Ռուսաստանը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը հնարավորինս արագ կկարգավորվի

Ռուսաստանը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը հնարավորինս արագ կկարգավորվի, և այս հակամարտության շուրջ էմոցիոնալ ֆոնը կվերադառնա իր բնականոն հունին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՝ մեկնաբանելով այն տեղեկությունը, որ հայ-ադրբեջանական հակամարությունը ազդել է Ռուսաստանի առևտրի շուկայի վրա։

Մամուլի քարտուղարը նշել է, որ Մոսկվայում և ընդհանրապես Ռուսաստանում ապրում եմ շատ հայեր և ադրբեջանցիներ, ովքեր ունեն ՌԴ անձնագիր, և նրանք բոլորն էլ Ռուսաստանի Դաշնության պարկեշտ քաղաքացիներ են, նրանք բոլորն էլ հասարակության հարգված անդամներ են: «Բայց ակնհայտ է, որ հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիան չի կարող այս քաղաքացիներին անտարբեր թողնել, և, իհարկե, նրանք էմոցիոնալ կերպով ցույց են տալիս իրենց արձագանքը», – նշել է Պեսկովը:

Մոսկվայի ամենամեծ մեծածախ շուկաներից մեկից՝ «Ֆուդ Սիթի» գյուղատնտեսական ապրանքների շուկայից հուլիսի 16-ի գիշերը հանել էին հայկական ապրանքներով բեռնված ֆուռերը. որոշ մատակարարներ ահազանգում էին, որ մթերքն արդեն փչացել է: Կասկածներ կային և հետո հաստատվեցին, որ այդ ամենի հետ կապ ունեին ադրբեջանցիները, մասնավորապես շուկայի սեփականատերերից մեկը, որն արմատներով ադրբեջանցի է։ Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ուսաստանաբնակ հայերը մոբիլիզացվել, տասնյակ կիլոմետրեր կտրել, հասել և գնել են Մոսկվայի մեծածախ «Ֆուդ Սիթի» շուկայից դուրս հանված ֆուռերում եղած ամբողջ հայկական ծիրանը: