«Երբ այս պաշտոնի առաջարկ եղավ, ասեցին՝ կին է պետք, որ կարողանա տղամարդկանց ակումբը քանդել, որովհետև կնոջ հետ գործարքների չեն գնա». Իրինա Հովհաննիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Իրինա Հովհաննիսյան։

-Տիկին Հովհաննիսյան, դուք առաջին կին անտառտնտեսության ղեկավարն եք Հայաստանում, համակարգի աշխատակիցներն ինչպե՞ս ընդունեցին ձեր նշանակումը։ 

-Ամենալուրջ մարտրահրավերն այն է, որ իմ նշանակումը շատ ծանր տարավ աշխատակազմը։ Դա այնքան իմ անձի հետ չէր կապված, ինչքան այն հարցի, որ «դրսից մարդ է» գալիս։ Իմ անձը «սևացնող» հրապարակում եղավ սոցիալական ցանցերում։ Խոսքը «Հայանտառի» աշխատակազմի մասին է։ Իմ տեղեկություններով՝ «դրսից» նշանակում անելու վերաբերյալ իրենց լարվածությունը կապված է այն բանի հետ, որ պարտակելու բաներ ունեն։ Եվ իրենց ձեռնտու էր, որ անտառտնտեսության ղեկավարը նշանակվեր համակարգի ներսից մի անձ, ով տարբեր ժամանակներում տարբեր սխեմաներում է թաթախված եղել։ 

-Այսինքն՝ ձեզ դժվար պայքա՞ր է սպասվում այս գործում։

-Ահավոր տոքսիկ մթնոլորտ է։ Շատ բաց ոլորտ է, այն առումով, որ կոռումպացված է, շատ սխեմաներ են եղել «փող լվանալու» համար։ Անտառ մտնել ու ծառ կտրելն ուղղակի եղել է ամենատեսանելին։ Ես ուղղակի փշաքաղվում եմ, թե մարդ ինչ աստիճանի պետք է իր երկիրը չսիրի, որ այդպես վարվի։ 

Համակարգային բացեր, օրենսդրական խնդիրներ կան, որոնք թույլ չեն տալիս, օրինակ, համայնքային մակարդակում անտառտնտեսության տնօրենը որոշումներ կայացնի։ Բայց մտածում եմ, որ ժամանակին այդքան վատ է եղել, դրա համար են ամբողջը կենտրոնացրել մի տեղ։

Դուք առաջարկություններ անելո՞ւ եք, որ նաև օրենսդրական փոփոխություններ արվեն։

-Ես ամենափոքր հարցերից եմ սկսելու։ Ես հիմա բավական շատ փաստաթղթեր եմ ուսումնասիրում՝ և հաշվապահական, և մասնագիտական, և գործավարության հետ կապված, որպեսզի հնարավորինս օպտիմալացնեմ այն բյուրոկրատիան, որը կա ոլորտում։ 

Խնդիրներ կան, որոնք կարգավորման կարիք ունեն։ Օրինակ՝ որոշում կա, որ անտառի թափուկը պետք է ,հատկացվի համայնքների բնակիչներին, սահմանաչափ է դրվում՝ մինչև 8 խմ։ 

Այսօր անատառապետը ինձ դատարկ փաստաթուղութ էր փորձում ստորագրել տալ, որտեղ գրված էր 8 խմ թիվը, բայց ոչ անուն, ոչ այլ ինֆորմացիա չկար։ 

Ասացի՝ ես դատարկ փաստաթուղթ երբեք չեմ ստորագրի։ Ասաց՝ դե մենք այսպես կնքում ենք, ուղարկում ենք անտառապետություն։ Ես առաջարկեցի, որ պետք է գրվի այն ծավալը, որը փաստացի մենք կարող ենք տալ, որովհետև եթե ես գրում եմ՝ 8 խմ, ես ունե՞մ այդքան թափուկ, որ բոլորի կարիքները բավարարեմ։ Եթե ոչ, ինչո՞ւ պետք է 8 խմ գրել, եթե կառավարության որոշմամբ սահմանվում է, որ 8 խմ-ն դա մաքսիմումն է։ 

Ասացի՝ մինչև հաշվեգրում չանենք, թե ինչքան թափուկի հետ գործ ունենք, ես պատրաստ չեմ 8 խմ-ոց փաստաթղթի տակ ստորագրել։ Պարզվում է, որ եթե ես այդ թվի տակ ստորագրում եմ, ով ամենաճարպիկն է, գալիս է, այդ 8 խմ փայտը հավաքում է, հետո գալիս են ծեր տատիկ ու պապիկ, ում 1 խմ է պետք, ես արդեն պետք է ասեմ՝ կներեք, վերջացել է թափուկը։ Դա՞ է լոգիկան, և պարզվում է, որ մարդիկ այդ լոգիկայով տարիներ շարունակ աշխատել են։

Խոսեցիք կոռուպցիայի մասին, հնարավո՞ր է, որ առաջիկայում կոռուպցիոն հանցագործությունների ու սխեմաների մասին տեղեկություններ ներկայացնեք իրավապահ մարմիններին։

 -Անպայման, հակառակ դեպքում իմ այստեղ գալն ընդհանրապես իմաստ չուներ։ Եվ մենք հիմա այդպիսի բազմաթիվ քրեական գործեր ունենք հարուցված։ Տեսեք, թե համակարգը ոնց է ծնում կոռուպցիա։ 

Օրինակ՝ անտառապահի պայմանագիրը կնքվում է օրական 8 ժամ աշխատանքային ժամով։ Այսինքն՝ ինքը 24 ժամվա ընթացքում աշխատում է 8 ժամ, չի աշխատում շաբաթ-կիրակի և տոնական օրերին։ 

Այսինքն՝ դա նշանակում է, որ եթե ես փայտի գործ անող եմ, կարող եմ ազատ գնալ ու այդ ժամերից դուրս որևէ օր ու ժամ ընտրել, իմ «սև» գործն անել։ 

Հետո կգա անատառապահն ու կասի՝ վայ, կտրել են։ Արձանագրություն է կազմվում, տարվում քննչական մարմիններ, անտառապահը պատասխանատվություն չի կրում, քանի որ ստացվում է, որ իր աշխատանքի ժամին չի արվել դա։ 

Եվ ամբողջ աշխատակազմին սկսում են «քարշ տալ» քննչական մարմիններ։ Այդ մարդիկ այնքան են իրենց հաշվին գնում քննչական ցուցմունք տալու, ստացվում է, որ իրենց աշխատավարձից ավելի գումար են ծախսում ճանապարհի համար։ Ձեր կարծիքով ինքը չի գնալո՞ւ գողանա։

-Ո՞նց եք այս երևույթի դեմ պայքարելու։ 

-Ես հիմա ուսումնասիրում եմ, անտառի պահպանության ինովացիոն ծրագրեր կան, որոնց միջոցով հնարավոր է պահպանություն իրականացնել։ Ուրիշ տարբերակ չկա։ Եվ դրանք տեսախցիկները չեն, սա դեռ գաղափար է, դեռ չեմ քննարկել իմ տնօրինության հետ, այս պահին դեռ «հում» գաղափար եմ համարում։ 

Բայց իմ սկզբունքն այն է, որ մենք ինչքան շատ բնություն սիրող մարդու ներգրավենք այդ աշխատանքներին, այնքան արդյունք կլինի։ Տարբերակ կա այդ մարդկանց հետ համագործակցել, իրենց վստահել անտառը, և ինչքան շատ այդ տեսակի մարդ լինի անտառում, այնքան ծառի գողերը չեն համարձակվի անտառ մտնել, որովհետև բռնվելու վտանգը շատ մեծ կլինի։ Ես ավելի շատ կողմ եմ կանխարգելիչ միջոցառումներին, քան հետևանքները վերացնելուն։ Ծառը կտրելուց հետո իմ ինչի՞ն է պետք՝ կգտնեն գողին, թե ոչ։ Կամ այդ ծառը գրոշներով է գնահատվում իր ազդեցութության ու նշանակության համեմատ։

Այսինքն՝ այդ համակարգում շարունակվում են նախկին մեթոդներն ու կոռուպցիա՞ն։

-Ոչ թե կառուպցիոն շարունակվում է, այլ կոռուպցիոն ռիսկեր կան։ Մարդը, ով ստանում է գրոշներ, այդ ռիսկը կա։ Այս համակարգի շրջանակներում շատ դժվար է օրինական աշխատելը։ Գլոբալ փոփոխություններ են պետք։

Սոցիալական ցանցում գրառմամբ ձեր երազանքների մասին էիք բարձրաձայնել։ 

-Ես այս ոլորտում հասցրել եմ շփվել մարդկանց հետ, տեսնում եմ, թե նրանք ինչքան անտարբեր են։ Եկել են, «լռվելու» տեղ են գտել, անտառապահը կանգնել ու ինձ ասում է՝ ես ի՞նչ անեմ, իմ աշխատանքային ժամից հետո հո չեմ գնալու հսկեմ։ 

Եթե ես գնամ անտառապահ աշխատելու, կասեմ՝ իմ անտառում մեկ ծառի տերև անգամ չպետք է շարժվի, և կապ չունի, թե որ ժամին։ Դրանով ես ցույց տալու քո նվիրվածությունը։ Մենք պետություն ենք կառուցում, եկեք աշխատենք։

Երբ ինձ այս պաշտոնին նշանակվելու առաջարկ արեցին, այնպիսի բան ասեցին, որ ես դրանից հետո չկարողացա մերժել ու ասել՝ հետաքրքրված չեմ։ Իրենք ասացին՝ մեզ այս ոլորտում կին է պետք, որ կարողանա տղամարդկանց այդ ակումբը քանդել, որովհետև կնոջ հետ գործարքների չեն գնա։ 

Ինձ ճանաչողները գիտեն, որ շատ «չոր» մարդ եմ։ Ես հավատում եմ, որ արդյունք է լինելու, հակառակ դեպքում իմաստ չուներ այս ամենը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am