Մեծ Բրիտանիայի Չարլզ III թագավորի կրտսեր եղբայրը՝ նախկին արքայազն Էնդրյուն, որը ձերբակալվել էր փետրվարի 19-ին՝ ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի գործով հետաքննության շրջանակում, 12 ժամ անց ազատ է արձակվել ոստիկանությունից, հաղորդում է Sky News-ը։ Էնդրյուի գործով հետաքննությունը շարունակվում է։
ԶԼՄ-ները, այդ թվում՝ BBC-ն և The Daily Telegraph-ը, Էնդրյուի ձերբակալության մասին տեղեկացրել էին նույն օրը առավոտյան։ Ոստիկանությունը պաշտոնապես չի հրապարակել ձերբակալվածի անունը։
BBC-ի տվյալներով՝ Էնդրյու Մաունթբեթեն-Վինձորը ձերբակալվել է «պաշտոնեական դիրքի չարաշահման կասկածանքով»։
Թագավորի եղբայրը մի քանի տարի առաջ հայտնվել էր սկանդալի կենտրոնում՝ Էպշտեյնի հետ կապերի պատճառով։ Այդ սկանդալի հետևանքով նա զրկվել էր արքայական պարտականություններից և հրաժարվել հանրային գործունեությունից։



















