Վահագն Խաչատուրյանն ընդունել է Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբիին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբիի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրին նախագահը մասնավորապես ասել է. «Նախևառաջ ուզում եմ ընդգծել անգլիկան և առաքելական եկեղեցիների եղբայրական հարաբերությունները և բարձր գնահատել դրանք. մեզ համար այդ հարաբերությունները շատ կարևոր են: Առաքելական եկեղեցին իր յուրահատուկ տեղն ու դերն ունի մեր կյանքում և երկու եկեղեցիների համագործակցությունը միտված է մեր ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը: Չեմ կասկածում նաև, որ Ձեր այցելությունն իր նպաստը կբերի մեր երկրների դիվանագիտական, քաղաքական հարաբերությունների զարգացման գործում»:

Արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ ուրախ է Հայաստան այցելելու և երկու եկեղեցիների և ժողովուրդների բարեկամությունն ամրապնդելու հնարավորության համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերներն ու Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության և ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ հարցեր:

Նախագահ Վահագն Խաչատուրյանն արքեպիսկոպոսի ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի տարածքում հայկական և քրիստոնեական հազարամյա մշակութային ժառանգության պաշպանության խնդիրների վրա և շեշտել, որ միայն միջազգային հանրության, այդ թվում՝ անգլիկան եկեղեցու գործուն քայլերի շնորհիվ հնարավոր կլինի խուսափել այդ հուշարձանների նկատմամբ վայրագություններից և հնարավոր իսպառ ոչնչացումից:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հայ-բրիտանական համագործակցության խթանման հեռանկարներին և ուղղություններին: