Ալիևի ասած ռևանշիզմը շատ ավելի լայն է ու խորքային, ոչ թե պարոն Պապոյանի ներկայացրած պրիմիտիվ ձևով․ Արմեն Հովհաննիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը 

– Պարո՛ն Հովհաննիսյան, Ադրբեջանի ղեկավարը հայտարարել է, որ «Հայաստանը պետք է մոռանա Ղարաբաղի և ռևանշի մասին»: Իլհամ Ալիևի այս հայտարարությունը մեկնաբանելով՝ իշխանական պատգամավոր Գևորգ Պապոյանն ասել է հետևյալը․ «Եթե պետք է ռևանշ լինի, էլ ի՞նչ խաղաղության պայմանագիր, սա՝ մեկ։ Երկրորդը՝ պետք է հասկանանք՝ եթե ուզում ենք, որ Հայաստանն ամրապնդվի երկար ժամանակ, այստեղ պետություն, պետականություն, անկախություն լինեն, ապա այդ ճանապարհն ուղիղ անցնում է հարևանների հետ երկխոսության միջոցով»։ 

– Պարոն Պապոյանը գուցե իր անձնական կամ ՔՊ-ի գերակշռող մասի կարծիքն է արտահայտում, դա իրենց գործն է, բայց հիշեցնենք, որ ժողովրդավարության պարագայում Հայաստանի քաղաքացին է որոշելու, թե Հայաստանն ինչպիսի քաղաքականություն է վարելու։ Ռևանշիզմ այն պրիմիտիվ ձևով, որ ներկայացնում է պարոն Պապոյանը, այսինքն՝ մենք հավաքվենք, հարձակվենք հարևան երկրների վրա ու ինչ-որ հարցեր լուծենք, բնականաբար, Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ, բայց Ալիևի ասածը շատ ավելի լայն է, շատ ավելի խորքային։ 

Ռևանշիզմը բացառելու լավագույն ձևը Հայաստանի դիսֆունկցիոնալության ապահովումն է: Ըստ պարոն Ալիևի՝ Հայաստանը պետք է լինի ռազմաքաղաքական հաշմանդամ՝ սուվերենության ու ինքնուրույն որոշումներ կայացնելու տեսանկյունից։ Սա է Ադրբեջանի ուզածը ու չի էլ թաքցնում, որ Հայաստանը սերունդներ հետո էլ այս կերպ լինելու է անվտանգ: Եթե իշխող կուսակցությունը, պարոն Պապոյանի մասնակցությամբ, կիսում է այդ մոտեցումը, թող բացահայտ դրա մասին ասեն, մտահոգիչ բաներ արդեն ասում են, օրինակ՝ վարչապետն ասում է, որ ռազմաքաղաքական բալանսի վերականգնումով չի հաստատվում խաղաղությունը, այլ՝ հարևանների հետ համապատասխան բարիդրացիական հարաբերություններով, ինչը քաղաքագիտության տեսանկյունից շատ կասկածելի թեզ է, որը հիմք է տալիս մտածելու, որ մեր կառավարությունը կիսում է Հայաստանի վերաբերյալ պարոն Ալիևի տեսլականը:

Խնդիրն այն է, որ աշխարհը, մասնավորապես, Արևմուտքը, Հնդկաստանը, ինչ-որ չափով՝ Իրանը չեն կիսում այդ տեսլականը ու ամեն կերպ պատրաստ են նպաստելու, որ տարածաշրջանում վերականգնվի ռազմաքաղաքական բալանսը, որը հենց ըստ պարոն Ալիևի հավասար է նպաստելուն, որ Հայաստանում ինչ-որ մի փուլում սկսվի ռևանշիզմ: Նրա տեսանկյունից՝ հայկական արբանյակ բաց թողնելն էլ է ռևանշիզմ, որովհետև «ծնկի իջած Հայաստանը երբեք էլ չպետք է ոտքի կանգնի»: Սա է նրա կոնցեպտը, ու թող կառավարող կուսակցության ներկայացուցիչները գեթ մեկ անգամ անկեղծ լինեն իրենց քաղաքացիների հետ ու հանդես գան հայտարարությամբ՝ արդյոք Հայաստանի վերաբերյալ այդ պատկերացումը իրենք կիսո՞ւմ են, թե՞ ոչ։ 

– Դե, իրենք ասում են, որ այժմ արվող բոլոր քայլերը միտված են Հայաստանի ինքնիշխանության ամրապնդմանը։

– Հայաստանի ինքնիշխանությունը պահպանելու համար նախադրյալներ են անհրաժեշտ, փոխանակ մարդկանց համոզեն, որ ինքնիշխանության պահպանման նախադրյալները միայն ծնկի իջնելն է, հարևանների արածները մոռանալն ու իրենց օրակարգով ապրելը, պետք է սովորեցնեն, որ դրա համար պետք է լինել ուժեղ, զարգացած, այս աշխարհում ունենալ բարեկամներ ու համապատասխանել զարգացման բարձրագույն հնարավոր չափորոշիչներին, որոնք մեզ առաջարկում է արևմտյան աշխարհը։ Այ սա է ինքնիշխանության ամրապնդման նախադրյալը, այլ ոչ թե Ալիևին ու Էրդողանին հաճոյանալը։ 

– Պարո՛ն Հովհաննիսյան, եթե կառավարող ուժը համաձայնի Ադրբեջանի այդ պահանջով ստորագրել խաղաղության պայմանագիրը․․․

– Իրենք արդեն համաձայն են, ինչի մասին է խոսքը, ես գիտեմ, որ Հայաստանի կառավարությունը պաշտոնապես համաձայն է ստորագրել պայմանագիր, որում Արցախի հարցն ուղղակիորեն կամ անուղղակիորեն չի հիշատակվում: Սա փաստ է, մենք պետք է դա հասկանանք, բայց կա այլ խնդիր․ կա՛մ դա արվում է արևմտյան հարթակներում, ու Արևմուտքը, փաստորեն, բացահայտ կերպով իր վրա է վերցնում Արցախի հարցի կարգավորումը միջազգային իրավունքի ու մարդու իրավունքների շրջանակներում, կա՛մ պառկեցնում ենք մեր շահերը, մեր հայրենակիցների ոտնահարված իրավունքները Ադրբեջանի, Թուրքիայի ու Ռուսաստանի ոտքերի տակ, իսկ մենք էլ դառնում ենք ընդամենը խաչմերուկ իրենց փոխադարձ հարաբերությունների համար։ 

Հիմա խնդիրն այն է, թե ո՛ր ճանապարհով կգնա Հայաստանը, փառք Աստծո, Արևմուտքն այսօր ունի լծակներ, այս կառավարության, կներեք, օձիքից բռնած քարշ է տալիս առաջին սցենարով, բայց որքա՞ն կհերիքի Արևմուտքի այդ հնարավորությունը, եթե նկատի ունենանք, որ օբյեկտը բոլոր հնարավոր ձևերով դիմադրում է, ես այդ աստիճան խոր կանխատեսում անելու ի վիճակի չեմ։

– Իսկ եթե գնան ձեր ասած երկրորդ սցենարով, դա որքանո՞վ է Հայաստանի համար լինելու խաղաղության պայմանագիր։

– Դա լինելու է Հայաստանի վերջի սկիզբը, դա իրե՞նց օրոք կլինի, հաջորդի՞, թե՞ երկու կառավարություն այն կողմ, հետևանքը կտեսնենք: Մենք հիմա տեսնում ենք, չէ՞, ժամանակին ԱՊՀ, ՀԱՊԿ մտնելն ինչի հասցրեց, իսկ այդ գործընթացը տևեց երեսուն տարի, որ դրա հետևանքները տեսնենք: Ա՛յ իրենց արածների հետևանքները մե՞կ, թե՞ երեսուն տարուց հետո կտեսնենք, չեմ կարող ասել, բայց որ տեսնելու ենք, եթե այդպես վարվեն՝ չեմ կասկածում։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am