«Խոսում ենք պատմական մինիմումի մասին և չանցած մի քանի օր ունենում ենք կրկնակի թվով զոհեր, դա նշանակում է, որ մենք չենք ճանաչում խնդիրը». Իրավապաշտպան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը

– Տիկի՛ն Հովհաննիսյան, բանակում վերջին 13 օրում 7 զոհ ենք ունեցել։ Սա ինչի՞ մասին է վկայում, որ բանակում բարեփոխումներ չե՞ն իրականացվում, իշխանությունը հապաղո՞ւմ է, չունի՞ ռազմավարություն, թե՞ առաջնային խնդիրները երկրորդականներից չի տարբերում:

– Բոլոր երեքը միասին առկա են, որովհետև համակարգային  խնդիրներն անտեսվելու պարագայում է միայն, որ էսպիսի իրավիճակ կարող է լինել։

 Այս թվով զինվորների մահը այսքան կարճ ժամանակահատվածում ցույց է տալիս, որ մենք բանակում ունենք ոչ միայն համակարգային խնդիր, այլ նաև այդ խնդիրը չճանաչելու, այդ խնդիրը լուծելուն ուղղված քայլեր չձեռնարկելու մոտեցում, գուցե՝ անգործություն կամ անտարբերություն: 

Մենք տեսնում ենք, որ երբ պետք է որևէ համակարգային խնդիր լուծել, այսօրվա իշխանությունը որևէ բանի առջև կանգ չի առնում, օրինագծեր է ընդունում, անգամ հանրաքվեներ է նախաձեռնում, բայց այն խնդիրը, որ կապված է յուրաքանչյուր քաղաքացու հետ, քանի որ գրեթե ամեն ընտանիք ունի կամ կունենա զինծառայող, անտեսվում է։ 

Այո՛, չեն ճանաչում խնդիրը, որովհետև ընդամենը այս զոհերի մեծ թվի ի հայտ գալուց առաջ երկրի ղեկավարը հայտարարել էր, որ բանակում մահերի թվով պատմական մինիմումի ենք հասել: 

Դա ինձ համար, իհարկե, էթիկական մեծ խնդիր է, որովհետև խաղաղ պայմաններում ցանկացած զինծառայողի մահը պետք է լինի համակարգի ոչ միայն սուր գնահատական, որ չի կարողացել պահպանել մարդու կյանքը, այլև խստագույնս դատապարտում։

Մենք խոսում ենք պատմական  մինիմումի մասին և չանցած մի քանի օր ունենում ենք կրկնակի թվով զոհերի ավելացում։ Դա նշանակում է, որ մենք չենք ճանաչում խնդիրը։ Խնդիրը ոչ թե այն է, թե քանի՛ զոհ է եղել, այլ ինչո՛ւ են լինում այդ զոհերը։ Ինչո՞ւ է հնարավոր, որ երկրում խաղաղ պայմաններում սպանվեն զինծառայողներ, ինքնասպան լինեն կամ առողջական խնդիրներով մահանան, կամ ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով, կամ պատահարների։ 

Սա նշանակում է, որ մենք չենք ուզում ճանաչել համակարգային խնդիրը և չճանաչելու պատճառով էլ չենք ուզում նաև մշակել այն քաղաքականությունը, որը կկանխարգելի դրանք։

– Տեսակետ կա, որ պատճառը վերահսկողության բացակայությունն է։ Բացի այդ, պետք է ավելի հաշվետու լինել, թափանցիկ, մինչդեռ քննչական կոմիտեն մի քանի ժամ լռում էր, որևէ տեղեկատվություն չէր հայտնում տեղի ունեցածի հետ կապված։

– Ընդհանրապես վերջին մեկ տարվա ընթացքում կարծես թե պետական մարմիններում միտում է գնում կոծկելու, ծածկելու, որպեսզի հեղափոխության «ձեռքբերումները» չստվերվեն: Որովհետև մեկ տարվա ընթացքում հնարավոր չէ այդ համակարգային խնդիրները լուծել, բայց պատկերը, կարծում եմ՝ հասարակության դժգոհության ալիք չառաջացնելու կամ ուշադրությունը չշեղելու խնդիր է հետապնդում, քանի որ այժմ համակարգը զբաղված է բոլորովին այլ խնդիրներ լուծելով, և բանակի վրա ուշադրություն հրավիրելը ցանկացած տեղեկատվությամբ, նշանակում է շեղել հասարակության ուշադրությունը այն խնդիրներից, որոնց վերաբերյալ ամբողջ օրը քարոզչություն է տարվում:

– Ի՞նչ պետք է արվի բանակում առկա այս խնդիրները լուծելու համար: Տեսակետ կա, որ սպայական կազմը պետք է ամբողջովին վերափոխել, սպաներին ավելի մեծ լիազորություններ տալ: Ընդհանրապես, ինչպե՞ս պետք է հասնել բանակի առողջացմանը:

– Ամենակարևոր և համակարգային խնդիրը բանակի բարձրագույն անձնակազմի վերապատրաստումն է և հատկապես մարդու իրավունքների նկատմամբ զգայուն լինելը, որը, իմ գնահատականներով, կարծում եմ՝ չկա: 

Բանակն ինքնին առավելապես ընկալվում է որպես զինվորական կառույց, այլ ոչ իրավապաշտպան կառույց: Ես կարծում եմ, որ բանակը իր ամբողջ պատկերացմամբ և նաև հանրային պատկերացմամբ ու ընկալմամբ պետք է վերափոխվի որպես իրավապաշտպան կառույցի, որովհետև պաշտպանում է երկրի սուվերեն իրավունքը, ուստի որևէ անձ, որը գտնվում է բանակի ներքո, չպետք է ունենա խախտված իրավունք: 

Այսինքն՝ իրավունքը պետք է լինի այդ կառույցի առանցքը, սակայն մենք այսօր տեսնում ենք, որ այդպես չի ընկալվում: Մենք տեսնում ենք, որ բանակը ռազմականացված, խիստ ավտորիտար կառույց է ընկալվում, որտեղ մարդկանց իրավունքը երկրորդական է դիտարկվում, որտեղ հրաման կատարող գործիք զինվորը դիտարկվում է որպես այդ համակարգի միակ և հիմնական առանցքը:

Բանակը պետք է լինի իրավապաշտպան կառույց, նաև պետք է իրականացվի բարձր կրթական աշխատանք բանակում: Քանի որ մենք փորձում ենք բանակը դիտարկել որպես ոչ այնքան կիրթ մարդկանց վայր, այսինքն՝ բավական է, որ մարդիկ զորակոչվեն բանակ, կարևոր չէ, թե ինչ կրթական ցենզ ունեն, մենք պետք է բանակում կատարենք նաև շատ խոր կրթական աշխատանք, որովհետև մենք տեսնում ենք, որ կրթական հաստատությունները բավարար գիտելիք չեն տալիս մարդու իրավունքների վերաբերյալ, և փակ կառույցներում այդ ամբողջ բացերը դառնում են ավելի ակներև:

Մանե Հարությունյան

MediaLab.am