«Պետք է բոլոր կոմունիկացիոն գծերը լինեն կա՛մ հայկական կողմի, կա՛մ գոնե ռուսական խաղաղապահ առաքելության վերահսկողության տակ». Արամ Հարությունյան

«Սա Արցախի ժողովրդի վրա գործադրվող շարունակական ճնշում է ու ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի, որովհետև ընթանում է տարբեր բանակցությունների նախապատրաստական փուլ, ու ադրբեջանցիք փորձում են ճնշումներ գործադրել»,- «Մեդիալաբին» ասում է Արցախի Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը՝ մեկնաբանելով ադրբեջանական կողմից Արցախում գազամատակարարումը կրկին դադարեցնելու քայլը:

Հիշեցնենք, որ Արցախը երեկ գիշեր կրկին զրկվեց կապույտ վառելիքից, որովհետև, ինչպես հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից, ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը:

Հավելենք նաև, որ մարտի 8-ից Արցախի բնակչությունը 11 օր զրկված էր բնական գազից, և միայն մարտի 19-ին վերականգնվեց գազամատակարարումն Արցախում, ու ընդամենը 2 օր հետո Ադրբեջանը բնակչությանը զրկեց կապույտ վառելիքից:

«Տեղյակ չեմ՝ այս պահին հաջողվե՞լ է արդեն բանակցություններ սկսելու շուրջ պայմանավորվածություն ձեռք բերել, թե՞ չէ, բայց գիտեմ, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը տեղեկացված է, մեր համապատասխան մարմինները աշխատանք տանում են»,- ասում է Արցախի Հանրապետության իշխանական պատգամավորը:

Հարությունյանի խոսքով՝ սա Ադրբեջանին բնորոշ ձեռագիր է, որ որդեգրել է դեռ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո ու նպատակն Արցախի հայաթափումն է ու բնակչության մեջ ապագայի նկատմամբ հավատի ոչնչացումը:

«Ադրբեջանը մշտապես նման քայլերի է դիմելու, ու որպես լուծում պատկերացնում եմ, որ բոլոր կոմունիկացիոն գծերը լինեն կա՛մ հայկական կողմի, կա՛մ գոնե ռուսական խաղաղապահ առաքելության վերահսկողության տակ, որպեսզի խուսափենք նման իրավիճակներից»,- ասում է Հարությունյանն ու ընդգծում, որ այս փուլում գոնե դա հարցի լուծում է, որովհետև Ադրբեջանն այսօր գազն է անջատում, իսկ վաղը գուցե էլեկտրաէներգիայի, առանձին շրջաններում էլ՝ ջրի խնդիր ստեղծի:

Արամ Հարությունյանը չի բացառում, որ Ադրբեջանն այս անգամ, ի տարբերություն նախորդի, ինչ-որ առարկայական պահանջ ներկայացնի գազամատակարարման վերականգնման համար, բայց հիմնական նպատակը ճնշում գործադրելն է թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի վրա՝ համոզված է պատգամավորը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am