«Մինչև չտրվեն հոկտեմբերի 27-ի հարցերի պատասխանները, երկիրն ապագա չունի և չի կարող ունենալ». Գրիգոր Հարությունյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայաստանի ժողովրդական կուսակցության քարտուղար Գրիգոր Հարությունյանը

– Պարո՛ն Հարությունյան, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է, որ հոկտեմբերի 27-ի հիմնական դերակատարները բացահայտված են, գտնվում են բանտում։ Որքանո՞վ է «Հոկտեմբերի 27»-ը բացահայտված ձեզ համար։

– Հիմնական դերակատարները բացահայտված են, բայց կազմակերպիչները, բնականաբար, չեն հայտնաբերվել և թաքցվել են։ Մինչև հիմա չի պարզվել՝ ով է սպանել Արմենակ Արմենակյանին։ Դրա համար պետք է հարցնել Ալեն Սիմոնյանին՝ ինչ նկատի ունի բացահայտված ասելով։

– Նա նաև նշել է, որ մենք այսօր խնդիր ունենք հասկանալու պատճառները, այն հիմնական դրդողները, մարդիկ, որոնք այդ ամենից քաղաքական, գուցե նաև ոչ քաղաքական շահ են ունեցել, իսկ այդ մարդկանց շահագրգռվածությունը մեր հանրությունը գիտի։

– Ընդհանրապես ցանկացած նման բանից հետո նայում են, թե ով է շահել։ Իսկ ո՞վ է շահել հոկտեմբերի 27-ից, հաստատ ժողովուրդը և պետությունը չեն շահել։ Շահել են մարդիկ, որոնք իրենց իշխանությունը անգլիական թագուհուց վերածել են կայսրի։ Քոչարյան Ռոբերտը հայտարարում էր, որ սա ուչաստկովիի գործ է, դե եթե ուչաստկովիի գործ էր, թող չխանգարեր, թողներ բացահայտեին։ 

– Ինքը խանգարողներից մե՞կն է եղել։

– Իշխանությունը խանգարել է, որ բացահայտվի, ցանկություն չեն ունեցել՝ Ջհանգիրյանին հեռացնելով քննությունից, Արամ Սարգսյանին հեռացնելով վարչապետությունից։

– Ի՞նչ է խանգարել այսքան տարի այս գործի բացահայտման համար։ Քոչարյանից հետո մյուս իշխանությունները նույնպե՞ս չեն ցանկացել, որ այն բացահայտվի։ 

– Իշխանությունների կողմից կամք չկար, դրա համար էլ չբացահայտեցին։ Միշտ սպասում եմ, որ նոր իշխանություններն այդ ուղղությամբ քայլեր պետք է անեն։ 

Ես բազմիցս հրապարակային հայտարարել եմ՝ մինչև չտրվեն հոկտեմբերի 27-ի հարցերի պատասխանները, երկիրն ապագա չունի և չի կարող ունենալ։ 

– Միայն քաղաքական կամքի՞ խնդիր է, թե՞ հնարավոր է պայմանավորված լինի դրսի գործոնով։ Արդյոք հենց այս հանգամանքո՞վ չի պայմանավորված մինչև այսօր չբացահայտելը։

– Դեռ թող ստուգեն, տեսնեն՝ դրսի գործո՞ն է, թե՞ դրսի գործոն չէ։ Հեշտ է, չէ՞, ուրիշի վրա գցելը։ Դու քո տեղում ի՛նչ ես արել, այդ մասին խոսիր, ի՛նչ ես արել, որ փարատես ժողովրդի կասկածը։ Քանի գնացել, ժողովրդի կասկածը խորացել է, դրա համար Ռուսաստանին են մեջտեղ բերում, իշխանությանն են մեջտեղ բերում։ Առաջին հերթին հենց իշխանությանն էր պետք, որ բացահայտվի, որովհետև, կրկնում եմ, իրենց հասցեին ժողովրդի մեջ լուրջ մեղադրանքներ կան ժողովրդի կողմից։

Երկու տարի առաջ Անահիտ Բախշյանը դիմեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին խորհրդարանական լսումներ անցկացնելու, բայց դա նույնպես մերժվեց։ Ի՞նչն է հետ պահում նոր իշխանությանը։

– Պետք է իրենց հարցնել, թե ինչո՛ւ շահագրգռված չեն, չեն ուզում բացահայտել։ Այսօր պարզապես ուժային կառույցներին, համապատասխան մարմիններին հրահանգել, որ գործի քննություն կատարեն, քանի որ գործը չի փակվել։ Այն ժամանակ նման փորձ արեցին, մեր փաստաբան Աշոտ Սարգսյանն էլ միջնորդություն ներկայացրեց, դատավորն անընդհատ մերժում էր, իսկ հետո գիտե՞ք ինչ եղավ այդ դատավորի ճակատագիրը, դատավոր Ուզունյանը գնաց դատարանի նախագահ դարձավ։ Դրա համար եմ միանշանակ պնդում, որ իշխանությունները չցանկացան բացահայտել։ Վազգեն Մանուկյանն էլ հայտարարում էր, թե սա ռոմանտիկների գործ է։

– Շատ է քննարկվում, որ հոկտեմբերի 27-ը կանխեց Մեղրիի տարբերակը։ Ի՞նչ է ձեզ հայտնի։

– Կարծիք կա, որ Մեղրիի հարցը կապված է հոկտեմբերի 27-ի հետ, և այդ կարծիքն ապրելու իրավունք ունի, որովհետև այդ օրերին լրջորեն քննարկումներ էին ընթանում Մեղրիի հետ կապված, որին ընդդիմանում էին Կարեն Դեմիրճյանը և Վազգեն Սարգսյանը։ Այստեղ թաքցնելու բան չկա, բոլորը գիտեն։

Բոլորը գիտեն, թե ինչպես է Անվտանգության խորհրդի նիստից հետո Կարեն Դեմիրճյանը վրդովված նստում մեքենան, ասում՝ այդ սրիկաները Մեղրին ուզում են տան։ Քոչարյանի հայտարարությունը կա, որում նա ասում է՝ Մեղրին ի՞նչ է, մի քարքարոտ երկիր է, էլի։ Օսկանյանն էլ նշում է, որ այն ժամանակ Մեղրիի հարցը կար։ Շատերը հանելուկային ձևով մահացան, ոմանք՝ ԱՄՆ-ում, որոնք կարող էին լուրջ վկայություններ տալ։

Մանե Հարությունյան

MediaLab.am