, որ այդտեղ մեծ մեղքի բաժին ունեն այդ բառապաշարը, այդ ագրեսիվությունն ու ատելությունը: 

Բայց ես չգիտեմ, թե իրենք ինչպես են գնահատել: Գուցե նրանք հույս չունեին, որ կմտնեն Ազգային ժողով, և կարծում են, որ հենց այդ վարվելաձևը բերեց հաջողության, որ մտան ԱԺ, և պետք է այդպես շարունակել: Համենայնդեպս, Ազգային ժողովը տհաճ տպավորություն է թողնում: 

Ես շատ չեմ հետևում և համոզված եմ, որ գնալով հետևողների թիվը պակասելու է, և դա նորմալ է: Որևէ նորմալ երկրում մարդիկ ամբողջ օրը չեն զբաղված՝ նայելով, թե ինչպես են իրար գզում Ազգային ժողովում: 

Վերջիվերջո, այստեղ կա մի շատ կարևոր բան. ԱԺ աշխատանքը մենք գնահատելու ենք արդյունքներով, այլ ոչ թե ընթացքով, թե ով ում ինչ ասաց, ով ավելի կտրուկ ելույթ ունեցավ, ով ավելի սկզբունքային եղավ: Դա բացարձակապես որևէ նշանակություն չունի, եթե արդյունքը լինելու է բացասական: 

Կարծում եմ, որ մեր հասարակությունը ճիշտ կանի, եթե քիչ ուշադրություն դարձնի ընթացքին, այլ ավելի շատ եզրակացություն կազմի արդյունքներով: Ընդ որում, պետք է հասկանալ, որ արդյունքների համար պատասխանատու են բոլորը: Հակառակ դեպքում ԱԺ-ն չէր կազմվի նման ձևով, պարզապես կլիներ այնպես, որ ով հաղթել է, նա է կազմում Ազգային ժողով, մնացածներին թույլ չի տալիս մտնել: 

Իսկ այս դեպքում նշանակում է, որ պատասխանատվությունը, իհարկե, որոշակի տոկոսային հարաբերակցությամբ, բաժանվում է բոլորի միջև: Թող ոչ մեկին չթվա, որ եթե ինքը փոքրամասնություն է, պատասխանատվության իր բաժինը չի կրում:

– Ակնկալիքները ձեր ինչպիսի՞ն են այս խորհրդարանից: Կարո՞ղ է նոր ԱԺ-ն այնպիսի արդյունք գրանցել, որ բոլորս զարմացած մնանք:

– Ես վաղուց չեմ զարմանում ոչ մի բանի վրա, չնայած զարմանալը լավ հատկություն է: Ես գերադասում եմ զարմանալ հաճելի երևույթների վրա: Ես ընդհանրապես շատ մեծ հույսեր չեմ կապում այդ քաղաքական ուժերի, նրանց հարաբերությունների, նրանց գործելաոճի հետ: Ես ավելի մեծ հույսեր եմ կապում հասարակության հետ: Ես կարող եմ պարզապես ասել, թե ինչ մակարդակի բանավեճ կցանկանայի տեսնել: 

Վերջերս աչքիս ընկավ ԱՄՆ նախագահ Ռուզվելտի և իր կնոջ մի հրաշալի արտահայտություն. «Մեծ մարդիկ քննարկում են գաղափարները, միջինները` իրադարձությունները, իսկ մանրերը՝ մարդկանց»: Սրանք հրաշալի խոսքեր են, և երբ թիրախավորում են անձանց, թող հասկանան, որ դրանով ստորագրում են, որ իրենք մանր մարդիկ են: 

Բոլոր դեպքերում նրանք, ովքեր հավակնություն ունեն լինելու քաղաքական, պետական գործիչ, անկախ նրանից՝ ընդդիմության թե իշխանության կողմից, պետք է գոնե ձգտում ունենան լինել մեծ մարդ: Դա նշանակում է, որ պետք է լինի գաղափարական մրցակցություն, որը, ցավոք սրտի, այս քանի օրվա ընթացքում չտեսանք: 

Մենք չտեսանք գաղափարների բախում, չտեսանք Հայաստանի քաղաքակրթական ընտրության բախում: Միգուցե դա գալիս է նրանից, որ քաղաքակրթական ընտրության տեսանկյունից իրար հետ բանավիճելու բան չունեն ընդդիմությունն ու իշխանությունը, որովհետև, կարծես թե, քաղաքակրթական ընտրությունը երեքի մոտ էլ նույնն է: Դրա համար գուցե բանավեճը չի բարձրանում այդ մակարդակի: 

– Նկատի ունեք արտաքին քաղաքական ընտրությո՞ւնը:

– Ես չէի համարի այդպես, որովհետև արտաքին քաղաքակրթական ընտրությունը կապված է ներքին քաղաքակրթական ընտրության հետ: 

Եթե դու ընտրում ես մարդուն որպես մեծագույն արժեքի, ժողովրդավարություն, ազատ շուկա, ազատ կամքի արտահայտություն, ինքնիշխանություն և այլն, դա նաև ազդում է քո արտաքին քաղաքական ընտրության վրա:

Ի վերջո, ի՞նչ է նշանակում ընտրել դաշնակից. դաշնակից ընտրում են ըստ հայացքների, ըստ քաղաքակրթական ընտրության: Ընտրում են այն ժամանակ, երբ շահերը համընկնում են: 

Դաշնակիցները հենց նրանք են, ում շահերը համընկնում են: Հնարավոր չէ ընտրել դաշնակից մեկին, որի հետ շահերը լրիվ հակառակ են: Այդպես չի լինում, դա խաբկանք է, և մենք ավելի շատ խաբում ենք ինքներս մեզ: Իսկ այն, ինչ կատարվում է մեր խորհրդարանում, բացարձակապես հետաքրքիր չէ, համենայնդեպս՝ ինձ համար: Կյանքում շատ ավելի հետաքրքիր բաներ կան: 

Մանե Հարությունյան

MediaLab.am