Երբեք մի՛ գնացեք Փարիզ, եթե սիրահարված չեք կյանքին, կողակցին… Մոնտանի, Պիաֆի երգերին ու Փարիզին…«Ալամեզոն» Բլոգ

Երբեք մի՛ գնացեք Փարիզ, եթե սիրահարված չեք կյանքին, կողակցին… Մոնտանի, Պիաֆի երգերին ու Փարիզին…«Ալամեզոն» Բլոգ
Երբեք մի՛ գնացեք Փարիզ, եթե սիրահարված չեք կյանքին, կողակցին… Մոնտանի, Պիաֆի երգերին ու Փարիզին…«Ալամեզոն» Բլոգ

Մինչև ամուսնանալս Փարիզում արդեն մի քանի անգամ եղել էի։ Առաջին անգամ Փարիզը անմոռանալի տպավորություն թողեց. անտանելի գորշ աշուն, հենց կայարանում վաղ առավոտյան սայթաքեցի աղբի վրա։

Էդ էլ քիչ էր, կայարանում ականատես եղա մի սարսափելի տեսարանի. մի քանի ոստիկան ձեռքերից-ոտքերից բռնած գրեթե քարշ էին տալիս մի սևամորթ երիտասարդի, մյուսներն էլ զենքով հսկում էին իրավիճակը։ Ես գամվել էի տեղումս, և կարծես թե մենակ ես, որովհետև մնացածը ժամանակ չունեին «ֆիլմը» դիտելու, կարծես թե սովորական էր նրանց համար տեսարանը։

Վերջապես ինձ հավաքեցի, փորձեցի կայարանից դուրս գալ, սակայն հասկացա, որ չեմ կողմնորոշվում` ելքը որտե՞ղ է, մի քանի հարկ ու միայն կոդեր, թվեր… Ուզում էի, իհարկե, հարցնել մարդկանց, բայց արի ու տես, բոլորն աջ ու ձախ էին շտապում։ Չէ՛, մտածեցի, սա իմ սիրելի Ստրասբուրգը չի, որտեղ մարդիկ կանգնում, բացատրում, անգամ ուղեկցում են, եթե որևէ հասցե ես փնտրում։ Հաջողացրի մի կնոջ դիմել, որը հրահանգեց հետևել իրեն: 50-ն անց կին էր, բայց էնպես էր վազում, ես ինձ 80 տարեկան տատի զգացի, չէի հասցնում։ Կայարանից դուրս էլ մի բան չէր, կրկին աղբ, մուրացկաններ, հարբեցողներ, գորշ մարդիկ, գորշ երկինք, գորշ ձյուն… Գորշ քաղաք` պիտակեցի ես Փարիզը։ Նույնիսկ միանգամից չհասկացա, որ նշանավոր Էյֆելյան աշտարակն եմ տեսնում, մետաղի մի կույտ… Ֆո՛ւ… մի խոսքով, երբ վերադարձա Ստրասբուրգ, կարծես սև-սպիտակ ֆիլմից գայի գունավոր, տաքուկ քաղաք… 

Վերջին անգամ, երբ գնացի Փարիզ, արդեն ամուսնուս հետ էի: Կրկին աշուն էր, սեպտեմբեր ամիսը, պիտի գնայի Հայաստանի դեսպանատուն։ Նորից նույն կայարանը… Պահո, մաքրե՞լ են. զարմացա, անգամ փոքրիկ սրճարան գտանք հենց ներսում ՝ առավոտյան սուրճը վայելելու համար։ Ընդամենը 10 րոպե, և մենք հեշտությամբ հասանք կենտրոնի մետրոյի կայարան։ Դուրս եկանք, ու աշնան արևը միանգամից ինձ իր գիրկն առավ, կարծես ուրիշ քաղաք ընկա, իսկական Փարիզ։ Ամուսնուս ձեռքը բռնած` ագահաբար փողոցից փողոց էի վազում, այգուց այգի ու վայելում անհավանական Փարիզը, մինչև հասանք Էյֆելյան աշտարակ: Այս անգամ էլ հիացմունքից բերանս բաց մնաց, ո՞նց կարող էի այն մետաղի կույտ համարել, Ելիսեյան դաշտերը, Կոնկորդի հրապարակը, Ալեքսանդր III-ի կամուրջը… Անհնար է անգամ ամբողջը թվարկել, ամբողջը թաթախված աշնան արևի մեջ ու ներկված աշնան ամենավառ գույներով։ Իսկ Սենը, Սենը Իվ Մոնտան էր երգում…

«Փարիզի երկինքը ունի իր գաղտնիքը …»

Իսկ գաղտնիքը շատ պարզ է. մարդի՛կ, երբեք մի՛ գնացեք Փարիզ, եթե սիրահարված չեք, այլապես կտեսնեք այն, ինչ ես տեսա առաջին անգամ։ Փարիզը իր գիրկն է առնում միայն սիրով լի մարդկանց։ Երբեք մի՛ գնացեք, մարդի՛կ, Փարիզ, եթե սիրահարված չեք ՝ կյանքին, կողակցին… Մոնտանի, Պիաֆի երգերին ու Փարիզին… 

Ձեր ՝ Ռոզա Սարգսյան Ֆենդեր

MediaLab Blog