«Պետությունը ձախողել է պատվաստման գործընթացը. որակապես այլ բնույթի ռազմավարություն է պետք այս արհավիրքի դեմն առնելու համար». Նորայր Նորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորայր Նորիկյանը

– Պարո՛ն Նորիկյան, ԱԱԾն միայն մեկ պոլիկլինիկայից 700 կեղծ պատվաստումներ է բացահայտել, այսինքն՝ մարդիկ 10-15 հազար դրամ են վճարել և պատվաստված լինելու թուղթ են ստացել։ Արդյոք նման բացահայտումները նպաստելո՞ւ են, որ պոլիկլինիկաներն ավելի զգոն լինեն և կեղծարարությամբ չզբաղվեն։

Նախ՝ ինձ համար շոկային է, որ ընդամենը մեկ պոլիկլինիկայում այդ մակարդակի չարաշահումներ կան, այդ պոլիկլինիկայի ղեկավարության կողմից օրենքով արգելված ապօրինություններ են իրականացվել։ Ըստ էության՝ հանրության մի ստվար զանգված չի վստահում պետության կողմից իրականացվող պատվաստման գործընթացին, ունի լուրջ վերապահումներ, որից դրդված փորձում է օրենքը շրջանցելով ֆորմալ առումով ցույց տալ, թե կատարվում է պատվաստման գործընթացը։

Մյուս կողմից, սակայն, մենք գործ ունենք քրեորեն պատժելի արարքի հետ, և թույլ տվեք արձանագրել, որ սա խայտառակություն է, քանի որ հարյուրավոր մարդիկ ներգրավված են այս խայտառակության մեջ։

Լիազոր մարմնի՝ առողջապահության ոլորտի մասնագետները փաստորեն ներգրավված են այս ամենում, և սա ահազանգ պետք է լինի իշխող կառավարության համար, և կառավարությունը պետք է գործուն ջանքեր ներդնի հանրության շրջանում պատվաստման գործընթացի վերաբերյալ առավել լուրջ աշխատանք տանելու և ներկայացնելու այնպիսի անխոցելի փաստարկներ, որոնք հնարավորություն կտան մարդկանց մեջ համոզմունք ձևավորելու, որ կորոնավիրուսի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներից մեկը պատվաստումն է։

Հո ամբողջ ազգին չե՞ն բռնելու քրեական պատասխանատվության ենթարկեն։ Եթե մարդիկ զանգվածաբար փորձում են խուսափել պատվաստման գործընթացից, ուրեմն ինչ-որ խնդիր կա։

– Այսինքն՝ կառավարությո՞ւնն է ձախողել պատվաստման գործընթացը։

– Եթե կառավարությունը կամ իր տարբեր շահագրգիռ սուբյեկտները տարբեր եվրոպական երկրների համեմատություններն են բերում և փորձում ցույց տալ, որ այնտեղ ավելի մեծ տոկոսային հարաբերակցությամբ պատվաստման գործընթացն ավելի լավ վիճակում է, քան մեզ մոտ, ուրեմն խնդիրը պետք է փնտրել պատվաստման գործընթացը կազմակերպողների մեջ, թե ինչն է եղել պատճառը, որ հայ ժողովուրդը չի հավատում պատվաստման գործընթացին, ի՞նչն է պատճառը, որ դեմ հանդես եկող շրջանակներն այս գործընթացում առավել լսելի են, քան իրենք, ո՞րն է խնդիրը։ Հետևաբար, իրենք պարտավոր են ներկայացնել և իրականացնել համապատասխան աշխատանք։

Պատկերացրեք՝ եթե 700 հոգու միայն մեկ պոլիկլինիկայում են ապօրինաբար պատվաստման թերթիկներ տվել, սա ահազանգ է, որ մարդիկ հասկանան, թե ինչպես պետք է հաղթահարեն այս պրոբլեմը։

– Ի՞նչ եք կարծում, ուժի մեջ մտած սահմանափակումները՝ պատվաստվել կամ թեստավորվել, կանաչ գոտիների վերաբերյալ մշակվող քայլերը, այս բոլոր միջոցառումները ի՞նչ ազդեցություն կունենան։

– Բոլոր դեպքերում ես մեր քաղաքացիներին կոչ եմ անում զգուշության, զգուշավորության, փորձեն պահպանել հիգիենայի կանոնները։ Պետությունը ձախողել է այս գործընթացը, ձախողել է կորոնավիրուսի դեմ պայքարը, որի հետևանքը սա է։ Իմ կարծիքն այն է, որ որակապես այլ բնույթի ռազմավարություն է պետք այս արհավիրքի, չարիքի դեմն առնելու համար։

Ես մասնագետ չեմ և չեմ կարող ասել, բայց մեկ բան կարող եմ ասել, որ իրավական պատասխանատվության գործիքակազմը ամենավերջում պետք է արվի, ընդ որում՝ խիստ պետք է արվի։ Սկզբնական փուլում մենք պետք է մարդկանց հասկացնենք, պետք է պրոֆեսիոնալ ձևով մարդկանց հետ աշխատենք, որ այս բոլոր գործիքակազմերը, բոլոր միջոցներն ուղղված են իրենց առողջության պահպանմանը։

Եթե մարդիկ չեն վստահում, չեն իրականացնում, չեն կատարում, ոչ ոք ինձնից շատ իմ կյանքը չսիրի և գնահատի, բայց պետությունը պարտավոր է ներկայացնել այնպիսի անհերքելի կամ քիչ խոցելի փաստարկներ, որ այս խնդրի կարգավորումը դառնա ինձ համար անհրաժեշտ և ցանկալի։ Այնպիսի տպավորություն է ձևավորվել, որ ով պատվաստվում է՝ գիտակից քաղաքացի է, ով չի պատվաստվում՝ ուրեմն զոմբի է։ Ա՛յ քեզ բան, կա խնդիր, բարի՛ եղեք լուծել այդ խնդիրը, ոչ թե մարդկանց մասսայաբար անգրագիտության մեջ մեղադրեք։ Խնդիր կա, լուծե՛ք այս խնդիրը։

Քովիդի դեմ պայքարում գործող կառավարության առողջապահական բլոկը և, ընդհանրապես, այն բոլոր իրավասու մարմինները, որոնք կոչված են եղել այս չարիքի դեմ պայքարելու, ձախողել են, և դրա արդյունքը մեր ժողովրդի ցածր վստահության մակարդակն է այս ամբողջ գործընթացի նկատմամբ։

Մանե Հարությունյան

MediaLab.am