«Փաշինյան-Էրդողան հանդիպումը եղել է ճանաչողական և ենթադրվում է՝ կունենա շարունակություն». Ռուբեն Սաֆրաստյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը

– Պարո՛ն Սաֆրաստյան, Փաշինյան-Էրդողան հանդիպումից հետո հաղորդագրություն տարածվեց, որ կողմերը շեշտել են երկու երկրների հատուկ ներկայացուցիչների քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների շուտափույթ իրականացման անհրաժեշտությունը, մասնավորապես, երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացման, Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացման հարցերը: Ինչպե՞ս եք գնահատում այս հանդիպումը:

– Ես չեմ կարծում, որ դա պատմական հանդիպում էր: Դա երկու երկրների ղեկավարների դեմ առ դեմ առաջին հանդիպումն էր, և այդ առումով, իհարկե, կարևոր էր: Չեմ կարծում, որ քննարկվել են կարևոր խնդիրներ: Համենայնդեպս, դրա մասին հաղորդագրություն չկա, այնպիսի որոշումներ չեն ընդունվել, որոնք կնշանակեին հայ-թուրքական հարաբերությունների իրական կարգավորման գործընթացի առաջմղում:

Ճանապարհ կա, որ երկու երկրները պետք է անցնեն, որ հարաբերություններն իրապես կարգավորվեն: Բայց այստեղ ես շատ կարևորում եմ հետևյալ հանգամանքը, որ Էրդողանը և Թուրքիայի ղեկավարությունը հասկանան, որ Հայաստանի հետ չի կարելի խոսել նախապայմանների լեզվով: Թուրքիան պետք է հասկանա, որ ժամանակակից աշխարհում նախապայմաններով հարցեր չեն լուծում: Հարաբերությունները պետք է հիմնված լինեն միջազգային իրավունքի վրա, և հարցերը պետք է քննարկել որպես հարևաններ՝ հավասարը հավասարի հետ: Դա է հարաբերությունները կարգավորելու ճանապարհը:

Եթե այդ տեսանկյունից դիտարկենք, այդ դեպքում ի՞նչ հարցեր են քննարկվել: Եթե նման հարցեր քննարկվել են, և մենք կտեսնենք, որ Թուրքիան ավելի իրատեսական մոտեցում է ցուցաբերում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, հանդես չի գալիս նախապայմաններով, ապա գործընթացն առաջ կգնա: Եթե այդպես է, ապա այս հանդիպումը կնպաստի խնդիրների լուծմանը:

– Իսկ դուք ինչ տպավորություն ստացաք, արդյոք Էրդողանը պատրա՞ստ է առանց նախապայմանների կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները, այդ թվում՝ վերականգնել դիվանագիտական հարաբերությունները:

– Մենք կարող ենք կռահումներ անել միայն այն կադրերից, որ բոլորս տեսել ենք: Սակայն Էրդողանի նման փորձառու գործչին դիտելով՝ ոչինչ չես կարող հասկանալ: Կարծես թե բանակցությունները երկար չեն տևել, ինչը նշանակում է, որ լուրջ, սկզբունքային հարցեր չեն քննարկվել: Նաև այն հանգամանքը, որ տեղի չի ունեցել առանձին դեմ առ դեմ հանդիպում Փաշինյանի և Էրդողանի միջև, ևս հուշում է, որ սկզբունքային հարցեր չեն քննարկվել:

Իմ գնահատմամբ՝ հանդիպումը եղել է ճանաչողական: Պետք է ենթադրել, որ այս հանդիպումը կունենա շարունակություն: Գուցե հետագայում կողմերն ավելի բովանդակային, սկզբունքային խնդիրներ կքննարկեն:

– Թուրքիայում ի՞նչ արձագանք կա այս հանդիպմանը:

– Ես թուրքական մամուլում արձագանքի փոփոխություն չեմ տեսնում, առանձնապես նորություն չկա: Բայց երբ Էրդողանը կամ թուրքական պատվիրակության անդամներն ինչ-որ հայտարարություններ անեն, այդ ժամանակ արդեն մամուլն ավելի խոր կանդրադառնա: Ես կարծում եմ՝ դեռ պետք է սպասել:

– Շատերը Փաշինյան-Էրդողան հանդիպումը պատմական որակեցին: Ինչո՞վ է այն պատմական:

– Առաջին անգամ չէ, որ հանդիպում են Հայաստանի և Թուրքիայի ղեկավարները: Այս 30 տարվա ընթացքում բազմաթիվ հանդիպումներ են եղել, ես էլ որոշ հանդիպումների ներկա եմ եղել 1990-ականների սկզբներին: Այնպես որ, ես այս հանդիպումը պատմական չէի որակի:

Ես այն կհամարեի ճանաչողական հանդիպում, եթե այն ունենա շարունակություն, կարող է ունենալ դրական նշանակություն: Դեռ շատ վաղ է այդպիսի գնահատականներ տալու համար:

– Ձեր կարծիքով՝ այս հանդիպումները կնպաստե՞ն հարաբերությունների կարգավորմանը, խաղաղության հաստատմանը: Ընդհանրապես, թուրքերի համար այդ խաղաղությունն ինչ է:

– Իմ ընդհանուր գնահատականն այն է, որ պետք է դիվանագիտական շփումները բոլոր մակարդակներում տեղի ունենան: Հայաստանը պետք է պատշաճ մակարդակով պատրաստ, ներկա լինի ու մասնակցի այդ առօրյա դիվանագիտությանը:

Շատ կարևոր է, որ այդպիսի հանդիպումների ժամանակ Հայաստանի սկզբունքային մոտեցումները ներկայացվեն: Անպայման չէ, որ դա լինի հենց երկրի ղեկավարի մակարդակով: Հայաստանի մոտեցումներին կարելի է ծանոթանալ, ասենք՝ ԱԳՆ-ի, երկրի ղեկավարի օգնականների ներկայացրած տեղեկանքներով: Այդ առումով կարևոր են այդ հանդիպումները, որ բոլոր կողմերն ավելի հստակ պատկերացում ունենան միմյանց դիրքորոշումների մասին:

Եվ երկրորդը՝ ես հույս ունեմ, որ այդ հանդիպումների ընթացքում նախապատրաստական փուլեր են լինում, և Թուրքիան կամաց-կամաց կհաղթահարի իր այդ մոտեցումը Հայաստանի հետ հարաբերությունների նկատմամբ, որ ինքը կարող է Հայաստանին ինչ-որ բան պարտադրել, նախապայմաններ դնել:

Եթե Թուրքիան կարողանա դա հաղթահարել, և Հայաստանին մոտենա որպես իրեն հավասար գործընկերոջ, որի հետ կան խոր խնդիրներ, որոնք թե՛ պատմական են, թե՛ աշխարհաքաղաքական, որ պետք է դրանք քննարկել և այդ քննարկումների միջոցով լուծումներ գտնել, այդ ժամանակ արդեն ավելի դրական ու արագ ընթացք կստանա հարաբերությունների կարգավորման գործընթացը: Հիմա ես դեռ չեմ կարող ասել՝ այս հանդիպումը կնպաստի՞ այդ ուղղությամբ փոփոխությանը, թե՞ ոչ:

– Երեկ կայացավ Փաշինյանի, Ալիևի, Մակրոնի և Միշելի քառակողմ հանդիպումը: Ադրբեջանի հետ մեր սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումն ի՞նչ է փոխելու, նվազեցնելո՞ւ է պատերազմի վտանգը:

– Ես դա, ամեն դեպքում, բացասական չեմ գնահատում: Եթե լինեն ԵՄ դիտորդներ, նրանք կարող են տեղեկատվությունը հաղորդել իրենց կառավարություններին: Դա որոշակի առումով կարող է դրական լինել: Իհարկե, ԵՄ դիտորդները չեն կարող լիովին զսպել Ադրբեջանին, մեր հարևանի ագրեսիվ նկրտումները կարող են զսպել միայն Հայաստանի զինված ուժերը: Բայց բոլոր դեպքերում ավելի լավ է դիտորդները լինեն, քան չլինեն, դա որոշ չափով դրական երևույթ է մեզ համար:

Մանե Հարությունյան

MediaLab.am