Երևանի 12 սոցիալական աջակցության տարածքային բաժիններ պլանշետներ են ստացել

Երևանի 12 սոցիալական աջակցության տարածքային բաժինների տրամադրվել է երկուական պլանշետ՝ տնայցերի և դեպքերի վարման գործառույթն ավելի արագ, դյուրին ու թափանցիկ դարձնելու համար։

Պլանշետներն անձամբ հանձնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ նշելով, որ նախարարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգում են սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացումն ու մասնագիտական կարողությունների բարձրացումը։

Միջոցառման ընթացքում ներկայացվել է նաև դեպքի վարման տեղեկատվական համակարգը, որի հիմնական նպատակը սոցիալական կարիքի գնահատման արդյունավետությունը բարձրացումն է:

«Նախարարության նախաձեռնած բոլոր բարեփոխումներն ու գործընթացները վաղուց հասարակական լուրջ պահանջարկ ունեն: Խոսքը կարիքի միասնական գնահատման համակարգի ստեղծման, կարիքի վրա հիմնված ծառայությունների հասցեականության և այդ ծառայությունները արդյունավետ տրամադրման մասին է։ Մենք այսօր չունենք համապարփակ տեղեկատվական բազա՝ քաղաքացու սոցիալական խնդիրների ու կարիքների մասին, մյուս կողմից՝ այն ծառայությունները և ծրագրերը, որոնք տրամադրվում են այդ կարիքներին համապատասխան, դարձյալ փոխկապակցված չեն։ Դեպքի վարման միասնական տեղեկատվական համակարգը թույլ կտա, որպեսզի մենք կարողանանք դրանք դարձնել փոխկապակցված և արդյունավետ»,- նշել է Զարուհի Բաթոյանը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ևս կարևորել է տեղեկատվական համակարգի կիրառումը և շարժական տեխնոլոգիաների միջոցով այն իրականացնելու հնարավորությունը, ինչը էապես կբարելավել սոցիալական աշխատողների կողմից տնայցերի իրականացման գործընթացը՝ բարձրացնելով թե՛ վերջինիս թափանցիկությունը և թե՛ արդյունավետությունը։

«Որպեսզի ծրագրային ապահովումն իրապես աշխատանքային գործիք դառնա, սոցիալական աշխատողները կարողանան օգտագործել դա դեպքի վարման ընթացքում և իրականացնեն մասնագիտական աշխատանք, համապատասխան տեխնոլոգիական հագեցվածության կարիք կար։ Որպեսզի լուծում ստանար այս խնդիրը, նախորդ տարի կազմակերպվել է մրցույթ հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների միջև՝ նպատակ ունենալով առաջին հերթին ձեռք բերել կապի ծառայություն»,- տեղեկացրել է նախարարի տեղակալը։

Նշենք, որ պլանշետները առաջիկայում տրամադրվելու են նաև բոլոր մարզային սոցիալական աջակցության տարածքային բաժիններին։

Այս մասին հայտնեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: