«Կրոկուս»-ում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 140-ի

Մոսկվայի մարզի «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունից վիրավորված ևս մեկ մարդ է մահացել բուժհաստատությունում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։

«Դաշնային բժշկական կենտրոնների, Մոսկվայի և Մոսկվայի մարզի հիվանդանոցներում մնում են «Կրոկուս սիթի հոլ»-ի 80 տուժածներ, այդ թվում՝ 6 երեխա: Ցավոք, տուժածներից մեկը, որն ավելի վաղ գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում, մահացել է, բժիշկներն արել են հնարավոր ամեն ինչ», – նախարարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Մուրաշկոն հավելել է, որ 4 հիվանդի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, ևս 19 մարդ, այդ թվում՝ 3 երեխա, գտնվում են միջին աստիճանի ծանրության վիճակում։

«Ըստ օպերատիվ տվյալների՝ ամբուլատոր բուժօգնություն է ստացել 205 տուժած, 76 տուժած արդեն դուրս է գրվել հիվանդանոցներից՝ մնալով բժիշկների հսկողության ներքո, ևս 23 տուժածներ ավարտում են ստացիոնար բուժումը և պատրաստվում են դուրս գրվելուն», – ասել է նախարարը։

Այսպիսով, ահաբեկչության հետևանքով զոհվել է 140 մարդ,  վիրավորվել է մոտ 360-ը:

Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքի «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում ահաբեկչությունը տեղի է ունեցել մարտի 22-ի երեկոյան. մի քանի մարդ կրակ է բացել համերգի այցելուների վրա, այնուհետև հրդեհ է սկսվել։ Ձերբակալվել է 11 կասկածյալ, այդ թվում՝ ահաբեկչությանն անմիջականորեն մասնակցած բոլոր չորս ահաբեկիչները։