Լրատվամիջո՞ց, թե՞ քարոզչամիջոց՝ քաղաքական նպատակներով․ Փորձագետները՝ ստեղծված իրավիճակի մասին

Լրատվամիջո՞ց, թե՞ քարոզչամիջոց՝ քաղաքական նպատակներով․ Փորձագետները՝ ստեղծված իրավիճակի մասին
Լրատվամիջո՞ց, թե՞ քարոզչամիջոց՝ քաղաքական նպատակներով․ Փորձագետները՝ ստեղծված իրավիճակի մասին

Մամուլի ազատության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը կարևոր ուղերձ է, դա փաստում է, որ խոսքի ազատությունը իշխանությունների համար բացարձակ արժեք է: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Նրա խոսքով՝ երկրում այսօր ձևավորվել են խմբեր, որոնք պնդում են, թե մամուլի ազատության համար անցած տասնամյակը շատ ավելի լավն էր, քան ներկա իշխանությունների օրոք, բայց նման պնդումներ անող մարդիկ կա՛մ միտումնավոր փորձում են մարդկանց թյուրիմացության մեջ գցել, կա՛մ ուղղակի ոչինչ չեն հասկանում խոսքի ազատությունից: Կամ էլ այն ժամանակ արդեն այնպես էին հարմարվել ռեժիմի պահանջներին և այնքան շոյված էին այդ ռեժիմի կողմից, որ ափսոսում են նրա հեռանալու համար:

«Շատ կարևոր է, որ վարչապետը ևս մեկ անգամ հաստատեց, որ իրենք չեն խառնվելու լրատվամիջոցների գործունեությանը, չեն միջամտելու, և իրենց համար խոսքի ազատությունը բացարձակ արժեք է: Սա մենք ֆիքսում ենք և պետք է ուշի ուշով հետևենք իրավիճակին, որպեսզի իշխանություններն իսկապես ապահովեն այդ մոտեցումը»,- «Մեդիալաբին» ասում է Աշոտ Մելիքյանը:

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ, եթե համեմատում ենք հետհեղափոխական շրջանը նախորդ տասնամյակների հետ, ապա այսօր լրատվամիջոցները շատ ավելի լավ պայմաններում են գործում: Իշխանությունները, նրա խոսքով, լծակներ չեն օգտագործում ԶԼՄ-ներին ճնշելու համար:

Հիշեցնենք, որ մարտի 19-ին հրավիրած մամուլի ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում մամուլի ազատության հետ կապված որևէ խնդիր չի լինելու:

«Մենք գիտենք, որ մամուլի ազատությանը չի կարելի կպնել, մամուլի նկատմամբ հետապնդումներ չի կարելի անել: Մենք հիմա աշխատում ենք տարբեր կազմակերպությունների հետ, որպեսզի Հայաստանում լրատվամիջոցների ձևավորման հիմնադրամ ձևավորվի՝ կառավարությունից անկախ: Ինչո՞ւ դա բյուջեից չենք անում, որովհետև կստացվի, որ այդ ֆինանսական լծակներով ուզում ենք կոնտրոլի տակ առնել լրատվամիջոցներին»,- ասել էր վարչապետը: Նրա խոսքով՝ սա գործընկերության հրավեր է, որ փոխադարձ հարգանքի մթնոլորտ պետք է ձևավորել:

«Մենք հակամամուլային գործողություն չենք անելու, բացառությամբ այն դեպքերի, երբ որ օրենքի կոպիտ խախտում կլինի»,- նշել էր վարչապետը:

Աշոտ Մելիքյանի խոսքով՝ չնայած արձանագրված առաջընթացին, այդուհանդերձ հետհեղափոխական շրջանում արձանագրվել են դեպքեր, որոնք կարող են որպես ճնշում դիտվել:

«Մասնավորապես, նախընտրական շրջանում մի քանի խմբագրություններ են այցելել իրավապահները, ովքեր, օրինակ՝ մի դեպքով պահանջել են օնլայն հեռարձակված նյութերի բովանդակության հիմքերը, ինչը շատ տարօրինակ ու աբսուրդ պահանջ է: Ընդ որում, դա այն պահանջն է, որն իրավունք չունի ներկայացնել ոստիկանությունը, որևէ աղբյուր բացահայտելու իրավասություն ունի միայն դատարանը, այն էլ՝ միայն ծանր ու առանձնապես ծանր հանցագործություններ բացահայտելու նկատառումով: Կարող ենք մատնանշել նաև այն դեպքը, երբ խորհրդարանում հավատարմագրված լրագրողները չէին կարողացել մուտք գործել խորհրդարանի շենք այն օրը, երբ «Իմ քայլը» խմբակցությունը փակ նիստ էր անցկացնում»,- ասում է Աշոտ Մելիքյանը:

Նրա խոսքով՝ մի շարք այսպիսի օրինակներ այսօր կան, բայց դրանք այն օրինակներն են, որոնք կարելի է ընդհանուր վիճակից բացառություն համարել:

«Բայց իրավիճակը բարվոք է: Երբևիցե Հայաստանի պատմության մեջ այնպես չի եղել, որ ընդդիմադիր ուժերին պատկանեն հեռարձակվող լրատվամիջոցներ, մասնավորապես, հեռուստաընկերություններ: Իսկ այդ լրատվամիջոցները ընդդիմադիր քաղաքական որոշ ուժեր օգտագործում են իրենց քաղաքական նպատակների համար: Այսօր դա այդպես է, իսկ իշխանությունները փաստորեն դա նորմալ են համարում, ավելին, ասում են, որ չեն միջամտելու իրավիճակին: Եվ ստացվում է, որ շատ հանդուրժող են այդ քննադատության նկատմամբ: Մինչդեռ մենք տեսնում ենք, որ այդ հեռարձակողների մի մասը արդեն վերածվել է քարոզչամիջոցի և իրենց ձեռքի տակ եղած ռեսուրսն օգտագործում է քաղաքական նպատակներով, այսինքն՝ միայն միտումնավոր սևացնում է իշխանություններին»,- նկատում է նա:

Աշոտ Մելիքյանի դիտարկմամբ՝ երբ վարչապետը պատասխանում է մամուլի որևէ հրապարակման, ինչի օրինակը կա, ընդդիմադիր դաշտում գտնվող որոշ ԶԼՄ-ներ դա ընկալում են որպես ճնշում: Բայց դա որևէ կերպ ճնշում չի կարող համարվել, քանի որ վարչապետի արձագանքից հետո ճնշման որևէ մեխանիզմ չի գործադրվում:

«Մինչդեռ մենք անցյալում տեսել ենք, որ երբ իշխանությունն ինչ-որ բանից դժգոհ էր և բացասական արձագանք էր հրապարակում, դրան հետևում էին արդեն շատ լուրջ լծակների օգտագործում: Մասնավորապես, կարելի է հիշել ԳԱԼԱ-ի դեպքը, էլ ավելի լուրջ հետևանք էր, երբ «Ա1+»-ը զրկվեց եթերից: Էլ չեմ ասում այն մասին, որ մեր այսօրվա իրավիճակում գրեթե բացառում ենք այնպիսի ջարդ, ինչպիսին տեղի ունեցավ «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ, մենք ուղղակի բացառում ենք, որ հնարավոր են այնպիսի ջարդեր լրագրողների նկատմամբ, ինչպիսիք Սարի թաղում եղան: Այսինքն՝ ցանկացած համեմատություն, եթե դա լինի օբյեկտիվ և նպատակ չունենա մարդկանց թյուրիմացության մեջ գցելու, հօգուտ այս ժամանակահատվածի է»,- նշում է նա:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նշում է, որ որպես իշխանությունների քաղաքականության բաղադրիչ՝ լրատվամիջոցների գործունեության սահմանափակում չկա երկրում:

«Բայց առանձին դեպքերում առանձին գերատեսչություններ ձեռնարկում են որոշ քայլեր, որոնք կարելի է համարել լրատվամիջոցների գործունեությանը խոչընդոտող»,- «Մեդիալաբին» ասում է Նավասարդյանը:

Նա նույնպես որպես օրինակ նշում է իրավապահների կողմից որոշ ԶԼՄ-ներում իրականացված գործողությունները:

«Բայց ես համոզված եմ, որ դրանք համապատասխան կառույցների ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի և իրավիճակը ոչ ճիշտ գնահատելու հետևանք են և համակարգային բնույթ չեն կրում»,- ասում է Նավասարդյանը:

Նրա խոսքով՝ ընդհանուր գնահատականը, որն իրենք վերջին ամիսներին տալիս են, այն է, որ Հայաստանում առաջին անգամ մեր նորագույն պատմության մեջ լրատավամիջոցների համար լավագույն միջավայրն է ստեղծված:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, Բորիս Նավասարդյանն ասում է, որ այն ունի հետևյալ ուղերձը. վարչապետը շատ լավ գիտակցում է, որ լրատվամիջոցների ոլորտում և մեծ լրատվամիջոցային միջավայրում տեղի են ունենում զարգացումներ, որոնք որոշ ռեսուրսներ են համախմբում՝ իշխանության դեմ դրանք օգտագործելու համար:

«Եվ թեև դա տեղի է ունենում, և իշխանությունը դա շատ լավ գիտակցում է, բայց խոսքի ազատության սկզբունքների և օրենքների ոչ իրավաչափ կիրառում Հայաստանում չի լինելու»,- վստահ է Բորիս Նավասարդյանը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am