Վերջին շրջանում Հայաստանում ի հայտ եկած կարմրուկի պատվաստանյութն առկա է բոլոր պոլիկլինիկաներում, իսկ պաշարներն անընդհատ համալրվում են՝ ասում է ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը՝ ի պատասխան Երևանի տարբեր պոլիկլինիկաներից ստացված մտահոգիչ լուրերի, թե կարմրուկի պատվաստանյութը սպառվել է։
«Գուցե այդ պահին պատվաստանյութ չի եղել, բայց տվյալ պոլիկլինիկան կարող է, օրինակ՝ մեկ ժամ հետո արդեն ստանալ պատվաստանյութի նոր խմբաքանակը, որովհետև դա անընդհատ գործընթաց է, իսկ քաղաքացիների շրջանում պատվաստման պահանջարկն այս պահին բարձր է, ուստի պատվաստանյութի արագ սպառման հավանականությունը մեծ է»,- «Մեդիալաբին» ասում է մասնագետը։
Գրիգորյանի խոսքով՝ կարմրուկի դեպքերի լոկալ բռնկումը այժմ հաջողվում է կանխել և տեղայնացնել՝ շնորհիվ իրականացված համալիր գործողությունների։
«Այս պահին շարունակվում են լոկալ բռնկումը տեղայնացնելուն ուղղված քայլերը, և արդեն կան մարման միտումներ։ Այսինքն՝ հիվանդությունն արդեն կառավարելի է, և մեր ձեռնարկած միջոցառումները տալիս են իրենց պտուղները»,- ասում է նա։
ՀՀ առողջապահության նախարարության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանում մարտի 13-ի դրությամբ արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի 50 դեպք։ Աղբյուրը տեղեկացնում է՝ կարմրուկով հոսպիտալացված վարակակիրներից 44-ը պատվաստված չեն եղել, 4-ը պատվաստված են եղել 1 դեղաչափով, 2-ը՝ 2 դեղաչափով:
Սվետլանա Գրիգորյանի խոսքով՝ վարակակիրների նկատմամբ սահմանվել է ամենօրյա բժշկական հսկողություն, իսկ յուրաքանչյուր կասկածելի դեպք ստացել է համապատասխան մոտեցում և արձագանք։
Կանխարգելիչ միջոցառումների շարքում Գրիգորյանն առանձնացնում է նաև ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ իրականացվող համաճարակային ֆիլտրացիայի գործընթացը հանրակրթական բոլոր դպրոցներում և մանկապարտեզներում։
«Կրթական հաստատություն մուտք գործելուց առաջ բոլոր երեխաները անպայման ջերմաչափվում են և ենթարկվում արտաքին զննության, որպեսզի կարմրուկին բնորոշ ցանի առկայության դեպքում հիվանդությունն արագ հայտնաբերվի և կանխվի։
Բացի այդ, պատվաստումներ չստացած երեխաների ծնողներին բուժաշխատողները հորդորում են իրենց երեխաներին տանել պլանային պատվաստման, բացատրում են կարմրուկի ծանր հետևանքները և հնարավոր բարդությունները։ Այս ամենից հետո ծնողն արդեն ինքն է որոշում՝ պատվաստե՞լ իր երեխային, թե՞ ոչ»,- ասում է մասնագետն ու ընդգծում՝ Հայաստանում այսօր նկատվում է պատվաստումների դրական տեղաշարժ։
«Մենք ունենք բնակչության շրջանում պատվաստվածության բավական բարձր ցուցանիշ, որի արդյունքում ձևավորվել է կոլեկտիվ իմունիտետ, որն էլ թույլ չի տալիս վիրուսին ավելի մեծ տարածում գտնել։
Վերջին շրջանում բնակչության շրջանում դիտվում է պատվաստումների նկատմամբ պահանջարկի աճ, ինչը ևս դրական միտում է, որը նպաստում է հիվանդության կանխարգելմանը։ Նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է պատվաստվել այն անձանց, որոնք ենթակա են պատվաստման»:
Անի Մարտիրոսյան
MediaLab.am