Կորոնավիրուսով 2027 հիվանդներից 1895-ը նույնիսկ ջերմություն չունեն, ծանր է 31-ի վիճակը. Փաշինյան

Հայաստանում այս տարվա ապրիլին գրանցված մահերը նախորդ տարվա ապրիլի համեմատ ավելի քան 50-ով պակաս են եղել: Այս մասին այսօր ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց՝ երկրում հաստատված կորոնավիրուսով 2027 հիվանդ կա: «Սա իրականում շատ մեծ ու սարսափելի թիվ է, բայց երբ մտնում ենք դետալների մեջ, արձանագրում ենք, որ 2027 հիվանդներից 1895-ը նույնիսկ ջերմություն չունեն: Այս 2027 հիվանդների մեջ թոքաբորբ ունի միայն 690-ը: Սրանք թեթև թոքաբորբերն են հաշվառված, որ սովորաբար մարդիկ ոտքի վրա են տանում: Ծանր թոքաբորբ ունի ընդամենը 31-ը, թոքային օդափոխության սարքին միացված հիվանդների թիվը 11-ն է:

Եթե նույնիսկ Հայաստանում հաստատտված դեպքերի թիվը լինի 10 հազար, որոշակի ծանր ստադիայում գտնվող հիվանդների թիվը ցածր լինի 1400-ից, այդ իրավիճակը վերահսկելի է: Եթե Հայաստանում կորոնավիրուսով ծանր հիվանդների թիվը 1400-ից ավելի լինի, դա կլինի պրոբլեմ: Այսօրվա պրոբլեմը ոչ թե ախտորոշված դեպքերն են, այլ անորոշությունը՝ մենք չգիտենք, թե այսօրվա 2000 դեպքից քանիսի վիճակը կծանրանա»,- ասաց նա: