ԱՄՆ ՄԶԳ փոխկառավարչի հետ քննարկվել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցության հարցում համագործակցության ընդլայնումը

ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարչի տեղակալ Էրին ՄըքՔիի հետ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, հանդիպման ընթացքում, որը կայացել է Վաշինգտոնում՝ ԱՄՆ ՄԶԳ (USAID) կենտրոնական գրասենյակում, քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության գործընթացում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Նախարար Մկրտչյանը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ուղղված սոցիալական աջակցության միջոցառումները՝ ընդգծելով նրանց կարիքների գնահատման հիմքով՝ ՀՀ կառավարության կողմից մշակվող ծրագրերի կարևորությունը․ այս համատեքստում կարևորվել է նաև ԱՄՆ ՄԶԳ հետ համագործակցությունը։         

Ըստ աղբյուրի՝ Էրին ՄըքՔին ևս, ընդգծելով տեղահանված անձանց աջակցության ուղղությամբ ջանքերի մեկտեղման անհրաժեշտությունը, շեշտել է, որ գործակալությունը պատրաստակամ է շարունակական աջակցություն տրամադրել հայկական կողմին՝ հումանիտար կարիքների բավարարմանը, ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը, ինչպես նաև տնտեսության զարգացմանն ուղղված աշխատանքներում։    

Նշվում է, որ հանդիպման շրջանակում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից սահմանված առաջնահերթություններին, ոլորտում իրականացված օրենսդրական բարեփոխումներին, ինչպես նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ համատեղ կազմակերպվող նախաձեռնություններին։