Հայաստանի իշխանություններն ամեն բան անելու են, որ Արցախում խժդժություններ լինեն՝ հանուն իրենց իշխանության պահպանման. Պողոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն, քաղաքական վերլուծաբան Թևան Պողոսյանը

– Պարո՛ն Պողոսյան, Արցախի ներքաղաքական կյանքում կատարվողի վերաբերյալ ձեր դիտարկումներն եմ խնդրում։ Մայիսի 15-ին Արցախի Վերածննդի հրապարակում Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցության կազմակերպած «Ժողովուրդն է իր ճակատագրի իրավատերը» հանրահավաքում Բաբայանը պահանջեց իրեն նշանակել պետնախարարի պաշտոնին: Երեկ խորհրդարանի նախագահը պահանջեց Արայիկ Հարությունյանից հրաժարական տալ, օրեր անց  էլ Սամվել Բաբայանը հայտարարեց, որ դեմ չէ պաշտպանության պետական կոմիտե ստեղծելու և իրեն այդ մարմնի անդամ առաջարկելու գաղափարին։ Ի՞նչ է կատարվում Արցախում։

– Արցախի ներքին կյանքում ցանկացած բան, որ կատարվում է, սկիզբը Երևանից է։ Եթե որևէ մեկն ուզում է հասկանալ, թե Արցախում ինչ է կատարվում, պետք է հասկանա Երևանի գործողությունները։ Արդյոք Հայաստանի իշխանություններն ամեն ինչ արե՞լ են, որ արդեն 160 օր շարունակվող շրջափակման իրավիճակը փոխվի գոնե դրականը, այլ ոչ թե բարդանա, ամեն ինչի հիմքն էլ այդտեղից է սկսվում։ 

Նախկինում ինչո՞ւ չկային Արցախում այդ տեսակ իրավիճակներ, նախկինումն էլ պետք չէ նախկինների հետ կապել, երեք նախկինների ժամանակ էլ՝ 91 թվականից, Արցախի ներքին կյանքում այս տեսակ իրավիճակ չի եղել, եթե նույնիսկ 91-ի սկզբներին անգամ կային ինչ-որ խժդժություններ, բայց երբ Հայաստանի իշխանությունները՝ սկսած 91-ից, ամուր կանգնել են ի պաշտպանություն Արցախի, այնտեղ միշտ հանգիստ է եղել։ 

Կատարվում է այն, որ մոտ մեկուկես տարի է` Արցախի խորհրդարանը չգիտեմ քանի անգամ դիմում է համայն հայությանը, որ օգնի այդ կոչերին, չեն օգնում։ Շրջափակման սկզբից Արցախի իշխանություններն ասացին, որ Արցախը պատրաստ է կրել զրկանքները հանուն նրա, որ Մայր Հայաստանը լավ լինի, իսկ Մայր Հայաստանը որևէ բան չի փոխում իր վարքագծի մեջ։ Միջազգային դատարանի որոշում է ստացել, չի էլ կարողանում դա առաջ տանել, փոխարենը պաշտոնապես հայտարարում է, որ Ադրբեջանի ինչ-որ տարածք է ճանաչում, որը մաթեմատիկական քարտեզով նշանակում է Արցախն այլևս գործող իշխանությունների համար գոյություն չունի։ 

Եթե Հայաստանի ներքին կյանքը լավը չէ, Արցախում լինելու են ազդեցություններ, սա է կատարվում։ Ցավում եմ, որ Արցախի գործող ղեկավարը ևս չի փորձում ստանձնել այն պարտավորությունը, որ պահանջ ներկայացնի, իրեն հավասար զգա Հայաստանի ղեկավարությանը, որովհետև միշտ է այդպես եղել, իսկ այսօրվա դրությամբ Արցախի ղեկավարը ստորադասվում է Հայաստանի ղեկավարությանը։ 

Այլ հարց է, թե ի՛նչ պետք է անենք։ Պետք է անել այնպես, որ համախմբվենք, աջ լինի, ձախ լինի՝ համախմբման խնդիր պետք է ձևավորվի։ Նույնիսկ եթե Արցախում ամեն ինչ հավաքվի, եթե Հայաստանի իշխանությունները չեն պատրաստվելու միասնական ազգային երազանքի համար պայքարին միանալ ու դառնալ դրա առաջնորդողը, ամեն բան անելու են, որ խժդժություններ լինեն Արցախում՝ հանուն իրենց պարտված իշխանության պահպանման։ Այսօր Արցախում կատարվողն ուղիղ հետևանքն է Երևանի վարած քաղաքականության։

– Արցախում ընթացող այդ զարգացումներն իրավիճակն ավելի կկայունացնե՞ն, թե՞ ընդհակառակը։ 

– Բնականաբար չի կայունացնելու, բոլորը լավ գիտակցում են, որ եթե Արցախում անգամ մեկ վայրկյան անիշխանություն լինի, Ադրբեջանն օգտվելու է դրանից։ Ադրբեջանն անգամ այսօրվա վիճակից է օգտվում, պատկերացնո՞ւմ եք` վիճակը մի փոքր ավելի խորանա։ Արցախում խնդիր չունեն բոլորով մի սենյակում հավաքվեն, խոսեն, թող խոսեն ու լուծումներ գտնեն, բայց այս անգամ այդ լուծումները լինեն ազնիվ ու իրենցը, այլ ոչ թե երևանյան տարբեր շրջանակների ազդեցության ներքո։ 

– Պարո՛ն Պողոսյան, վերոնշյալ առաջարկությունների վրա կա՞ երևանյան ազդեցություն։

– Այն, ինչ արդեն տեղի է ունեցել, ունեցել է, հարցն այն է՝ լուծման բերե՞լ է այդ հանրահավաքը։ Եղել է հայտարարություն Արցախի ու Հայաստանի որոշ կուսակցությունների կողմից, որտեղ մարդիկ կարմիր գծերն են առաջ քաշել, էլ ի՞նչն են քննարկում, անհատներին ու անձերի՞ն։ Մենք գաղափարներ պետք է քննարկենք ու հիմք ընդունենք մի բան, և բոլորս լծվենք դա կյանքի կոչելու գործին։ 

Այդ բոլորը սկսվելու է Երևանի իշխանություններից, բայց քանի որ իրենք հանձնվել են ու որևէ բան չեն անում ու արդյունքում ինչ անում են, ստացվում է` սպասարկում են Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը, այս խժդժություններն էլ շարունակվելու են։

-Կարծիքներ են հնչում, որ Հայաստանի այս քաղաքականությունը, որ Արցախը թող որոշի իր ապագան, ինքը չի խառնվում, լավ հնարավորություն է Արցախի համար։ Ձեր կարծիքը:

– Ընդամենը երկու շաբաթ առաջ խորհրդարանում գործող իշխանության պատգամավորներից մեկն ասաց․ «Արցախում պետական բարձր աշխատավարձ ստացող պաշտոնյաները մի հատ թող լավ մտածեն՝ ինչ են խոսում, ինչ են անում», սա չմիջամտե՞լ է, այն, որ ասում է՝ Ստեփանակերտը Բաքվի հետ պետք է նստի, խոսի, չմիջամտե՞լ է։ Լավ էլ միջամտում են։ Հայաստանն ասում է՝ ես Արցախի համար չեմ բանակցում, բայց ինչ լինում է, ոնց որ թե ինքն է բանակցում։ 

– Խնդիրների կարգավորումն ինչպե՞ս է հնարավոր այս դեպքում։

– Միայն երբ կվերականգնվի ազգային երազանքը, ու ամբողջ հայ ազգը կորոշի, որ գնում է դրա հետևից, իսկ այլ պարագայում պարտված իշխանությունները նոր պարտություններ են բերելու։ Այլ բան չկա ավելացնելու։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am