«Միջազգային դիտորդներն ճանապարհ բացեցին քրեաօլիգարխիկ համակարգի համար». Անդրիաս Ղուկասյանի հայտարարությունը

Ստորեւ ներկայացնում ենք Անդրիաս Ղուկասյանի հայտարարությունը` փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններիղ հետո միջազգային դիտորդների հնչեցրած գնահատականների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը նախագահական ընտրություններում առաջադրված 8 թեկնածուներից մեկն էր: Նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում Ղուկասյանն անցկացերեց յուրովի` բողոքելով երկրում տիրող վիճակի դեմ` հացադուլով:
ԿԸՀ պաշտոնական տվյալների, փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում վերընտրվել է գործող նախագահ, ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանը`ստանալով քվեների 58,64 տոկոսը:

«Ամբողջությամբ համակարծիք եմ քաղաքացիական հասարակության այն անդամների հետ, ովքեր համաձայն չեն միջազգային դիտորդների կողմից փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին տրված գնահատականին: Հիացած եմ փետրվարի 19-ին «Մարիոթ» հյուրանոցում երիտասարդ քաղաքացիների համարձակ գործողություններով:

Բոլորս էլ հասկանում ենք, որ ընտրությունները Հայաստանում չեն կարող բնութագրվել մարդու հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի դրսևորմամբ, որովհետև շարունակաբար ուղղորդվում են զանգվածային ընտրակաշառքի բաժանմամբ և քաղաքացիների նկատմամբ ճնշումների գործադրմամբ:

Ընտրությունների միջազգային դիտարկումները չեն ենթադրում առաքելության անդամների համար քաղաքական, իրավական կամ բարոյական պատասխանատվություն և երաշխավորված չեն կոռուպցիոն ռիսկերից:

Ուստի, կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր պայքարում են մեր երկրում մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համար, չհիասթափվել միջազգային դիտորդների կողմից տրված` իրականությանը չհամապատասխանող գնահատականներից և հավատարիմ մնալ ժողովրդավարական արժեքներին:

Ցավով արձանագրում եմ, որ միջազգային դիտորդները, ինչպես և 2008 թվականին, իրենց գնահատականներով ճանապարհ բացեցին քրեաօլիգարխիկ համակարգի համար` ուժ և ճնշումներ կիրառելու հանուն ընտրական իրավունքի պայքարող քաղաքացիների դեմ: Սակայն վստահ եմ, որ դա չի կարող կասեցնել քաղաքացիների պայքարը մեր երկրում իրական ժողովրդավարություն հաստատելու գործում»:

© Medialab.am