«Իսկանդեր», այնուամենայնիվ, կիրառվել է. Fip.am

Փետրվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանը 1in.am-ին տված իր հարցազրույցում հայտարարել էր, որ պատերազմի ժամանակ հայկական կողմի կիրառած «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է 10 տոկոսով։ Փաշինյանը, մասնավորապես, անդրադարձել էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ըստ որի՝ ինքը զարմացած է, թե ինչու պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրը «Իսկանդերը» չի կրակել: «Այդ ակնարկը, գուցե, հասցեագրված է նաև ինձ, բայց կարծում եմ՝ մերժվածը (Սերժ Սարգսյանը,- խմբ․) պետք է որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա և չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի: Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»,- ասել էր վարչապետը։

Արձագանքները

Այս հայտարարությանն արձագանքել էր ինչպես ռուսական մամուլը, այնպես էլ ՌԴ Պետդումայի պատգամավորներ Վիկտոր Զավարզինն ու Դմիտրի Սաբլինը։ Վերջիններս Փաշինյանին մեղադրել էին ոչ կոմպետենտ լինելու և ստելու մեջ։ Ըստ ռուս պատգամավորների՝ «Իսկանդերը» բարձր ճշգրտության զենք է, ինչը բազմիցս ապացուցվել է ինչպես տարբեր զորավարժությունների, այնպես էլ Սիրիայում ահաբեկիչների դեմ պատերազմի ժամանակ:

Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն արձագանքել էր նաև ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։ «Մեր ունեցած օբյեկտիվ ու հավաստի տեղեկություններով, որոնք հաստատվել են նաև հսկողության համակարգերով, հրթիռային համալիրներից և ոչ մեկը ղարաբաղյան պատերազմում չի կիրառվել։ Հրթիռների ողջ պաշարը գտնվում է Հայաստանի զինված ուժերի պահեստներում»,- մասնավորապես՝ հայտարարել էր ՌԴ ՊՆ ներկայացուցիչը։

«Իսկանդերի» մասին արտասահմանյան ԶԼՄ-ներին տված մամուլի ասուլիսի ընթացքում խոսել էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը․ «Մենք Իսկանդերի հրթիռի արձակում չենք ֆիքսել, դրա համար էլ, երբ հնչեց այդ հայտարարությունը (Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը,- խմբ․) մենք ևս մեկ անգամ հետաքրքրվեցինք, բայց ոչ, մենք դա չենք ֆիքսել»,- հայտարարել էր Ալիևը։

Ճիշտ չէր զեկուցվել

Վերոնշյալ հարցազրույցից մի քանի օր անց վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը «Արմենպրեսին» հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Հայաստանի կողմից «Իսկանդերի» կիրառման վերաբերյալ վարչապետի հայտարարությունը։

«Հայաստանի վարչապետն առկա փաստերի և տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն այս իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել»,- հայտնել էր վարչապետի խոսնակը։

Ի դեպ, վարչապետին «Իսկանդերների» մասին սխալ զեկուցելու մասին հայտնել էր նաև ՌԴ ՊՆ ներկայացուցիչը։ «Հավանաբար Հայաստանի վարչապետ պարոն Փաշինյանին մոլորության մեջ են գցել, ինչի հետևանքով նա ոչ ճշգրիտ տեղեկություն է օգտագործել»,- ասել էր Իգոր Կոնաշենկովը։

Այստեղ, սակայն, հարկ է նկատել, որ և ռուսական կողմի, և վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի հայտարարությունները ենթադրում են, որ վարչապետին սխալ է զեկուցվել ոչ թե «Իսկանդերի» արդյունավետության, այլ կիրառման մասին ընդհանրապես։ 

Ադրբեջանական ապացույցները

Այսօր՝ մարտի 31-ին, Ադրբեջանի ականազերծման գործակալությունը հայտարարել է, որ մարտի 15-ին Շուշի քաղաքի ականազերծման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են «Իսկանդերի» պայթած հրթիռների բեկորներ։ Որպես ապացույց՝ գործակալությունը հրապարակել է հրթիռների անկման կոորդինատներն (39°45’38.10 46°44’33.90 և 39°45’27.80 46°45’25.80) ու լուսանկարներ, որոնցից մի քանիսում հստակ երևում են «Իսկանդերի» 9M723 տեսակի հրթիռների բեկորներ։

Հաշվի առնելով այն փաստը, որ 9M723 հրթիռները կիրառվում են բացառապես «Իսկանդեր» զենիթա-հրթիռային համակարգերով, կարելի է փաստել, որ հայկական կողմը, այնուամենայնիվ, Շուշիի ուղղությամբ «Իսկանդեր» կիրառել է։ Ի դեպ, ըստ Խաղաղության խնդիրների հետազոտման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի (SIPRI) հաշվետվությունների՝ Հայաստան «Իսկանդերի» 9M723 հրթիռներ մատակարարվել են դեռևս 2016 թվականին։

Ի դեպ, «Փաստերի ստուգման հարթակը» փետրվարի 26-ին անդրադարձել էր «Իսկանդերների» թեմային և, վերլուծելով նախկինում համացանցում հրապարակված տեսանյութը, եզրակացրել, որ հայկական կողմից «Իսկանդեր» իրոք կիրառվել է։

Այսպիսով, թեև Ռուսաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները նախկինում պնդում էին, որ «Իսկանդեր» չի կիրառվել, իսկ հայկական կողմն ընդունում էր «սխալ զեկուցվելու» վարկածը, Ադրբեջանի ականազերծման գործակալության վերջին հայտարարությունը փաստում է, որ այժմ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Շուշիում հայտնաբերվել են «Իսկանդերի» հրթիռների բեկորներ։

Սևադա Ղազարյան

Fip.am